ՀՔԾ-ն վերջին պահին սրբագրում է իր սխալները

Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է տարօրինակ, իրավաբանության մեջ էքսպերիմենտալ եւ «անմեկնելի» քայլերի իր շքերթը։ Եվ այս ամենը նա իրականացնում է Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի գործով՝ առաջացնելով բազմաթիվ ադեկվատ իրավաբանների եւ իրավական մտածողություն ունեցող անձանց զարմանքն ու տարակուսանքը։ Երեկ ամբողջ օրը ՀՔԾ-ում խելք խելքի էին տվել եւ չէին կարողանում մի պարզ հարցի պատասխան գտնել՝ ինչո՞ւ է ՀՔԾ-ն իր մոտ պահում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։ Հիշեցնենք․ Քոչարյանին կալանքից ազատեց վերաքննիչ դատարանը՝ սխալ հանելով առաջին ատյանի դատարանին եւ հիմք ընդունելով երկրորդ նախագահին օրենքով վերապահված անձեռնմխելիության հանգամանքը։ Հիմա ՀՔԾ-ն վերաքննիչի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան, վերջինս էլ, ըստ ամենայնի, այս նուրբ թեմայով կդիմի Սահմանադրական դատարան, որ նման պատասխանատու որոշման բեռն իր ուսերին չվերցնի, հատկապես, երբ վարչապետն էլ մատ է թափ տվել դատավորների վրա՝ հրամայելով «խելքները գլուխները հավաքել»։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը պատրաստվում էր մեկնել երկրից, քանի որ ունի նաեւ դիվանագիտական անձնագիր, բայց հետո իմացել են, որ մեկնելու խոչընդոտ կա, եւ հրաժարվել են այդ մտքից։ Ըստ Սողոմոնյանի, այդ հարցը դեռ փաստաբանները պետք է պարզեն, թե ինչպես է ստացվել, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել։ Ինչ վերաբերում է Քոչարյանի մյուս՝ տեղական անձնագիրը ՀՔԾ-ում պահելուն, ապա Սողոմոնյանը սա համարում է օրենքի խախտում։

Դրանից հետո դիմեցինք ՀՔԾ՝ հասկանալու, թե ինչու են Քոչարյանի անձնագիրը պահում իրենց մոտ, ո՞ր օրենքով։ ՀՔԾ-ում այս պարզ հարցին պատասխանեցին մի քանի ժամ հետո եւ այդպես էլ որեւէ օրենքի հղում չարեցին։ Միայն ասացին՝ ՀՔԾ-ն իրավունք ունի մեղադրյալի անձնագիրը վերցնել, իսկ թե որ օրենքով՝ այդպես էլ չասացին։ «Այդ մասով մանրամասներ չենք հայտնում, չենք մեկնաբանում»,- ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Բայց մեզ պետք էր ոչ թե մանրամասներ հայտնել կամ մեկնաբանել, այլ ընդամենը օրենքի կետը նշել։ ՀՔԾ-ում, ինչն արդեն զարմանալի չէ, կարծես թե այնքան էլ չեն տիրապետում օրենքներին, դրա համար միանգամայն հասկանալի է, թե ինչու չեն կարողանում իրենց որոշումները հիմնավորել՝ օրենքի կոնկրետ կետերին հղում անելով։ Կամ հիմնվում են այնպիսի օրենքների վրա, որոնք առանձին տարակուսանք ու հարցեր են առաջացնում։

Բայց ամենակարեւորը՝ ՀՔԾ-ն Քոչարյանի մասով նաեւ որոշում է կայացրել երեկ՝ ըստ էության սրբագրելով իր տարօրինակ որոշումները։ Ինչպես տեղեկացրեց ՀՔԾ խոսնակը, 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի քրգործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ Սրանով ՀՔԾ-ն փաստացի փորձում է արդարացնել եւ սրբագրել իր որոշումը՝ Քոչարյանի անձնագիրն իր մոտ պահելու մասով, որ հետո հարց չառաջանա, թե ինչու է անձնագիրը պահում իր մոտ․ կա խափանման միջոց, դրա համար էլ պահում ենք։ Նկատենք, որ անձնագիրը քննչական մարմնի մոտ պահելու պրակտիկան, իրականում, գալիս է դեռ Քոչարյանի թվերից, իսկ գուցե՝ ավելի վաղ շրջանից։ Այսպես ասած, նման պրակտիկա է ձեւավորվել․ մարդուն մեղադրանք առաջադրելիս միշտ անձնագիրը քննիչը վերցրել է՝ չհիմնավորելով, թե ինչու։ Երբեմն անգամ խափանման միջոց՝ բնակավայրից չբացակայելու ստորագրություն չվերցնելով։ Եվ այլ արատավոր երեւույթների նման, սա եւս արմատացավ ու փոխանցվեց նոր ժամանակներ։ Հիմա Քոչարյանի դեմ կիրառվում է այն ամենը, ինչը ժամանակին Քոչարյանն ինքն էր ապօրինաբար կիրառում իր համար անցանկալի անձանց դեմ։

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց․ «Անձնագիրն արվում է այն դեպքում, երբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս առումով կարող է նախաքննական մարմինը պահել անձնագիրը։ Իսկ եթե չկա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որեւէ բան, ապա անձի անձնագիրը պահելն անօրինական է։ Սա ես օրենքի տեսանկյունից եմ ասում»։ Գալով Քոչարյանի դեպքին՝ Գյոզալյանն ասաց․ «Որքանով որ բաց աղբյուրներից հայտնի է, վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն է վերացրել այն հիմքով, որ նա անձեռնմխելի է։ Էս պարագայում Քոչարյանն ազատ է անելու այն ամենը, ինչը որ արգելված չէ օրենքով»։

Տեղեկանալով, որ ՀՔԾ-ն երեկ երեկոյան արդեն որոշում է կայացրել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին, փաստաբանը նախ նկատեց, որ սա արդեն փոխում է իրավիճակը, ապա զարմացավ․ «Եթե հնարավոր էր նման որոշում կայացնել ( չհեռանալու մասին ստորագրություն), ապա ո՞րն էր պատճառը խիստ միջոցի դիմելու (կալանավորման միջնորդություն), որովհետեւ, ամեն դեպքում, խափանման միջոց ընտրելու հարցը պատիժ չէ, դա որոշակի խնդիրներ ունի իր առջեւ դրված, կոչված է բացառապես այդ խնդիրները լուծելուն եւ որեւէ կապ չունի անձին պատժելու հետ։ Իսկ կալանքը խիստ միջոց է»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X