ԱԺ-ում ուժգնանում է «ինադի» գործոնը

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը քննարկելու է դատական իշխանության առանցքային պաշտոններին վերաբերող երկու հարց՝ վճռաբեկ դատարանի նախագահի եւ ՍԴ անդամի թեկնածությունները։ Քննարկումը բուռն է լինելու եւ մեր տեղեկություններով՝ անպտուղ։ Հանրապետականները հակված են տապալելու ԲԴԽ-ի առաջադրած թեկնածուին՝ քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Իսկ «Ելքն» ու ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, տապալելու են ՍԴ անդամի թեկնածու, վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի ընտրությունը։ Նա առաջադրվել է որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Մինչ այդ ԲԴԽ-ն երկու անգամ ՍԴ անդամի թեկնածու էր առաջադրել, եւ երկու անգամ էլ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները տապալեցին ընտրությունը։ Մայիսի 4-ին նրանք միասնաբար չմասնակցեցին նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝ Արցախի նախագահի նախկին խորհրդական Էմիլ Բաբայանի ընտրությանը։

Դրանից հետո նախագահ Արմեն Սարգսյանը, հաշվի առնելով հանրության՝ ՀԿ-ների, փաստաբանների մտահոգությունները, որոշեց խորհրդակցություններ նախաձեռնել՝ տեղեկացնելով այդ մասին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն, չսպասելով նախագահին, դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 23-ին իր թեկնածուն առաջադրեց՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին, քանի որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, առաջադրումները հաջորդաբար կատարում են հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը: Քվեարկությունը կայացավ հունիսի 13-ին․ Ելիզավետա Դանիելյանին ԱԺ-ն եւս չընտրեց։ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 54-ը։ Նա ստացավ ընդամենը 36 ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի կողմ քվե։ Հունիսի 23-ին դատավորների ընդհանուր ժողովը նոր թեկնածու ընտրեց՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանին, որին դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց հունիսի 23-ին։ Այս վերջին ժողովին դատավորների կեսից ավելին չէր ներկայացել՝ լավ հասկանալով, որ նոր թեկնածուն արժանանալու է նախորդների բախտին։ 240 դատավորից ժողովին մասնակցել էր մոտ 80 հոգի։

Այսպիսով, խորհրդարանում օրեցօր հզորանում է «ինադի» գործոնը։ Նոր իշխանության համար սկզբունքային է Սահմանադրական դատարանում ճգնաժամ ստեղծելով, տապալելով ՍԴ անդամի ընտրությունը՝ հոգեբանական ճնշում գործադրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա՝ ստիպելով, որ նա հեռանա։ ՍԴ-ն բարդ օղակ է, եւ 9 դատավորից անգամ մեկի բացակայությունը կարող է խաթարել այս մարմնի բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում, ի վերջո, կարծում են, Թովմասյանը տեղի կտա եւ դիմում կգրի։

ՍԴ անդամ չընտրելուն ՀՀԿ-ն որոշել է հակազդել վճռաբեկ դատարանի նախագահի «չընտրությամբ»։ Հիշեցնենք, որ 10 անդամից բաղկացած Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 12-ին վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու էր ընտրել քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Նա փակ-գաղտնի քվեարկությամբ ստացել էր ԲԴԽ անդամների 7 ձայն եւ առաջադրվել այս պաշտոնին։ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվելու համար նրան անհրաժեշտ է պատգամավորների 63 ձայն։ Այս դեպքում կդադարեն նրա՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահի լիազորությունները, եւ նա կդառնա վճռաբեկի նախագահ, իսկ քաղաքացիական պալատի նոր նախագահ կընտրվի: Եթե նա չստանա այս քվեները, ինչն ավելի հավանական է, ապա կշարունակի մնալ պալատի նախագահ։ Խունդկարյանին տապալելու ՀՀԿ մտադրության վերաբերյալ տեղեկությունը հայտնել է կուսակցությանը մոտ իրավական աղբյուրը։ Խունդկարյանը դատարանի աշխատանքում նոր որակ ազդարարող գործչի իմիջից հեռու է մղոններով։ Նա տարիներ շարունակ համարվել է վճռաբեկի նախկին նախագահ Արման Մկրտումյանի աջ ձեռքը եւ ընկալվում է որպես ՀՀԿ դարաշրջանի գործիչ։ Եվ չնայած դրան՝ ԱԺ մեծամասնություն վայելող քաղաքական ուժը հակված չէ հաստատել նրա թեկնածությունը։ Հանրապետականները կա՛մ չեն հաստատում սա, կա՛մ հաստատում են անուղղակի։

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը մեր հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն որոշե՞լ է չքվեարկել Խունդկարյանի օգտին, պատասխանեց․ «Նման որոշում չկա»։ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք Երվանդ Խունդկարյանին վճռաբեկի նախագահի պաշտոնում, պատասխանեց․ «Ես նրան չեմ ճանաչում։ Կգա օրը, կներկայացնեն, կքվեարկենք»։ Լսել ենք, որ կա միասնական որոշում՝ դեմ քվեարկելու, ի՞նչ կասեք։ «Ես չեմ լսել նման որոշման մասին, տեղյակ չեմ»։ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը հարցին, թե ինքն ինչպես է քվեարկելու ամսի տասին, պատասխանեց․ «Այս պահին անհատական կողմնորոշումը մնացել է բաց։ Եթե ընդհանուր կողմնորոշում լինի, կհետեւեմ դրան»։ Ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն որոշել է չքվեարկել Երվանդ Խունդկարյանի օգտին։ «Որքան գիտեմ, այս պահին որոշում չկա։ Խմբակցության նիստ չենք ունեցել, դա կարող է լինել քառօրյայից առաջ։ Տեսեք, նախ՝ մի թեկնածու է, մրցակից չկա։ Ընտրությունը կարող է արդիական լինել, եթե մրցակից լինի, եթե չկա, պետք է ընդունենք առաջարկած թեկնածուին, կամ միասնական քաղաքական որոշում պետք է լինի»,- պատասխանեց պատգամավորը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X