Արցախի տոնին մասնակցելով չէ, որ պետք է դրսևորվի վարչապետի վերաբերմունքը

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 27-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին Ստեփանակերտում հյուրերի հետաքրքիր կազմ էր հավաքվել։ Գլխավոր փաստը, որ աչք զարնեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն էր։ Բանն այն է, որ նախորդ իշխանության ղեկավարները գրեթե միշտ մասնակցել են Ղարաբաղի անկախության տոնակատարություններին։ Հեղափոխական կառավարությունը տոնական միջոցառմանը ներկայացված էր ի դեմս ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի։

Սակայն միջոցառման պաշտոնական հարթակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի, նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կողքին կանգնած էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցություններից։ Այնպիսի տպավորություն էր, թե Արցախում «հակահեղափոխականների» հավաք էր կազմակերպվել, մանավանդ՝ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ այս օրերին Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում-բանակցությունների «միջնորդ» Արկադի Ղուկասյանն էլ էր ներկա։ Առօրյայում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջին շաբաթներին առավել հաճախ են այցելում Արցախ, հանդիպում տարբեր շրջանակների հետ, քննարկում վերադարձի իրենց պլանները, հավանաբար՝ ավելի ազատ են այնտեղ իրենց զգում, եւ այդ հանդիպումների-բանակցությունների ակտիվ կազմակերպիչն Արկադի Ղուկասյանն է։

Բակո Սահակյանը, ըստ լուրերի, ավելի պասիվ կեցվածք է ընդունել, իսկ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն ավելի է ջերմացել Փաշինյանի հետ, քանի որ վերջինս, ըստ որոշ լուրերի, Հարությունյանին է տեսնում Արցախի հաջորդ նախագահի աթոռին, իսկ ըստ այլ լուրերի՝ ինքը՝ Ա․ Հարությունյանն է դրան ձգտում՝ դեպի նախագահի աթոռը տանող ճանապարհը տեսնելով Նիկոլ Փաշինյանի հետ մերձենալու միջոցով։ Մասնավորապես սա է պատճառը, որ Արցախի նախկին վարչապետի նկատմամբ որոշակի անվստահություն կա արցախցի նախկին եւ ներկա իշխանավորների մոտ։ Մեզ պատմեցին, որ անկախ ամեն ինչից, Արայիկ Հարությունյանը տոնական միջոցառման ժամանակ չի թաքցրել իր հակակրանքը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների, մանավանդ՝ ԱԱԽ քարտուղարի նկատմամբ։ Երեկ մեզ հետ զրույցում, սակայն, Հարությունյանը վստահեցրեց, որ ինքը ջերմ հարաբերություններ է պահպանում բոլորի հետ, իսկ Բակո Սահակյանի հետ իր հարաբերություններն ավելի լավացել են, քանի որ այլեւս իրենց կարգավիճակներն են տարբեր։ Չհերքեց նաեւ Փաշինյանի նկատմամբ ունեցած մեծ հարգանքը։

Թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին, չէր մեկնել, վարչապետի խոսնակ Արման Եղոյանը մեզ պատասխանեց․ «Վարչապետ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցն Արցախ էր: Դրանից հետո նա բազմիցս եղել է Արցախում: Միջոցառմանն Արցախում չլինելը պայմանավորված է աշխատանքային գրաֆիկով, չգնալու թաքնված պատճառ չի կարող լինել»։ Ի դեպ, մի քանի օր առաջ վարչապետն ընտանիքով այցելել էր Արցախ՝ այնտեղ ծառայող որդուն տեսակցության․ «Ես ամեն կարծիք չեմ մեկնաբանում, ես էլ հակառակ կարծիք կասեմ, հակառակ մեկնաբանությունը, երկու հարցերը չեն կորելացվում, Արցախի տոնին մասնակցելով չէ, որ պետք է դրսեւորվի վարչապետի վերաբերմունքն Արցախի նկատմամբ, վարչապետին առիթ պետք չէ Արցախ այցելելու համար։ Առավել եւս՝ վարչապետն իր աշխատանքային այցերը չի կառուցում որեւէ այլ նախկին կամ ներկա պաշտոնյաների գրաֆիկի հետ համեմատության մեջ»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ գուցե Արցախում հավաքված «հակահեղափոխական» թիմի պատճառո՞վ չի մեկնել։ Սակայն Եղոյանն ի պատասխան նկատեց, որ եթե խոսքն օրենսդիր մարմնի ներկայացուցչի եւ իշխանության նախկին ներկայացուցչի մասին է, ապա․ «Թույլ տվեք չհամաձայնել «հակահեղափոխություն» տերմինի հետ, որովհետեւ նրանք չունեն հակահեղափոխության որեւէ ռեսուրս»։ Իսկ Արկադի Ղուկասյանը եւ մյուսնե՞րը։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։ Մինչդեռ համացանցում քննարկում էին, որ շաբաթ-կիրակի Փաշինյանը Սեւանի կառավարական ամառանոցում է եղել, որտեղ սիրում է անցկացնել հանգստյան օրերը։ Ավելին, սոցցանցերում քննարկման թեմա էր դարձել հատկապես վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, որը Սերժ Սարգսյանի ժամանակներն է հիշեցրել։ Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, երեկ Ֆեյսբուքի իր էջում վարչապետի թիմակից Հայկ Մարությանի հայտնի ելույթին անդրադառնալով, գրել էր նաեւ․ «Մի գնացեք ձուկ ուտելու Արցախի անկախության օրը, գնացեք Արցախ, եթե դուխ ունեք, լրջացեք…»։

Հովիկ Աբրահամյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն նրա մտերիմների համար եւս անսպասելի է եղել նախկին վարչապետի հայտնությունն Արցախում։ Ավելի ուշ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանեց այցը՝ նշելով․ «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախի Հանրապետության կառավարության հրավերով է մասնակցել Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միջոցառումներին մասնակցել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բացակայում էին նաեւ ՀՀ երեք նախկին նախագահները»։ Մենք տեղեկացանք նաեւ, որ հրավեր ուղարկվել է ՀՀ բոլոր նախկին վարչապետներին՝ Տիգրան Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Արամ Սարգսյան եւ մյուսներ։ Հրանտ Բագրատյանն ու Արամ Սարգսյանը եւս ընդունել են հրավերը եւ մեկնել Արցախ։

Արմեն Սարգսյանի մասնակցության եւ հանդիպումների մասին մենք մի շարք հարցեր էինք ուղղել ՀՀ նախագահի գրասենյակ, մասնավորապես՝ «Արմեն Սարգսյանի ներկայությունն Արցախի անկախության միջոցառմանը պետական արարողակարգո՞վ է սահմանված, թե՞ կարող էր չմասնակցել, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախապես տեղյակ եղե՞լ է, որ վարչապետը չի մասնակցելու, կար տպավորություն, որ միջոցառմանն առավելապես նախկին իշխանական թիմն էր հավաքվել։ Արմեն Սարգսյանն առանձնազրույց ունեցե՞լ է Արկադի Ղուկասյանի, Հովիկ Աբրահամյանի հետ։ Արմեն Սարգսյանն Արցախի հարցի կարգավորման շուրջ վերջին երեք ամիսներին որոշակի փոփոխություններ նկատե՞լ է, ունի՞ մտահոգություններ, որոնցով թերեւս պայմանավորված է եղել մասնակցությունը տոնական միջոցառմանը»։ Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանի կողմից ստացանք մի քանի տողանոց մամլո հաղորդագրություն․ «Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել է Արցախի ղեկավարության հրավերով: Հանրապետության նախագահի այցի եւ Արցախի նախագահի հետ հանդիպման մասին տարածվել է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն: Նախագահ Սարգսյանն այլ հանդիպումներ չի ունեցել»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X