Մանկատների փոխարեն՝ խնամքի հաստատություններ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վերակազմակերպվում են, Վանաձորի, Կապանի եւ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցները, Վանաձորի մանկատան վերակազմակերպումը գործընթացի մեջ է, պլանավորել են նաեւ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության վերակազմակերպումը։ «Այդ հաստատությունները դադարելու են գործել որպես գիշերօթիկ հաստատություններ, երեխաները այնտեղ չեն գիշերելու, փոխարենը ստեղծվելու են ցերեկային կենտրոններ, որտեղ նույն երեխան դասերից հետո կկարողանա մինչեւ ժամը 7-ը հաճախել այդ կենտրոններ, տարբեր խմբակներ են գործելու, որպեսզի երեխան այդ դաստիարակությունը ստանա այդ խնամքի կենտրոններում»,- տեղեկացրեց նախարարը։

Արսեն Մանուկյանն ասաց, որ գիշերօթիկ դպրոցներ ընդունվելու պայմաններից մեկն էլ անապահով ընտանիքի երեխա լինելն է, պետք է լինեն նպաստառու ընտանիքների երեխաներ։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հանրապետությունում կա չորս հաստատություն, որ պետք է վերակազմակերպվի։ Դրանցից են, օրինակ, Բյուրեղավանի, Դիլիջանի գիշերօթիկ հաստատությունները, Գյումրիի մանկատունը։ «Հայաստանում չպետք է լինեն մանկատներ։ Թերեւս միայն այն պարագայում, երբ կան երեխաներ, պետք է գործեն փոքրաթիվ խմբեր։ Մենք ունենք «Սաբինա» խումբը, որը բացել է «Կարիտաս» բարեգործական խումբը Վանաձորում։ Եթե խնամատար ընտանիքներում իրենք չեն կարող ապրել, նրանց պետք է տեղավորենք խմբային տներում, որ չստացվի, թե նրանք անօթեւան մնալ։ Իսկ մանկատների փոխարեն ստեղծվելու են խնամքի հաստատություններ»,- ասաց փոխնախարարը։

Մեկնաբանություն
X