Կառավարության կիքսը․ ԵԽ կոնգրեսը մերժո՞ւմ է ԿԸՀ-ի հրավերը

Կառավարությունն անփորձության, թե ուղղակի իրավիճակը ճիշտ չգնահատելու արդյունքում հերթական կիքսն է թույլ տվել։ Այս անգամ՝ ընտրությունների նախաշեմին եւ հենց ընտրությունների թեմայով։ Խոսքը միջազգային հեղինակավոր կառույցից՝ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն հրավիրելու մասին է, որը, ինչպես հասկացանք, չի իրականացվի։ Սովորաբար նախորդ իշխանությունների օրոք պրակտիկան եղել է հետեւյալը՝ երկրի վարչապետի անունից հրավեր է ուղարկվել ԵԽ կոնգրեսին, որ գան եւ դիտորդական առաքելություն իրականացնեն Հայաստանում։ Այսօր հրավեր ուղարկելու մանդատ վարչապետից բացի ունեն նաեւ ՀՀ նախագահը, ԱԺ եւ ԿԸՀ նախագահները։ Բայց պրակտիկան, նաեւ դիվանագիտական էթիկան, իսկ այսօր նաեւ քաղաքական իրավիճակը թելադրում են, որ հրավերն ուղարկվի երկրի առաջին դեմքի, այս դեպքում՝ ՀՀ վարչապետի անունից։

Բայց արի ու տես, որ այս հրավերն ուղարկվել է ԿԸՀ նախագահի անունից։ Այս մասին հայտարարություն տարածեց նաեւ ԿԸՀ-ն, որտեղից մեզ ասացին, որ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրությամբ դիմել էր ԿԸՀ-ին՝ միջնորդելով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսին՝ Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Բայց պարզվեց՝ Էմին Երիցյանը ոչ թե ԿԸՀ-ին, այլ անձամբ վարչապետին էր դիմել՝ առաջարկելով հրավեր ուղարկել Եվրոպայի խորհրդի կոնգրեսին։ Այս մասին մոտ երկու շաբաթ առաջ հրապարակում էր եղել, որ Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ԵԽ կոնգրեսին հրավիրել՝ իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:

ԿԸՀ-ից մի պահ զարմացան այս փաստի առնչությամբ, հետո պարզվեց, որ Երիցյանը, իրականում, վարչապետին է դիմել, վարչապետն էլ ԿԸՀ-ին է հանձնարարել։ Ստացվել է՝ Երիցյանն անձամբ միջնորդել է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իր անունից ուղարկի հրավեր Եվրոպայի խորհրդի կոնգրեսին, բայց վարչապետը, չգիտես ինչու, որոշել է ԿԸՀ նախագահին հանձնարարել այդ գործը։ Սա արտաքուստ պարզ թվացող, բայց Եվրոպայի հետ մեր հարաբերություններում կարեւոր նյուանս է, որը գլխի չեն ընկել նոր իշխանությունները կամ արհամարհել են ընթացակարգային նման նրբությունները, կամ էլ կառավարությունում մի խելոք մեկը չի գտնվել, որ վարչապետին խորհուրդ տա, թե ինչպես վարվել։

Եվ սա տվել է իր պտուղները՝ վատ իմաստով։ Մենք տեղեկացանք, որ Եվրոպայի խորհրդի կոնգրեսը քաղաքավարի ձեւով մերժել է կամ առնվազն դրական չի արձագանքել ԿԸՀ-ի հրավերին՝ պատճառաբանելով, թե սեպտեմբերին նաեւ Բոսնիայում եւ Հերցեգովինայում են ընտրություններ, եւ իրենք պետք է այնտեղ դիտորդություն իրականացնեն։ Ակնհայտ է, որ սա ընդամենը պատճառաբանություն է։ Իրականում մերժման հիմքը, մեր տեղեկություններով, եղել է հենց այն, որ հրավերն ուղարկվել է ոչ թե վարչապետի, այլ ավելի ցածր օղակի՝ ԿԸՀ նախագահի անունից։ Անգամ երկրի նախագահը կամ ԱԺ նախագահը չեն «բարեհաճել», թեեւ նրանց նաեւ չի առաջարկվել ուղարկել այս հրավերը։ Բայց նոր իրավիճակում, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել, որը բավականին հավակնոտ մոտեցումներով է հանդես գալիս արտաքին աշխարհի հետ շփումներում եւ խնդիր ունի բարելավելու Եվրոպայի հետ մեր հարաբերությունները, շատ կարեւոր էր, որ վարչապետ Փաշինյանն անձամբ նախաձեռներ այս հրավերը։ Դրանով վարչապետը նաեւ ժեստ կաներ եվրոպացիներին, որոնք Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումներում եւ գնահատականներում դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն։

Մեր հարցին, թե ԿԸՀ-ի հրավերին ինչպես է արձագանքել Եվրոպայի խորհրդի կոնգրեսը, համաձայնե՞լ են գալ Հայաստան դիտորդության, ԿԸՀ լրատվական բաժնից պատասխանեցին․ «Այս պահին դեռ ԿԸՀ-ն չի ստացել հավատարմագրման հայտ նշված կազմակերպությունից, բայց վերջնաժամկետը դիմելու ավարտվում է սեպտեմբերի 8-ին»։ ԿԸՀ-ն սրանով ակամա հաստատեց մեր տեղեկությունը, որ կոնգրեսը, ըստ էության, մերժել է իրենց հրավերը։ Թեպետ, տա Աստված՝ մինչեւ ամսի 8-ը փոշմանեն, բայց ակնհայտ է, որ հրավերն ընդունելու դեպքում արդեն իսկ դրան դրական արձագանքած կլինեին՝ չէին սպասի վերջին օրվան։ Եթե ԵԽ կոնգրեսն ընդուներ հրավերը եւ գար Հայաստան, մենք նոր իշխանությունների օրոք կունենայինք առաջին բարձր մակարդակի գրավոր փաստաթուղթը՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացման վերաբերյալ, ինչը նաեւ ցուցիչ կլիներ, թե ինչպես են ի վիճակի անցկացնել ընտրությունները նոր իշխանությունները։

Փոխարենը ԿԸՀ-ից հայտնեցին, որ իրենք Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկելու հրավեր են ուղարկել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES), որն ընդունել է հրավերը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X