Ղարաբաղում լինելու են ընտրություններ, եՎ որեվէ մեկին չեն կարող պատրաստել նախագահ

Հարցազրույց Արցախի նախկին վարչապետ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ

- Պարոն Հարությունյան, տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, որը կարծես լինելու է Հայաստանում իրականացված իշխանափոխության շարունակությունը։ Հնարավոր համարո՞ւմ եք ընտրությունների հեռանկարը։

-Այս փուլում Արցախում բացառվում են արտահերթ ընտրություններ եւ ընդհանրապես։ Նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2020 թվականին, եւ այն ժամանակ էլ ընտրություն կանենք, ի՞նչ խնդիր ունենք։

- Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարծես թե Արցախում էլ են նույնը պատրաստվում անել։

-Բացառվում է։

- Հայաստանյան իրադարձություններից հետո Արցախում միքանիօրյա բողոքի ակցիաներն ավարտվեցին որոշ պաշտոնանկություններով եւ Բակո Սահակյանի խոստումով, որ բարեփոխություններ կարվեն, մինչդեռ ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ բարեփոխություններ չեն իրականացվում, եւ պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

-Իհարկե, արվում են եւ միշտ են բարեփոխումներ արվել ու կշարունակվեն առաջիկայում, վստահ եմ, որ կլինեն այնպիսի քայլեր, որոնք ձեզ համար եւս տեսանելի կլինեն։

- Պարոն Հարությունյան, ի վերջո ինչո՞վ էր պայմանավորված Ձեր պաշտոնանկությունը, երբ բողոքի ակցիաների մասնակիցներն ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն էին պահանջում։

-Իմ դիմումի համաձայն։ Ես իմ մամուլի ասուլիսի ժամանակ նշել եմ պատճառների մասին, կարող եմ վստահեցնել, որ զբաղվելու եմ ակտիվ քաղաքականությամբ։

- Դուք հավակնո՞ւմ եք երկրի ղեկավարի պաշտոնին։

-Գիտեք, այնպիսի հարց եք տալիս, ես զբաղվելու եմ քաղաքականությամբ, իսկ այսօր մնացած հարցերին պատասխանելը վաղ է, ես ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ, ժամանակն ամեն ինչ ցույց կտա, 2020 թվականի հունվարին ես դրան կանդրադառնամ։

- Ոչ վաղ անցյալում Դուք ընկալվում էիք որպես Բակո Սահակյանի «ժառանգորդ», եւ վերջինս, ըստ լուրերի, պատրաստվում էր Ձեզ փոխանցել երկրի ղեկը, մինչդեռ հիմա տեղեկություններ կան, որ Արցախի նախագահի ընտրությունն ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի վրա է կանգ առել, գուցե դրա՞ համար եք հեռացել։

-Գիտեք, ժառանգորդ համարվում են սեփականության, ես ժառանգորդ չեմ կարող լինել եւ չեմ էլ կարծում, որ որեւէ մեկը կլինի։

- Իսկ Ղարամյանի հետ կապված պլանների մասին ի՞նչ կասեք։

-Ես մի բան եմ ուզում ասել, որ Ղարաբաղում լինելու են ընտրություններ, եւ որեւէ մեկին չեն կարող պատրաստել նախագահ։

- Այս համատեքստում կան տեղեկություններ, որ Ձեր եւ Բակո Սահակյանի հարաբերությունները նախկինի պես ջերմ չեն, քանի որ Դուք էլ կարծես համարվում եք հայաստանյան իշխանությունների... (հարցն անավարտ է մնում)։

-Մեր հարաբերություններն ավելի ջերմ են, քան նախկինում ունեցել ենք։ Եթե նախկինում ի պաշտոնե այլ հարաբերությունների մեջ էինք, հիմա բոլորովին ուրիշ է։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի հե՞տ…

-Ես շատ հարգալից վերաբերմունք ունեմ իր անձի նկատմամբ եւ բազմիցս եմ արտահայտվել։

- Պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին Ձեր անձնական աջակցությամբ հազարից ավելի արցախցիներ քայլերթով հասան Երեւան․ ինչո՞վ էր պայմանավորված այդ աջակցությունը նոր իշխանություններին։

-Մեր կուսակցության՝ «Ազատ հայրենիքի» երիտասարդ թեւը նախաձեռնեց, մենք աջակցել ենք։

- Նիկոլ Փաշինյանի իշխանության մի քանի ամիսների ընթացքում Արցախի խնդրի հարցում Դուք որեւէ տեղաշարժ նկատե՞լ եք՝ դրական, բացասական։

-Իհարկե, տեսնում եմ, ես մի քանի անգամ ողջունել եմ, կարեւորել այն դիրքը, որն ընտրել է Հայաստանի վարչապետը։

- Մինչդեռ նախորդ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այժմ արտաքին քաղաքական կուրսը վտանգավոր զարգացումների է գնում, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին։

-Ես չեմ կիսում այդ տեսակետը, տիրապետում է շատ լավ, եւ այն կուրսը, որն ընտրված է, համահունչ է մեր տեսակետի հետ։

- Վարչապետը պաշտոնավարման առաջին իսկ օրից հայտարարեց, որ Արցախը պետք է դարձնել բանակցային կողմ, դեռեւս գործընթաց չկա այդ ուղղությամբ, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը։

-Շատ կոնկրետ եք հարցը տալիս, այն, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, մշտապես հայտարարվել է Արցախի բոլոր իշխանավորների կողմից, մնացածը բանակցային գործընթացների ընթացքում կերեւա։

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի, նրա քաղաքական հայտի վերաբերյալ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։

-Ձերբակալության, քրեական գործի վերաբերյալ ես իրավունք չունեմ կարծիք հայտնելու, խնդիրն իրավական հարթությունում է, բայց քաղաքականություն մտնելու վերաբերյալ, իհարկե, ցանկացած ակտիվ անձ, ճանապարհ ունեցող գործիչ կարող է մասնակցել քաղաքական պրոցեսներին։

- Քոչարյանը վստահ է, որ կդառնա ընդդիմադիր բեւեռի կենտրոն, իր թիմն էլ չի կասկածում, որ նա կհասնի հաջողության։ Պաշտոնավարման տասը տարիների գործունեությունը նկատի ունենալով՝ ինչպե՞ս եք դիտարկում նրա՝ իշխանության վերադարձի հնարավորությունը։

-Ես չեմ ցանկանում հայաստանյան անցուդարձի մասին խորապես կարծիք հայտնել։

- Բայց տեղեկություններ կան, որ Դուք էլ եք մասնակցում Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի արցախյան վերջին հանդիպումներին, որոնք հաճախակի են դարձել։

-Ես որքանով տեղյակ եմ՝ Քոչարյանը մի քանի ամիս է՝ Արցախ չի այցելել, իսկ Սերժ Սարգսյանը վերջերս մի երկու օրով եկել էր բարեկամներին տեսակցության։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X