Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկար

«ՀՔԾ-ն իրավունք ունի՞ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը իր մոտ պահել, թե՞ դա անօրինական է» հարցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց ուղիղ պատասխան տալ. «Դա պետք է նախաքննության մարմինը հիմնավորի եւ, եթե պաշտպանական կողմը համամիտ չէ, պետք է բողոքարկի: Ես պետք է հավաստե՞մ օրինականությունը»:

Արդյոք Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդո՞ւմ է հարցին Կոստանյանը պատասխանեց․«Ես որեւէ քրեական գործով մեղադրանքի չեմ անդրադառնում: Քաղաքական հետապնդման չափանիշները սահմանված են բազմաթիվ միջազգային փաստաթղթերով: Ես չեմ ուզում քննարկել»,- ասաց նա:

Այդուհանդերձ նա ի պատասխան հաջորդ հարցի վերահաստատեց ավելի վաղ արտահայտած կարծիքը՝ ասելով, որ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չի տեսնում․ «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմես ապրիորի, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ ինքը գլխավոր դատախազ է նշանակվել 2016-ի օգոստոսից եւ հիմա այդ պաշտոնում չէ:

«Այսինքն, ես չգիտեմ՝ դրանից հետո ինչ քննություն են իրականացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտությանը»,- ասաց նա: Նա չպատասխանեց պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ մեր հարցին, ինչպես նաեւ գնահատական չտվեց, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքին, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ չգիտի ոչ դատախազի միջնորդագրի, ոչ էլ դատարանի որոշման հիմքերը: Իսկ թե ինչպես ստացվեց, որ ՀՔԾ-ին իշխանափոխությունից հետո միայն հաջողվեց պարզել, որ կեղծվել են ապացույցներ, որի հիման վրա 2008թ-ին խաղաղ հավաքը բռնի ուժով ցրել են, Կոստանյանը նշեց, որ պետք է հարցնել ՀՔԾ-ին, թե ինչու հիմա հաջողվեց եւ նախկինում չէր հաջողվում:

Մեկնաբանություն
X