Եղեգնուտցիները կիսել են ղեկավարի աթոռը

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը չի համակերպվում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մտքի հետ: Ամենուրեք հայտարարում է՝ որոշումն ապօրինի է, եւ մեղադրանքի սլաքն ուղղում դեպի մարզպետը:

Գյուղապետի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է մարզպետարանի աուդիտից հետո: Ինքը՝ նախկին գյուղապետը, կարծում է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները պաշտոնանկության բավարար հիմք չեն պարունակում:

Լիազորությունները դադարեցնելուց հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Ավագանին ու աշխատակազմը սվիններով են ընդունել նոր ղեկավարին: Ոմանք նույնիսկ բոյկոտել են՝ աշխատանքի չներկայանալով: Իսկ ավագանին բոյկոտել է օգոստոսի 31-ին հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգի միակ հարցը նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականի վավերացումն էր: Գյուղացիների պնդմամբ՝ նախկին ղեկավարն ազդում է 7 հոգանոց ավագանու անդամների վրա: «Անդամներից մեկը նախկին ղեկավարի հարազատ եղբայրն է, երկուսը՝ քեռու տղաները, մեկը՝ մորաքրոջ, մեկն էլ սանիկն ա, ով էլ մնաց՝ իրենց կամակատարն է»,- ասացին:

Եղեգնուտը 34 տարի ղեկավարած Մարգարյանը դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով որոշումը: Մեր տեղեկություններով՝ այդ հարցում նրան ստվերային օգնություն է ցույց տալիս Արմավիրի մարզպետարանի իրավաբանական վարչության նախկին պետ Յուրա Մանվելյանը, որը նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հովանավորյալն էր ու նրա մութ գործերի համահեղինակը: Եղեգնուտցիները, որ հունիսից գյուղապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին իրականացնում, սկսել են անհանգստանալ նախկին ղեկավարի հնարավոր վերադարձից: «Հայտարարում է, թե իր դեմ խաղ չկա, հեսա գալու է նստի գյուղապետ: Ասում է՝ սաղին առել եմ…»,-ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Գյուղացիների պատմելով՝ Ռազմիկ Մարգարյանի թույլ տված բազմաթիվ չարաշահումների մասին տեղյակ են նաեւ իրավապահները: «Բայց մարդը հայտարարում է, որ իր դեմ բան չեն կարա գտնի, քանի որ քննչականի հետ քավոր-սանիկություն կա»,- ասաց Ռուբիկ Մկրտչյանը:

Նախկին ղեկավարը հերյուրանք համարեց համագյուղացիների ասածները: «Ես լուրջ ղեկավար եմ եւ շատ լավ տիրապետում եմ համայնքային ծառայողի եւ ՏԻՄ օրենքին: Հնարավոր է ասել եմ՝ ինձ լիազորություններից զրկելն ապօրինի է, որովհետեւ ընդամենը բացթողումներ են հայտնաբերել: Ես կարողացել եմ ավերված գյուղը վերականգնել, ես դեռ պետք եմ ժողովրդին»,- ասաց Ռազմիկ Մարգարյանը:

«Եթե ժողովուրդ ասելով նկատի ունի իր 6 եղբայրներին ու հորքուր-մորքուրների տղերքին, որոնց ամեն ինչով ապահովել է, ուրեմն ինքը ճիշտ է: Ժողովուրդը նաեւ մենք ենք, որ իրեն չենք ուզում»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X