«Հրապարակ»․ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես կներկայացվի Արեն Մկրտչյանի թեկնածությունը, ով ժամանակին սպորտային մեկնաբան է աշխատել, իսկ հիմա վարչապետի կոռուպցիայի հարցերով օգնականն է։

Արեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրը՝ ասաց․ «Այդ մասին դեռ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա հրապարակված, երբ հրապարակվի, դուք կիմանաք»։ Այսինքն՝ չի՞ բացառում, որ գործկոմի անդամ կդառնա։ «Միգուցե լինի, միգուցե՝ ոչ, սպասեք եւ կտեսնեք»։ Տեղեկացնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրության օրը ընդհանուր ժողովը նաեւ կընտրի գործադիր կոմիտե, որի անդամության թեկնածուներին առաջադրում են ՀՖՖ ակումբները։

Հիշեցնենք, որ 2002-ից ՀՖՖ-ն ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը, իսկ ներկա գործկոմի կազմը 15 անդամից է բաղկացած․ կազմում են Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ նախկին իշխանության հետ առնչություն ունեցող այլ անձինք։

Մեկնաբանություն
X