Առաջին անգամ պետք է գնանք ընտրությունների, որի հիմքը պետք է լինեն ազնվությունը, փոխադարձ հարգանքը, ընտրակաշառքների բացառումը

Ավագանու ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերի ցուցակներում շատ են նաեւ արվեստի, մշակույթի մարդիկ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է նաեւ երաժիշտ, հեղինակ կատարող Լիլիթ Պիպոյանը․ ««ՔՊ»-ից ինձ զանգեցին եւ առաջարկեցին ընդգրկվել ցուցակում, մինչ այդ իմ մտքով չէր էլ անցնում, չնայած իմ խառնվածքին համապատասխան է այդ աշխատանքը։ Միշտ ակտիվ եմ եղել քաղաքին վերաբերող հարցերում եւ դա արել եմ առանց ցուցադրության։ Հիմա մի քիչ վախեցած եմ այդ ընթացքից, որովհետեւ, իրականում, այդ կարգի դիրքերում չեմ սիրել լինել։ Չգիտեմ ոնց կլինի, բայց քանի որ այս քաղաքի խնդիրները շատ եմ իմ սրտին մոտ ընդունում, համաձայնեցի»։

Պիպոյանը կարծում է, որ Հայկ Մարությանի շանսերը բավականին բարձր են, որովհետեւ նրա անձնական հատկություններն էլ՝ կազմակերպչական, մենեջերական առումով, բարձր են․ «Իր դիրքորոշումն էլ պարզ է, իսկ այն հանգամանքը, որ դերասան է, կարծում եմ՝ շատ շուտով այդ կոմպլեքսը կհաղթահարվի ժողովրդի կողմից»։

Մշակութային գործիչ, կրթությամբ՝ նաեւ ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն իր աշխատանքը պատկերացնում է ե՛ւ մշակութային, ե՛ւ ճարտարապետական հանձնաժողովներում։ Ասում է՝ դրանցից բացի իրեն շատ են հուզում նաեւ բնապահպանական, քաղաքի ձեւավորման հետ կապված հարցերը․ «Բազմաթիվ խնդիրներ կան, որ վաղուց նկատում եմ, ու թեեւ մանր հարցեր են, բայց անպայման կբարձրաձայնեմ»։

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանն էլ ընդգրկված է ԲՀԿ ավագանու ցուցակում։ Ասում է՝ երբեք կուսակցական չի եղել, այս դեպքում էլ ԲՀԿ-ական չէ, բայց եղավ առաջարկ, որին տվեց դրական պատասխան․ «Համաձայնեցի՝ հատկապես մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխություններին զուգընթաց, նաեւ, ինչու չէ՝ իմ աշխատանքային փորձը, կրթությունը եւ 20 տարուց ավելի մեդիադաշտում ունեցած փորձառությունը ստիպեցին ոչ թե որպես դիտորդ կողքից նայել այդ ամենին, այլեւ ինքս մասնակից դառնալ՝ աշխատել եւ ինչ-որ բան անել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին եռյակում նաեւ ներկա եւ նախկին լրագրողներ են ներգրավված՝ հանձինս Նաիրա Զոհրաբյանի, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել։ Նաեւ շատ նոր մարդիկ կտեսնեք՝ բժիշկներ, քաղաքագետներ, լրագրողներ։ Այս ամենն ինձ իսկապես հետաքրքրեց՝ հատկապես այդ մարդկանց հետ ճանապարհ գնալու, իրենց հետ միասին աշխատելու եւ առաջին հերթին Երեւան քաղաքի գործընթացներին անմիջապես մասնակցելու առումով։ Մենք հաճախ մեր աշխատավայրերում, տանը նստում եւ ասում ենք՝ սա այսպես կփոխեինք, նա՝ այնպես, ինչո՞ւ այսպես կամ այնպես չեն անում։ Այս պահին կա լավ հնարավորություն՝ կոնկրետ հենց «Բարգավաճ Հայաստանի» հետ այս ամեն ինչն իրականացնելու։ Եթե Աստված հաջողի, մենք հաղթենք, կարողանանք մեր մանդատներն ունենալ եւ դառնալ ավագանի, ես մեծ հաճույքով կուզեմ աշխատել ու այդ ամբողջ գործընթացների մի մասը կազմել»։

