«Ժողովուրդ». Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ. ո՞րն է օրակարգի հիմնական խնդիրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպմանը:

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիեւը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ:

Ու թեեւ դեռ Փաշինյան-Ալիեւ հանդիպում չի նշմարվում, բայց եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը:

Ու թեեւ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է` ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եւ այս առումով Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Քոչարյանի ծննդյան օրը Պուտինի շնորհավորանքին, ասել է. «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X