Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով Ռուսաստանից եւ ԱՊՀ-ից հանվել է 30 միլիարդ դոլար

Financial Times պարբերականը գրում է, որ այն ժամանակ, երբ Danske Bank-ի էստոնական մասնաճյուղում իրականացվում էին դեռ ֆինանսական տարաբնույթ մախինացիաներ, վերջինիս միջոցով Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից հանվել է մինչեւ 30 միլիարդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ նախկինում այդ թիվը գնահատվում էր մինչեւ 3 միլիարդ դոլար։ Այս մասին պարբերականը գրում է՝ վկայակոչելով Promontory Financial խորհրդատվական ընկերության կատարած հետաքննության արդյունքները։

Նշենք, որ հետաքննությունը պատվիրվել է հենց Danske Bank-ի գլխամասային գրասենյակի պատվերով։ Promontory Financial-ի մասնագետները հավաստիացնում են, որ Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով միայն մեկ տարում 30 միլիարդ դոլարի արտահոսք է իրականացվել հետխորհրդային տարածքից։ Խոսքը 2013 թվականի մասին է, որը համարվում է այդ բանկի համար ֆինանսական մախինացիաների պիկային տարին։

Ընդհանուր առմամբ, անօրինական ֆինանսական գործառնությունները այդ բանկում ընթացել են 2007-2015 թթ։ Նշենք, որ 2017-ին դանիական խոշորագույն առեւտրային բանկ համարվող Danske Bank-ը խոստովանել է, որ իր էստոնական մասնաճյուղը կապ ունի Ռուսաստանից անօրինական ճանապարհով ֆինանսական արտահոսքի գործարքների հետ։

Մեկնաբանություն
X