Սա իմը չէ, նա իմը չէ, հետո՞ ինչ, որ վտանգավոր է

Մեր խմբագրություն ահազանգեց Արաբկիր վարչական շրջանի 25-րդ փողոցի բնակիչ Ալեքսանդր Փիլոսյանը։ Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրենց փողոցում մալուխագծերի անցկացման աշխատանքներ է կատարել, որոնք չեն համապատասխանում անվտանգության նորմերին եւ պոտենցիալ վտանգ են ներկայացնում իր եւ հարակից բնակելի տների բնակիչների համար։ Փիլոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բազմիցս դիմել է «ՀԷՑ», նույնիսկ հանդիպում է ունեցել «ՀԷՑ»-ի տնօրենի հետ, սակայն իր մտահոգությունները չեն կիսել։ Բանն այն է, որ, բնակչի խոսքով, փողոցի գեոֆիզիկական հնարավորությունները սպառվել են, 5 մետր լայնությամբ փողոցով անցնում են հին եւ նոր ջրագծերի մետաղական խողովակներ, կոյուղագծի խողովակ եւ յուրաքանչյուր առանձնատան անհատական մետաղյա կոյուղագծերի տարբեր խորությամբ խողովակներ, իսկ «ՀԷՑ»-ը պատրաստվում է փողոցի կենտրոնական մասով բարձր լարման էլեկտրական մալուխներ տանել։ «ՀԷՑ»-ին ուղղված դիմումներից մեկում Փիլոսյանը մասնավորապես նշել է․ «Նշված փողոցում դեպի կայան տարված էլեկտրամալուխները մոնտաժվել են բազմաթիվ խախտումներով։ Երկու բազմաբնակարան շենքերին սպասարկող չորս առանձին մալուխալարերն անցնում են թվով 6 առանձնատների սեփականությունը համարվող ավտոտնակների եւ հողամասերի միջով։ Բազմաթիվ անգամ մալուխալարերի վնասման պատճառով վերանորոգման աշխատանքների ժամանակ քանդվել են սեփականատերերի շինությունների հատակները, վնասվել ու ոչնչացվել են առանձին ծառատեսակներ։ Կայանից դեպի փողոց տեղադրված հենասյուները գտնվում են բնակիչների սեփականությունը հանդիսացող հողամասերում։ Կայանից անհայտ ուղղությամբ գնացող օդային մալուխների համար օգտագործվել է ցերեկային լույսի համար նախատեսված հենասյունը, որը ծանրության ուժի ազդեցության տակ թեքվել է դեպի փողոցի կենտրոնական մաս եւ ժամանակի ընթացքում թեքվածության աստիճանը մեծանալու պատճառով շրջվելու է դիմացի տան վրա՝ հանգեցնելով մի շարք վտանգավոր հետեւանքների։ Քիչ ավելի հեռու մալուխներն ընկած են գազատար խողովակների եւ առանձնատների՝ մետաղական թիթեղից պատրաստված տանիքների վրա։ Այսքանից հետո փողոցի կենտրոնական մասով նախատեսվում է տանել բարձր լարման էլեկտրական մալուխներ՝ այն դեպքում, երբ 5 մետր լայնությամբ փողոցով անցնում են հին եւ նոր ջրագծերի մետաղական խողովակները, կոյուղագծի խողովակը եւ յուրաքանչյուր առանձնատան անհատական մետաղյա կոյուղագծերի տարբեր խորությամբ խողովակները։ Նշված փաստերը վկայում են այն մասին, որ փողոցի գեոֆիզիկական հնարավորությունները սպառված են»։

Փիլոսյանի դիմումին պատասխանել է «ՀԷՑ» տնօրեն Ղազինյանը՝ մասնավորապես ասելով, որ Փիլոսյանի նշած արտաքին լուսավորության հենասյան վրա հենված մալուխագծերն իրենց հաշվեկշռում չեն, իսկ Փիլոսյանի հողամասի միջով անցնող մալուխներն անցկացվել են ավելի վաղ, քան նա սեփականաշնորհել է այդ տարածքը։ Կարծես թե, ըստ ՀԷՑ տնօրենի պատասխանի, այս պատճառաբանությունները վերացնում են բնակչի այն մտահոգությունները, որ բարձր լարման լրացուցիչ մալուխագծերի անցկացումը պոտենցիալ վտանգներ է ներկայացնում․

«Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նշված փողոցի՝ մալուխագծի անցկացման աշխատանքներն իրականացվում են նախագծի տեխպայմանի համաձայն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր եւ հարակից տների բակային տարածքներով, ավտոտնակների միջով անցնող 6 ԿՎ մալուխագծերին, ապա նշեմ, որ նշված ենթակայանը եւ մոնտաժված մալուխագծերը կառուցվել եւ անցկացվել են ավելի վաղ՝ 1984 թվականին, քան Ձեր կողմից 2005թ․ բակային տարածքի նկատմամբ սեփականաշնորհման իրավունքի ձեռքբերումը։

Նշեմ նաեւ, որ Ձեր տան դիմացի արտաքին լուսավորության հենասյան, գազատար խողովակի վրայով անցկացված մալուխագծերը չեն գտնվում «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում»,- ասվում է «ՀԷՑ»-ի պատասխանում։

Իր այս մտահոգություններով Փիլոսյանը նաեւ դիմել է Երեւանի քաղաքապետարան։ Այս դեպքում էլ աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նախ նշել է, որ աշխատանքները «ՀԷՑ»-ի կողմից կատարվում են քաղաքապետարանի տրամադրած թույլտվությանը համապատասխան, իսկ հետո էլ հիշեցրել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը։ «Տեղեկացնում եմ, որ Արաբկիրի 27-րդ փողոցում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի էլեկտրամատակարարման արդիականացման շինարարական աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից կառուցապատող «ՀԷՑ» ՓԲԸ-ին տրված շինարարության թույլտվության հիման վրա։ Ինչ վերաբերում է վերոնշյալ շինարարական աշխատանքներն իրականացնելու հետեւանքով Ձեզ հասցվելիք հնարավոր վնասներին վերաբերող փաստական հանգամանքները՝ համապատասխան մասնագիտական փորձագիտական կամ տեխնիկական հետազոտության եզրակացությամբ հիմնավորելուն (որը պետք է ապահովվի անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից), ենթակա են քննարկման կառուցապատող «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ, իսկ Ձեր օրինական պահանջների շուրջ փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում Ձեր սեփականության իրավունքի կամ օրինական շահերի խախտումները վերականգնելու պահանջները ենթակա են բողոքարկման դատական կարգով, քանի որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինական գործունեության հետ կապված հարցերը լուծվում են դատական կարգով»,- ասվում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X