Բա սերիալագետ չլինեի՞

Երբ դերասանը սերիալից դուրս է թռչում եւ հայտարարում, որ ընտրություններում իր դեմ «խաղ չկա», երկու բան կարելի է մտածել` կա՛մ նա դերի ազդեցության տակ է, կա՛մ տակավին պատրաստ չէ լուրջ դեր կատարելու: Ընտրությունը թողնում եմ Հայկոյին, որ ավելի ուշ փորձել է արդարանալ, բայց նույնիսկ արդարացման այն խոսքերը, որ ասել է «բեզ պիծի մինուտ» հաղթած-վերջացրած թեկնածուն, դժվարանում եմ իրեն վերագրել: Նստել են, թիմով դզել-փչել, որ մի հնարքով էս փորձանքից ազատվեն: Եթե 35-40 տարվա լրագրողական փորձս ինձ խաբում է, ապա Հայկ Մարությանին կխնդրեի նույն ձեւաչափով, այսինքն` հրապարակային ելույթով (Ֆեյսբուքը հաշիվ չէ) ապացուցել, որ կարող է մայրաքաղաքի ղեկավարին վայել 1-2 քաղաքական միտք արտահայտել ինքնուրույն:

Այսուհանդերձ, ես հակված եմ սա համարել Հայկոյի երախայրիքը, առաջին ելույթը, որ շատերի մոտ է վատ ստացվում: Կպատահի: Շատ էլ խիստ չլինենք, որովհետեւ իսկապես դժվար է վարդագույն Երեւանը պատկերացնել սեւ եւ սպիտակ գույներով: Դրա համար մի ուրիշ կարգի երեւակայություն է պետք, այնպես չէ՞: Հետեւաբար, դեռ պետք է, որ Հայկոն ձերբազատվի «Կարգին սերիալի» ուրախ ռոմանտիզմից եւ անցում կատարի դեպի «Ազիզյանների» տխուր ռեալիզմ: Այլ կերպ ասեմ․ Հայկո ջան, քաղաքացին` ժողովուրդը, սեւ եւ սպիտակ չի լինում: Սեւ եւ սպիտակ, շնորհքով եւ անշնորհք լինում են պաշտոնյաները, ընդհուպ` թիվ մեկ ղեկավարները: Սա ես չեմ ասել, սա ասում է այն ժողովուրդը, որին, ավաղ, ժամանակ առ ժամանակ առաջնորդում են մարդիկ, որոնք չգիտեն կամ միտումնավոր չիմանալու են տալիս այս հասարակ բանը:

Դե լավ, գույներն ավելի չխտացնենք, որովհետեւ արդեն առաջարկներ են հնչում Հայկ Մարությանին մեկ ուրիշով փոխարինելու մասին, ու, եթե բան է, Նիկոլ Փաշինյանը նման քայլ անի, հիմա էլ պետք է դարդ անենք, թե ինչու էն տղուն, ընտրապայքարը չսկսված, «հանեցին գործից»: Բայց ես գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ Փաշինյանը նման քայլ չի անի: Եթե անող լիներ, հիմա նրա փոխվարչապետները, նախարարների 80 տոկոսը, իսկ խոսնակ-մոսնակների 95 տոկոսն այլեւս աշխատելիս չէին լինի: Ուստի Հայկ Մարությանը պետք է հույսը դնի իր վրա ու ավելի շատ աշխատի, քաղաքագիտական լավ-լավ գրքեր կարդա, խորհրդականներ վարձի վերջապես: Ի՞նչն է շատ այսօր` խորհրդականը: Այո, բայց «ՔՊ»-ից դուրս, այլապես էֆեկտը շատ մեծ չի կարող լինել: Ի՞նչ է պատահել, Նիկոլ Փաշինյանը «ՔՊ»-ից դուրս խորհրդականներ չունի: Տեսա՞ք, թե ինչպես հրաժարվեց Արցախի անկախության տոնին մասնակցելուց` Հայաստանի եւ Արցախի ղեկավարներին արհեստականորեն սեւի եւ սպիտակի բաժանելով: «Իր հոգու սպիտակեղենի այսպիսի ցուցադրություն» թերեւս մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր արել: Շկոլայի կամ լավ խորհրդականի հարց է` կասեին քաղաքագետները:

Ի դեպ, Հայկ Մարությանի հայտարարությունը ք-ն է գցել ոչ միայն բոլոր «սպիտակներին», այլեւ ենթադրյալ «սեւերին», այսինքն` մյուս քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են Երեւանի ընտրություններին եւ սկսել են ամենատարբեր ձեւաչափերով ոչ պաշտոնական շփումներ ունենալ ընտրողների հետ` փորձելով նրանց դուրս բերել հետհեղափոխական էյֆորիայից: Դե արի ու մոտ կես միլիոն էլեկտորատին հատ-հատ բացատրիր, որ՝ չէ, եղբայր, ես «կանաչ» եմ, մյուսը` «կարմիր», երրորդը՝ «զըռ կապույտ», չորրորդը` «դեղին»… Առանց այն էլ ՀՀԿ-ի բացակայության եւ ԲՀԿ-ի զսպվածության պատճառով ընտրողին տեղամաս տանելու լուրջ խնդիրներ կան այսօր: Ո՞վ է մարդկանց ավտոբուսներով ու «գազելներով» տեղամասեր բերելու, երբ քյաշ փող, որպես այդպիսին, չի լինելու: Իսկ դա նշանակում է առաջին հերթին մասնակցության թվի կտրուկ անկում: Հայկ Մարությանի հայտարարություն-հաթաթան ի զորո՞ւ է, արդյոք, բացառելու այդ անկումը, թե՞ որպես ժողովրդավարական գործընթացի հակաքարոզչություն` էլ ավելի է մեծացնելու անտարբեր զանգվածների թիվը:

ՀԳ. Որպես ստեղծված իրավիճակի լիցքաթափման լավ միջոց` Հայկ Մարությանին առաջարկում եմ դիմել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ հետաքրքրվել` արդյոք ոստիկանությունն ամեն ինչ արե՞լ է, որպեսզի, ասենք, Էջմիածնի կամ Աբովյանի «սպիտակ» ընտրողները սեպտեմբերի 23-ին քայլ չանեն դեպի Երեւանի ընտրատեղամասեր: Սա` մեկ: Եվ երկրորդ` վատ չէր լինի, որ Հայկ Մարությանը՝ որպես «սպիտակների» թեկնածու, դիմեր իր «ձյունաճերմակ» վարչապետին եւ «սպիտակաթույր» ոստիկանապետին, որպեսզի նրանք ընտրություններից օր առաջ փակեին իրենց 300 հազար դրամ համատեղ պարտքը, որը գոյացել է «սիրո եւ համերաշխության» հեղափոխության օրերին` ինձ հասցված վնասի պատճառով: Նրանք շատ լավ գիտեն` ինչի մասին եմ ես խոսում: Եթե մի ամբողջ վարչապետ եւ մի ոստիկանապետ արդեն 4 ամիս չեն կարողանում լուծել այս հասարակ հարցը, որ ես էլ գրեմ ու գովեմ իրենց, նշանակում է՝ նրանց թեկնածուն ավելի լավը չէ, քան իրենք: Միամիտ տեղը ինձնից «սեւ» քվե է ստանալու խեղճ Հայկոն, դուք գիտեք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X