Կայցելի՞ վարչապետը Գյումրի՝ տոնելու քաղաքի օրը

Սեպտեմբերի 30-ին Գյումրին կտոնի քաղաքի օրը: Յուրաքանչյուր տարի կարգախոս է ընտրվում: Այս տարի, քանի որ լրանում է 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցը, քաղաքի խորագիրն է՝«Վերածնվող Գյումրի»-ն: Յուրաքանչյուր տարի քաղաքը շքեղ է տոնում օրը, գյումրեցիներն առանձնահատուկ են պատրաստվում օրվան: Գյումրու քաղաքապետարանում արդեն երկրորդ հանդիպումն է կազմակերպվում՝ միջոցառման աշխատանքները քննարկելու նպատակով: Միջոցառման մեկնարկն առավոտ կանուխ տալու են ջրցան մեքենաները, որոնք կլվան քաղաքը փոշուց: Այնուհետև ողջ օրը քաղաքի տարբեր մշակութային հաստատություններում ցուցահանդեսներ եւ թատերական բեմականացումներ են լինելու:

Այս տարի էլ մայրաքաղաքից հրավիրյալներ են լինելու, հատկապես արտիստներ, ովքեր երեկոյան Վարդանանց հրապարակում եզրափակիչ համերգին իրենց մասնակցությունն են ունենալու: Հատկանշական է, որ դեռևս ոչ Շիրակի մարզպետարանում, ոչ էլ քաղաքապետարանում խոսակցություններ չկան այն մասին, թե կառավարությունից եւ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր են ցանկություն հայտնել գալ Գյումրի՝ գյումրեցիների հետ տոնելու քաղաքի օրը:

«Սա այնպիսի օր է, որ հատուկ հրավեր որևէ մեկին չպետք է ուղարկես, հայտարարված է, բոլորն էլ գիտեն, եւ ով ցանկություն կամ ժամանակ ունի, այցելում է, ամեն տարի էլ այդպես է եղել»,-ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը՝ չհերքելով, որ անցյալ տարի դեռ մեկ ամիս առաջ էին տեղեկացված նախագահի այցի մասին և հատուկ էին պատրաստվում:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երկար դադարից հետո անցյալ տարի հոկտեմբերի մեկին ՝ քաղաքի օրը, Գյումրի այցելեց եւ 100մլն դրամ էլ նվիրատվություն արեց: Խոսակցությունների համաձայն՝ չի բացառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես քաղաքի օրը Գյումրի կայցելի, սակայն պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Գյումրեցիները կարծում են, որ վարչապետը հնարավոր է անակնկալ անի եւ առանց նախապես զգուշացնելու հանկարծակի հայտնվի, ի վերջո Գյումրին է՝ վարչապետի համար խորհրդանշական ու խերով քաղաք է:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X