«Սթարի» տերն ամեն գնով փորձում է ոտքի կանգնել

Հայտնի գործարար Գեւորգ Աֆանդյանին եւ նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններից շատերը սնանկացել են։ Դրանց մի մասը, ինչպես «Սթար» սուպերմարկետների ցանցը, ընտանիքի սեփականությունն էր, մյուս մասը, ինչպես, օրինակ, «Բյուրակն» ՍՊԸ-ն, փաստացի կառավարվում էր նրանց կողմից։ Բացի «Սթարից», Գեւորգ Աֆանդյանին էին պատկանում նաեւ «Էյ Ջի էլեկտրոնիքս» խանութները, «Այգ», «Պապա Կառլո», «Այգի», «Էյ Ջի Պլաստ», «Էյ Ջի Պրինտ» ապրանքանիշները։ Մի քանի տարի առաջ մամուլը գրում էր Աֆանդյանի եւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ֆինանսական վեճերի մասին։ Լուրեր էին պտտվում, թե Աֆանդյանն օգտվում է երրորդ նախագահի եղբայր՝ գործարար Սաշիկ Սարգսյանի հովանավորությունից, որի միջոցով փորձում էր բարեհաջող դուրս գալ դատական պրոցեսներից, պարտատերերի հետ ֆինանսական վեճերից։ Գեւորգ Աֆանդյանի որդին՝ Վահրամ Աֆանդյանը, ժխտում է Սաշիկ Սարգսյանի հովանավորության փաստը։ «Նման բան չի եղել»,- ասում է նա։

Ինչեւէ, այսօր ընկերությունների մի մասը սնանկացել է, մյուսները, ինչպես «ԲՄԼ Արզնի» ՍՊԸ-ն, որն զբաղվում էր շշալցմամբ, սնանկության գործընթացում են։ Բայց գործարարը չի կորցնում իր ձեռնարկություններն առողջացնելու, ոտքի կանգնեցնելու հույսը։ Այս հույսով են, թերեւս, Աֆանդյաննները երկար դատական վեճի մեջ մտել «Անելիք» բանկի հետ, որը ռեբրենդինգի արդյունքում վերանվանվել է IDBank։ Աֆանդյանները վստահեցնում են եւ դատական ատյաններում հիմնավորում, որ բանկը համաձայնագիր ուներ իրենց հետ, որը խախտել է, ինչի հետեւանքով պարտավոր է 22 մլն դոլար վճարել «ԲՄԼ Արզնիին»։ Այս գումարով նրանք հույս ունեն մարել իրենց պարտավորությունները բանկերին եւ դեռ առողջացնել ձեռնարկությունը։ Բանն այն է, որ Գեւորգ Աֆանդյանը 2010-ին մոտ 8 մլն դոլար վարկ է վերցրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ից՝ գործընկեր «Բյուրակն» ՍՊԸ-ի համար։ 4,5 մլն մարել են, 2015-ից չեն կարողացել այլեւս վճարումներ կատարել, ժամկետանց պարտավորություններ են կուտակել, եւ բանկը պարտքերի դիմաց վերցրել է գործարանը։ Ինչ-որ հրաշքով 2015 թվականին ընկերությանը հաջողվել է համոզել բանկին իրեն ձեռնտու պայմանագիր կնքել, որով գործարանին տիրանալով՝ բանկը պարտավորվել է Աֆանդյաններին երկու տարով գործարանի գնման բացառիկ նախապատվություն տալ։ Նախապատվության իրավունքը չպահպանելու դեպքում բանկը պարտավորվել է տույժ վճարել՝ բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով: Մեկ տարի անց «Անելիքը» վաճառել է գործարանը «Տարմակ» ՍՊԸ-ին։

Սնանկության կառավարիչն էլ համաձայնագիրը ձեռքը մտել է դատարան՝ պահանջելով 22 մլն դոլար։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը։ Բանկը բողոքարկել է այս վճիռը, իսկ վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության։ «Գտնում ենք, որ վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննել գործը բացառապես բողոքի շրջանակներում։ Իրավունք չունի անցնելու այն կետերից, որոնք բողոքող անձը նշել է իր բողոքում։ Անգամ եթե այլ կետեր կան, որը բողոքատուն չի նշել, ինքն իրավունք չունի դրանց անդրադառնալ, սա հստակ օրենքով սահմանված կարգ է։ Նա դուրս է գալիս այդ շրջանակից եւ առաջին ատյանի վճիռը բեկանում է նման հիմքով, որը չկա բողոքում։ Բացի այդ՝ գրել են, որ սնանկության կառավարիչը չի կարող հայցվոր լինել։ Բայց մեր դատական պրակտիկայում բազմիցս նման դեպքեր կան, երբ որ սնանկության կառավարիչը մտել է դատարան, ունի հայցվոր լինելու բոլոր լիազորությունները։ Սնանկի կառավարիչը տեսնում է, որ այդտեղ կա օրենքով հասանելի գումար, ու մտնում է դատարան»,- ասում է «ԲՄԼ Արզնի» ընկերության սեփականատեր Վահրամ Աֆանդյանը։ IDBank-ը, նախկինում տարբեր ԶԼՄ-ների հետ խոսելով, պարզաբանել էր, որ 2016 թվականին բանկի նոր բաժնետեր, 60 տոկոսի սեփականատեր Վարդան Դիլանյանի պահանջով կանոնադրական կապիտալի համալրման նպատակով այդ ընթացքում աուդիտ է կատարվել:

Աֆանդյանների խնդրահարույց գույքը բանկի բալանսից հանելու նպատակով 2016 թվականի օգոստոսին ստեղծվել է «Տարմակ» ՍՊԸ-ն: Այս ընկերությանն է վաճառվել «Արզնի» ջրերի գործարանի գրավադրված գույքը, սակայն այս գործարքը ձեռնտու է եղել Աֆանդյաններին, քանի որ օֆշորում գրանցված այս ընկերության 33% բաժնեմասը պատկանել է Աֆանդյանի ավագ որդուն՝ Վահե Աֆանդյանին: Սնանկության կառավարչի դատական հայցը եւ Աֆանդյանների հավակնությունները բանկից «Անելիքի» համար անսպասելի են եղել եւ, ըստ էության, խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վահրամ Աֆանդյանը վստահեցնում է, որ ընկերության ներկայացուցիչները ստում են՝ նման փաստարկ ներկայացնելով։ «Համաձայնագիրն «Անելիք» բանկի հետ ստորագրել եմ անձամբ։ «Տարմակ» ՍՊԸ-ի մասին առաջին անգամ լսել եմ դատարանի դահլիճում՝ որպես վկա հանդես գալով։ Եթե նախապես ձեռք բերված պայմանավորվածություն լիներ, կամ եթե եղբայրս ունենար այդ ընկերությունում բաժնեմաս, ես անպայման տեղյակ կլինեի»,- մեր ճշտող հարցին այսպես պատասխանեց Վահրամ Աֆանդյանը։ Գործարար ընտանիքի բողոքը բանկի դեմ այժմ վճռաբեկ դատարանում է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X