Շանթին ազատ արձակելու համար պետք է քաղաքական կամք

2013թ․ նոյեմբերին Երեւանի կենտրոնում «Արժեքների հեղափոխության» փորձ իրականացրած եւ առ այսօր անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի ճակատագիրն, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, այլ կերպ դասավորվեց։ Նա շարունակում է մնալ բանտում ապրիլյան հեղափոխությունից հետո էլ, երբ ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը եւ Շանթ Հարությունյանը ժամանակին, 2008թ․ մարտի 1-ին, միասին են եղել Մյասնիկյանի արձանի մոտ, ժողովրդի կողքին, հետո ազատազրկվել եւ դատապարտվել են «Յոթի գործով»։

Հետագայում ազատ են արձակվել։ Երբ Շանթ Հարությունյանը 2013թ․ նոյեմբերին ձերբակալվեց, իսկ հետո կալանավորվեց, Նիկոլ Փաշինյանը ԱԺ միակ պատգամավորն էր, որ այցելում էր նրան բանտում։ Նա նաեւ մասնակցում էր Շանթի եւ նրա ընկերների գործով դատական նիստերին։ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Շանթը պահանջում է, որ իրեն արդարացնեն, քանի որ ինքը քաղբանտարկյալ է։ Միայն այդ պայմանով է նա համաձայն դուրս գալ բանտից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ մինչեւ վարչապետ ընտրվելն էր հայտարարել, որ ինքը ոչ մի ազդեցություն կամ լծակ չունի դատական համակարգի վրա։ Շանթ Հարությունյանը նաեւ մամուլի ասուլիս է պահանջել, Նիկոլ Փաշինյանն էլ ընդառաջել է՝ ասելով, որ օրենքով սահմանված կարգով այդ հնարավորությունը կընձեռեն նրան։

Շանթ Հարությունյանի ընկերներից Ալեք Պողոսյանը, որը նույնպես դատապարտվել էր «Արժեքների հեղափոխություն» իրականացնելու պատճառով, իսկ անցյալ տարվա նոյեմբերից, պատժի ժամկետը լրանալուն պես, ազատության մեջ է, մեզ հետ զրույցում նշեց․ «Ես էլ նույնը կանեի, լրիվ համամիտ եմ իր որոշման հետ։ Իրեն ասում են՝ թղթերը ստորագրի՛ր, դուրս արի՛։ Իսկ ես ասում եմ՝ պարո՛ն Փաշինյան, էդ թղթերը ստորագրելը ներում խնդրել է, եթե մենք ներում խնդրող լինեինք, չէինք էլ նստի։ Մեզ հա ասում էին՝ ներում խնդրեք, ազատվե՛ք, դուրս եկե՛ք, մեղք եք։ Բայց մենք այդ բանը չենք արել։ Մենք Սերժ Սարգսյանին ինչ ասես՝ ասել ենք, իրենից էլ ներում կխնդրեինք։ Նիկոլ Փաշինյանից ի՞նչ ներում խնդրենք։ Էդ ամեն ինչը խնդրագիր է, երբ խնդրում ես, որ վաղաժամկետ-պայմանականի հարցը վերանայեն։ Եթե էդ մարդը գտնում է, որ ինքը ճիշտ է արել, իր հայրենիքի համար է արել, ինչի՞ պետք է ներում խնդրի»։

Նկատեցինք, որ նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանը համաձայնել էին կիսաբաց ռեժիմին։ «Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանը ոչ մի ներում չեն խնդրել։ Իրենք իրենց ներդրումն են ունեցել համաժողովրդական շարժման մեջ։ Շանթ Հարությունյանը հեղափոխության օրերին հացադուլ է հայտարարել։ Հիմա ես կարո՞ղ եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը նույն կերպ է վարվում, ինչ՝ Սերժ Սարգսյանը»,- հարցնում է մեր զրուցակիցը։ Հակադարձեցինք, որ եթե Նիկոլ Փաշինյանը միջամտեր դատական գործընթացներին, ուղղորդեր իրավապահ մարմիններին, ապա Ռոբերտ Քոչարյանը երկշաբաթյա կալանքից հետո չէր հայտնվի ազատության մեջ։

«Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում էր Ռոբերտ Քոչարյանին տեսնել ազատության մեջ։ ՌԴ-ն է երեւի միջամտել»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Ալեք Պողոսյանը պնդում է, որ Շանթ Հարությունյանի պահանջն անօրինական չէ, պետք է ստեղծել հանձնաժողով եւ պարզել, թե ով է քաղբանտարկյալ, ինչ պետք է անել։ Կամ՝ Գլխավոր դատախազությունից պետք է պահանջեն սկսել գործընթաց, վերանայեն նրա գործը, օրինական ձեւով քննեն գործը։ «Աշխարհում ընդունված ձեւ կա՝ քաղբանտարկյալը կալանավորվում է քաղաքական վճռով, ազատ է արձակվում քաղաքական վճռով։ Դա եղել է եւ՛ Վրաստանում, եւ՛ Ուկրաինայում։ Իսկ Ֆրանսիայի օրինակը շատ վառ է։ Ֆրանսիացիները նշում են ոչ թե իրենց հեղափոխության օրը, այլ Բաստիլի գրավման օրը։ Բաստիլում նստել են թագավորական ռեժիմին իրենց անհամաձայնությունը հայտնած անձինք, այնտեղ նստած են եղել քաղկալանավորներ։ Եվ ֆրանսիացիները հատուկ նշում են քաղբանտարկյալների ազատ արձակման օրը։ Ընդամենը քաղաքական կամք է պետք՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու համար»,- ասաց Ալեք Պողոսյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X