12 սպանությունները կարող են լինել ՇՄ դատախազության կողմից բացառապես ջոկած գործեր. Ռուզան Ադանալյան

Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են ընդհուպ տասնմեկ տարվա վաղեմության սպանության հատկանիշներով հարուցված՝ թվով 12 քրեական գործերի վարույթները: Գյումրիում 2014 թ-ին դաժանաբար սպանված 25-ամյա երիտասարդի՝ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը 4 տարի պայքարեց որդու սպանության գործը բացահայտելու համար: Դատավարությունն ավարտվեց, իսկ սպանված երիտասարդի մորը հուզող մի շարք հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: Տիկին Ռուզանը բազմիցս եւ գրավոր, եւ բանավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաև Շիրակ մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ որդու սպանության գործը օբյեկտիվ քննելու համար, սակայն իր խոսքերով, խնդրանքը մշտապես անտեսել են:

Ռուզան Ադանալյանի համար փոքր-ինչ տարօրինակ է, թե ինչ հիմունքներով եւ ինչու են հանկարծ որոշել վերաբացել վաղեմի կատարված սպանությունները, երբ իր որդու դեպքը, որն ավելի թարմ է, նույնպես բացահայտված չէ: «Պետք է նշեմ, որ Կ.Գաբրիելյանը, եթե իսկապես որոշել է 10-տարվա վաղեմությամբ սպանության գործեր վերանայել,ապա այդ տարիներին ինքը անձամբ աշխատել է ՇՄ քննչական վարչությունում որպես քննիչ,միգուցե իր վարույթում քննության առնված գործե՞րն է ցանկանում վերանայել արդեն որպես մարզի դատախազ: Փաստորեն 10-տարի առաջվա սպանության գործերը քննության են առնվել Շիրակի մարզի նախկին դատախազ Դավիթ Սարգսյանի օրոք,եթե չեմ սխալվում վերջինս պաշտոնավարել է 2004-2013թ.-ը:Շատ մեծ կլինի այդ գործերի վերաբացվելու և քննության ընթացքի մասին հանրության հետաքրքրությունը: Հիմա Կարեն Գաբրիելյանը վերաբացելու է Աղվան Գառնիկիչի և Դավիթ Սարգսյանի կողմից չբացահայտված սպանություննե՞րը...ըստ իս՝ դա կարող է ֆանտազիայի ժանրից լինել,դատախազության նկատմամբ վստահությունը լիովին կորցրած ժողովրդին գայթակղելու միջոց, լավագույն դեպքում՝ նոր իշխանությանը հավատ հաստատելու ժեստ: Բոլորը գիտեն, որ Արթուր Դավթյանը ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազ է, այլ նաև մի քանի մարզերի դատախազների քավոր,այդ թվում նաև Կ.Գաբրիելյանի քավորն է,սրանով ամեն բան ասված է »,-մեզ հետ զրույցում ասաց Ռուզան Ադանալյանը՝ հատուկ ընդգծելով.

«Միանշանակ վստահեցնում եմ ձեզ, որ 10-տարի առաջվա թվով 12 չբացահայտված սպանությունները կարող են լինել ՇՄ դատախազության կողմից բացառապես ջոկած գործեր, որոնք հարմար պահի կրկին կփակվեն»: Կնոջ պատմելով Շիրակի մարզի դատախազն օրերս իրեն գրություն է ուղարկել, ինչը զարմացրել է իրեն. «Մոտ 2-ամիս առաջ՝ հեղափոխության ֆոնին , Կ.Գաբրիելյանը քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպել, մի շատ հետաքրքիր գրություն էլ ինձ էր ուղարկվել կազմած՝ 13.06.2018թ.-ին, ուղարկված Երևան՝ 15.06.2018թ.-ին,որի համաձայն 16.06.2018-ին ՇՄ դատախազի մոտ ընդունելություն էր նշանակվել,մինչդեռ գրությունը փոստային բաժանմունք էր մուտքագրվել 18.16.2018թ.-ին: Հետևությունները թողնում եմ Ձեզ: Ասեմ,որ եթե անգամ ժամանակին ստանայի այդ գրությունը, միևնույն է չէի էլ գնա և ավելորդ ժամանակ, նյարդեր ու միջոցներ չէի սպառի՝ գիտակցելով, որ ընդունելությունը կրելու է ուղղակի երկրի իրավիճակից բխող ձևական բնույթ: Շուրջ 3-տարի է` ինձ հետ տեղի ունեցած ողբերգության պատճառով ստիպված եմ եղել շփվել այս համակարգի հետ, որը ժամ առ ժամ ավելի ու ավելի է դառնում վերջնականապես բարոյազրկված ու սպառված: Օրինակ` դատախազությունը չի կարողանում գտնել որդուս դանակի հարվածներ հասցրած հանցագործներից մեկին,ինչը ձևական բնույթ է կրում: Թմրանյութի գործ էին քննության առնում,քննվում է այնպես,ինչպես նախատեսված է գործի ելքով՝ տանել փակուղի, քանի որ թմրանյութը քննիչն ինքն է պարտակել,տանելով իր հետ դեպքի վայրից,մինչ օրս քննիչի վերաբերյալ նշված հանգամանքը չի ուղարկել ՀՀ ՀՔԾ,սպասում են մի 3-տարի էլ անցնի,կամ ուրիշի գույքը վնասելու, ապօրինի ոչնչացնելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՝ չկա քննություն, 3-տարի է ինչ ես չեմ հարցաքննվել որպես տուժող:Չեմ ուզում ծավալվել,քանի որ ձեր հրապարակումներում բազմիցս և մանրամասն անդրադարձել եք որդուս սպանության գործին,անգամ Կ.Գաբրիելյանի վերաբերյալ տրված հաղորդման մասին »,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից 12 սպանության հետ կապված մեր հարցմանը պատասխանեցին, որ դեռևս որևէ տվյալներ չեն կարող տրամադրել: Մեր տեղեկություններով դրանց թվում են Գյումրիում կատարված մի շարք սպանություններ, որոնք ժամանակին ընթացան աղմկահարույց դատավարություններով:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X