Հռիփսիմե Առաքելյանը, ով ԲՀԿ ցուցակում 10-րդն է, ընդգծում է՝ սա առաջին հերթին պատասխանատվություն է, որն ինքը գիտակցում է եւ պատրաստ է իր վրա վերցնել։

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա շատ լավ է վերաբերվում բոլորին․ «Այս ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են, որովհետեւ վերջին փոփոխություններից հետո մենք մեզ ապացուցելու բան ունենք։ Մենք առաջին անգամ պետք է գնանք ընտրությունների, որի հիմքը պետք է լինեն ազնվությունը, փոխադարձ հարգանքը, ընտրակաշառքների բացառումը, ինչին ականատես ենք եղել տարիներ շարունակ։ Եվ բոլորս, այդ թվում՝ կուսակցությունները, ապացուցելու բան ունեն, որպեսզի տեսնեն՝ երեւանցին իրենց քվե տալի՞ս է, թե՞ ոչ։ Սա ամենակարեւոր ընտրությունն է այս փոփոխություններից հետո, եւ ավագանու ընտրություններն իրենց կարեւորությամբ որեւէ կերպ չեն զիջում խորհրդարանականին»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է նաեւ Հ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։ «Մտածեցի ու համաձայնեցի, թեպետ այլ կուսակցություններից էլ են առաջարկներ եղել»,- ասում է Թուխիկյանը, ով «ՔՊ»-ի ցուցակում 13-րդ տեղում է։

Նարինե Թուխիկյանն իր աշխատանքն ավագանու կազմում պատկերացնում է հիմնականում սոցիալական եւ մշակութային հարցերի հանձնաժողովում․ «Այդպես իմ գործն ավելի մեծ մասշտաբով հնարավոր կլինի անել։ Կան բաներ, որ իրականում շատ հեշտ է լուծել, ուղղակի պատկերացում եւ կազմակերպչական ջիղ պետք է ունենաս։ Կան նաեւ բարդ հարցեր՝ Երեւանի շենքերի սեյսմակայունության հարցը, վերելակների, բակային տարածքների, աղբահանության, տրանսպորտի, քաղաքաշինական հարցերը։ Շատ են փչացրել քաղաքը, բայց դրանք լուրջ, հետաքրքիր, կրեատիվ լուծումներ են պահանջում քաղաքաշինական տեսանկյունից, որովհետեւ չես կարող այդ ապականությունը նորից քանդել, ի վերջո՝ ներդրումներ են արվել, սեփականության իրավունք կա, ինչ-որ լուծումներ պետք է գտնել, եւ դրանք, հավատացեք, շատ հեշտ է կազմակերպելը։ Ենթադրում եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ թիմակիցների եւ ավագանու մյուս կուսակցությունների անդամների հետ միասին։ Սա չպետք է լինի հակամարտության դաշտ, այլ՝ համագործակցության, որովհետեւ նպատակը մեկը պետք է լինի՝ Երեւանը դարձնել համայն հայության մայրաքաղաք։ Բոլորը դրանով պետք է առաջնորդվեն՝ անկախ նրանից, թե որ ցուցակով են կամ կուսակցական են, թե՝ ոչ»։

Թե ինչպես է գնահատում «ՔՊ»-ի շանսերը՝ ի դեմս Հայկ Մարությանի, ասաց․ «Ենթադրում եմ, որ բավականին բարձր են՝ շատ ձայներ հավաքելու առումով, ի վերջո, այս կուսակցության հետ է կապվում մեր նոր իրականության կերտումը, անշուշտ, հասարակությունն էր, որ մեկին գումարվելով մեկ՝ դարձավ այդ ուժը, բայց քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» էր, որը տեր կանգնեց այդ ամենին։ Այդ առումով իրենց շանսերը մեծ են, եւ կարծում եմ՝ նաեւ այդ բարոյական իրավունքն ունեն հավակնելու ավելիին։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է լինեն քննադատություններ, արդարացի պահանջներ տվյալ քաղաքական ուժին։ Հիմա նրանք ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, այլեւս չեն կարող կրկնվել հին մոտեցումներն ու սկզբունքները»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X