Սասունի աստեղային ժամն ու նրա որդու «աստղային» պահվածքը

Օգոստոսի 25-ին Հրազդանում քաղաքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ, արցախյան եւ ապրիլյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Բացման արարողությանը ներկա էր հայաստանյան ողջ իշխանական էլիտան՝ կառավարության անդամներ, մարզպետներ, ՀՀ ստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, ԵԼՔ-ից՝ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արտակ Զեյնալյանը: Հուշարձանի վերանորոգումը սկսվել էր երկու տարի առաջ՝ նախկին իշխանությունների օրոք: Ինչպես ՀՀԿ-ի իշխանության ժամանակ էր լինում, մի պատրվակով իրար գլխի հավաքվելը, այնպես էլ հիմա՝ այն պարզապես լավ առիթ է որոշ մարդկանց կամ հասարակության այս կամ այն շերտին որոշակի մեսիջներ հղելու:

Այս միջոցառման հիմնական մեսիջն ուղղված էր հրազդանցիներին, հասկացնելու համար, որ Հրազդանը այսուհետ Սասուն Միքայելյանինն ու նրա գերդաստանինն է, այստեղ արդեն «ասողը» իրենք են լինելու: Հուշարձանի բացման պատվին էին արժանացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ վերջինս արցախյան պատերազմի տարիներին եղել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատարը: Միջոցառումն ուներ նաեւ համերգային մաս, որը ողողված էր «սասունապաշտական» երգերով, որոնց մեջ հիշատակվում էր «Սասուն» անունը: Ամենահետաքրքիրը, սակայն, պաշտոնական այրերի համար նախատեսված ֆոյեի նստարանների ու աթոռների դասավորությունն էր: Կառավարության՝ հենց վարաչապետի նստարանի առջեւ դրված էր մի աթոռ, որտեղ միայնակ, հռոմեական կայսրի նման փառահեղ նստել էր Սասուն Միքայելյանն՝ իր թոռնիկի հետ: Այդ դիրքը, կարծես թե, ստվերում էր Փաշինյանի ներկայությունը եւ կարեւորությունը Հրազդանում: Թե ո՞վ է, պրոտոկոլային այդ կարգի հեղինակն ու նախաձեռնողը, հայտնի չէ, բայց ակնհայտ էր, որ բավականին տգեղ էր ու մյուս ներկաների համար, հավանաբար, վիրավորական:

Ըստ ականատեսների, Սասուն Միքայելյանից առավել իրեն լավ էր զգում նրա որդին, ով անգամ խանգարում էր այնտեղ աշխատող լրագրողներին: Ինչպես մեզ հայտնեց Meganews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը, ինքը խնդրանքով դիմել է վարչապետի անվտանգության աշխատողին, որպեսզի երիտասարդին ասեն՝ բացի իրենց տեսադաշտը՝ նկարահանում իրականացնելու համար: Վերջինս, շրջվել եւ լրագրողին ասել է. «Իյա, ի՞նչ անեմ, արա՜»: Տիկին Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ապշած էի այդ երիտասարդի նման պահվածքից, հետո պարզեցի, որ նա պատգամավորի որդին է, անունը՝ Մեխակ»: Այդ պահվածքի մասին խմբագիրը գրել է կայքում, որից հետո տարբեր մարդիկ, անգամ՝ հանցաշխարհի ներկայացուցիչներ, դիմել են իրեն, պահանջելով, խնդրելով՝ այդ նյութը հեռացնել կայքից: «Բայց ես չեմ պատրաստվում բավարարել իրենց ցանկությունը, քանի որ դա շատ անվայելուչ պահվածք էր առհասարակ, մանավանդ լրագրողների հանդեպ: Նման մարդիկ պետք է սովորեն իրենց կարգի բերել եւ հասարակական վայրում ճիշտ պահվածք դրսեւորել»,-ասում է Meganews.am-ի խմբագիրը:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X