«Փաստ». Ո՞ր ուժերը կանցնեն Երեւանի ավագանու կազմ. ընդդիմություն չի լինի

«Փաստ» թերթը գրում է. «Փաստը մնում է փաստ, որ հիմնական ֆավորիտ երկու ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքից եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ շեմը հաղթահարելու շանսեր տեսականորեն ունեն «Լույս» դաշինքը եւ, լավ երեւակայության դեպքում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն: Հասկանալի է, որ վերջին երկուսի համար չափազանց դժվար է լինելու, սակայն տեսական հնարավորություններ ունեն՝ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնն ու ՀՅԴ–ի՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի կայուն ընտրազանգվածի առկայությունը:

Մնացյալի պարագայում, անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին են կարողանալու, ենթադրենք, 20–25 հազար քվե ստանալ: Քվեներ, իհարկե, բոլորն էլ կստանան, նույնիսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որն իրեն ճոխություն թույլ տվեց կորցնել իր սակավաթիվ անդամներից մի քանիսին, այն էլ՝ այնպիսի, որոնք (կամ գոնե 1–2–ը) համարվում էին այդ կուսակցության առաջամարտիկները: Արդյունքում կոյուղաջրի տհաճ հոտն ու ծանր հետքը մնացին: Ամեն դեպքում, ցուցակում ընդգրկվածներն ու իրենց շրջապատը կարող են քվեարկել այդ ուժերի օգտին: Սակայն դա բավարար չէ, ուստի արդյունքում մենք կարող ենք ունենալ ձայների պարզ փոշիացում:

Այսուամենայնիվ, այս ընտրությունները մի չափազանց կարեւոր հանգրվանի կբերեն. գոնե մայրաքաղաքում հստակ կամրագրվեն հեղափոխության արդյունքները: Այս պահի դրությամբ ուժերի առկա դասավորությունը ցույց է տալիս, որ Երեւանի ավագանին ամբողջությամբ (կամ՝ գրեթե ամբողջությամբ) կազմված կլինի հեղափոխության հետ առնչություն ունեցող ուժերից՝ «Քայլ արա», ԲՀԿ, «Լույս»:

Սակայն սա ունի մեկ վատ կողմ. ավագանին փաստացի ընդդիմություն ըստ էության չի ունենա, քանի որ դժվար է պատկերացնել երկիրը միասնական ջանքերով նախկին իշխանություններից ձերբազատած կուսակցություններից որեւէ մեկի ընդդիմադիր լինելը: Զուտ ֆորմալ առումով փոքրամասնություն կազմած ուժերը կարող են դիտարկվել որպես ընդդիմություն, սակայն դասական իմաստով ավագանին կլինի անընդդիմադիր:

Գուցե հենց այս իմաստով է այս ընտրությունը լավ լակմուսի թուղթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, որպեսզի դրանք էլ չանցնեն անընդդիմադիր մթնոլորտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X