Զեյնալյանը չի կողմնորոշվում՝ Շանթի խնդրանքը մերժի՞, թե՞ բավարարի

Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի արդյունքում բանտում հայտնված Շանթ Հարությունյանը, ով արդեն հինգ տարի է՝ իր պատիժն է կրում ՔԿՀ-ում, երեկ իր վրդովմունքն ու դժգոհությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երբ վերջինս «լայվով» անդրադարձավ իր թեմային։ Շանթը բանտից մեկնաբանություն էր ուղարկել՝ որպես արձագանք Փաշինյանի ասածներին, որտեղ համեմատական է անցկացրել Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Փաշինյանն ասել էր, որ ինքն առաջարկել է Շանթ Հարությունյանին նրա պահման փակ ռեժիմը փոխել բաց ռեժիմի, բայց Շանթը չի համաձայնել՝ պահանջելով ամբողջությամբ արդարացնել իրեն։ Փաշինյանն էլ ասել է, որ ինքը դատական իշխանությանը չի կարող հրահանգներ տալ։ Շանթն էլ իր արձագանքում զուգահեռներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ «Եթե Նիկոլ Փաշինյանն իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի եւ բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես, իհարկե, ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար, եւ իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձն ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն»,- ասել է նա։ Այնուհետեւ հիշել է իր նախկին բանտարկությունից մի դեպք․ երբ 2008-ի գործով գտնվել է ԱԱԾ-ի բանտում, դիմել է բանտապետին, որ լրագրողների հետ հանդիպում կազմակերպի, քանի որ օրենքը թույլ է տալիս, բայց բանտապետ Խլղաթյանը քմծիծաղ է տվել՝ նշելով, թե այդ օրենքը ձեւի համար է։ Սրանով Շանթ Հարությունյանը փաստացի դիմում է, որ ՔԿՀ-ն իրեն թույլ տա հանդիպել լրագրողների հետ, կարճ ասած՝ ասուլիս տալ։

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, մեզ հետ զրույցում նախ ասաց, որ իր հայրը պաշտոնապես որեւէ մեկին չի դիմել ասուլիսի համար՝ հաշվի առնելով նախկին ձախողված փորձերը։ Հետո նշեց, թե լրագրողներն իրենք պետք է դիմեն արդարադատության նախարարությանը, որն էլ պետք է որոշի՝ թույլ տալի՞ս է հանդիպում Շանթի հետ, թե՞ ոչ։ Եթե թույլ տա, Շանթն անպայման կհամաձայնի։

«Շանթը չպետք ա դիմի, է, նախարարին, ասուլիս տվողը չի դիմում, այլ ինչ-որ միջոցով փոխանցում ա լրագրողին, որովհետեւ կարող ա ինքը դիմում ա, ու ոչ մի լրագրող չի գալիս։ Լրագրողները պետք ա դիմեն»,- ասաց Շահեն Հարությունյանը։ Նա նշեց, որ օրենքը թույլ է տալիս, որ լրագրողները հարցազրույց վերցնեն կալանավորներից, բայց այդ օրենքն այսօր որեւէ մեկը չի կիրառում, կամ կիրառում են ընտրողաբար։ «Օրենսդրության մեջ, բանտի պատերին էլ գրած ա, որ յուրաքանչյուր կալանավոր ունի հարցազրույց անելու իրավունք։ Կան հարցազրույցներ ինտերնետում, էդ ամեն ինչը կարող են տեսնել։ Օրինակ՝ էն Հանրայինի Արուսիկ Տիգրանյան ա, ինչ ա, դա ո՞նց ա գնացել կանանց գաղութ, հարցազրույց արել մարդկանց հետ։ Հիմա, էսքան ժամանակ Շանթին քանի անգամ ասել են՝ օրենքը ձեւական ա գրած թղթի վրա, դա մենք ենք որոշում։ Դա ասել են լուրջ պաշտոնատար անձինք»,- ասաց Շանթի որդին։

Թե ինչում է հիմնական տարաձայնությունը Շանթի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, Շանթի որդին ասաց, որ իր հայրը համաձայն չէ Փաշինյանի առաջարկին՝ պատժի ձեւի փոփոխության մասով, նա ուզում է ամբողջական արդարացում եւ ազատում։ «Եթե էդ մարդը քաղբանտարկյալ ա, ի՞նչ պատժի մասին ա խոսքը, որ մի հատ էլ մեղմացվի։ Իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Շանթն ունեցել ա երկու հնարավորություն․ առաջին՝ որ դուրս գա բաց ռեժիմ, որից հրաժարվել ա, եւ երկրորդ, պայմանական վաղակետ արձակման տարբերակը, բայց մերժել ա։ Իսկ հիմա միայն ասում են՝ բաց ռեժիմ, էդ պայմանականն էլ չեն ասում անգամ։ Կամ՝ լավ, հա՛մ Սերժն էր առաջարկում նույնը, հա՛մ Նիկոլն ա նույնը առաջարկում, բա իրանց տարբերությունը ո՞րն ա, իրավիճակի փոփոխությունը ո՞րն ա, որ ասում եք՝ նոր Հայաստան, նոր իրավիճակ։ Սերժը չէր համարում Շանթին քաղբանտարկյալ, բայց տալիս էր իրան հնարավորություն, Նիկոլը համարում ա քաղբանտարկյալ ու չի տալիս հնարավորությունը։ Դրա բարոյական կողմը ո՞րն ա, բարոյականություն չկա էդտեղ»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Արդարադատության նախարարությունից, սակայն, մեր հարցին ի պատասխան հակառակն ասացին, որ Շանթ Հարությունյանը երեկ դիմել է իրենց՝ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելու համար։ «Քրեակատարողական ծառայությունը դիմումի ընթացքի վերաբերյալ հավելյալ ծանուցում կտրամադրի»,- ասացին ԱՆ-ից, ապա հիշեցրին կարգը, թե որ դեպքում եւ ինչպես է հնարավոր դատապարտյալի հանդիպումը լրատվամիջոցների հետ․ դատապարտված անձի՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դիմելու իրավունքները սահմանված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածով, իսկ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի տեսակցության տրամադրման կարգը, ինչպես նաեւ դատապարտյալի լուսանկարահանման, տեսանկարահանման ու հարցազրույցի իրականացման կարգը՝ համապատասխանաբար ՀՀ կառավարության «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման 16 եւ 21 գլուխներով։

Գուցե նախարարությունը սպասում է քաղաքական հրահանգի՞, որ հետո նոր «ինքնուրույն» որոշում կայացնի՝ թույլատրե՞լ Շանթ Հարությունյանի հանդիպումը լրագրողների հետ, թե՞ ոչ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X