Նոր որսի ակնկալիքով

Մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել քրեական խրոնիկան․ օրը սկսում ենք քրեական գործերի հարուցման հաղորդագրություններով, շարունակում հին գործերի ընթացքի մասին հետաքրքրվելով, իսկ երբ հանդիպում ենք ԱԱԾ, ՀՔԾ կամ ոստիկանության պետին, նոր որսի ծարավ որսորդի նման հետաքրքրվում ենք՝ ո՞ւմ եք վաղը-մյուս օրը բռնելու, ի՞նչ նոր գործեր եք հարուցել։

Ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի հարուցման աժիոտաժից հետո դժվար թե որեւէ գործ համարժեք բում առաջացնի, բայց մենք մի քիչ ավելի փոքր կալիբրի «որսերով» էլ ենք բավարարվում։ Օրինակ, երեկ «վատ» օր չէր՝ առավոտյան լուր ստացանք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ են քրեական գործ նախապատրաստում։

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է, եւ նրա նկատմամբ քրգործը պակաս աղմկոտ չի լինի, քան Խաչատուրովի գործն է։ Իսկ օրվա մեջ ավելի ուշ ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի նկատմամբ՝ «քրօր․ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ»: Իսկ հիմքը մամուլի հրապարակումն է՝ «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ։ Համառ լուրեր են շրջում, որ առաջիկայում էլի քրեական գործեր են հարուցվելու՝ նախկին նախարարների, նախկին մարզպետների, նախկին իշխանության օրոք բիզնես արտոնություններ վայելած տարբեր գործարարների նկատմամբ։ Թե այդ գործերից որը կունենա դատական հեռանկար, եւ ում նկատմամբ ինչ պատիժ կսահմանվի, դժվար է ասել։ Բայց ընթացքը, համաձայնեք, ուշագրավ է։

Մեկնաբանություն
X