Անձնագիրը կվերադարձվի, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի

Օրերս լայն քննարկման առարկա դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրից հեռանալու թեման։ Այնուհետեւ պարզվեց՝ երկրորդ նախագահը Հայաստանում է եւ անձնագիրն էլ Հատուկ քննչական ծառայությունում է։ Ընդ որում, այս պրակտիկան նոր չէ՝ անհիշելի ժամանակներից քննիչները մեղադրյալներից վերցրել են անձնագրերը եւ վերադարձրել են միայն դատարանի դատավճռից կամ կալանքից ազատվելուց հետո։ Եվ անկախ այն բանից՝ մարդուց չբացակայելու ստորագրություն վերցրել են, թե ոչ՝ նա այլեւս չի կարողացել երկիրը լքել, քանի որ սահմանը հատելու համար առնվազն մարդը պետք է ձեռքին անձնագիր ունենա։

Իրավունք ունե՞ր ՀՔԾ-ն մեղադրյալից վերցնելու անձնագիրը։ Փաստաբան Հովիկ Արսենյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ անձանգիրը կցվում է քրեական գործին․ «Ինքը գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, մեղադրյալի նկատմամբ կարող են խափանման միջոց չընտրել եւ անկախ ամեն ինչից կառավարության որոշումը կա քրեական գործերով, երբ քրեական հետապնդում է առաջադրվում, քրեական հետապնդում է իրականացվում, նրա անձնագիրը կցվում է քրեական գործին»։

Փաստաբանի խոսքով՝ անձնագիրը վերադարձվում է, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ է մտնում․ «Պարոն Սողոմոնյանին հուշեք, որ Քոչարյանը դիմում գրի նախաքննական մարմնին, որ ցանկանում են մի քանի օրով էս տեղը գնալ, խնդրում եմ Ձեր թույլտվությունը, այն ժամանակ հնարավոր է։ Բոլոր դեպքերում իրավական հարթությունում է, այնպես որ դիտավորություն գոյություն չունի։ Անձնագիրը վերադարձվում է, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ է մտնում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը եւ անձեռմխելիության իրավունքով Քոչարյանին ազատ էր արձակել։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X