Սխալների սրբագրում

Ինչպես ասում են՝ սխալն էլ մարդու համար է, չեն սխալվում միայն ոչինչ չանողները։ Այնպես որ, նոր իշխանությունների եւ հատկապես իշխանության թեկնածուների հանդեպ պետք է ներողամիտ լինել եւ սխալներն ուղղելու ժամանակ տալ։ Ավելի վատ բաներ կան, որոնց հանդեպ պետք է անհանդուրժող լինել՝ ըստ իս։ Մեկը, օրինակ, իշխանություն տնօրինողների մեծամտության, դիտողություններ ու քննադատություն չընդունելու կեցվածքն է։ Երբ կառավարման փորձ չունեցողներն իրենց անսխալական են համարում եւ սովորելու ոչ մի ցանկություն չեն դրսեւորում։ Երբ կարծում են, որ եթե իրենք իշխանափոխություն են արել, ուրեմն հավերժական ինդուլգենցիա են ստացել, որ իրենց չպիտի ասեն «աչքիցդ վերեւ հոնք կա»։

Երբ յուրաքանչյուր քննադատող դառնում է հակահեղափոխական ու սեւ, հայտարարվում թշնամի եւ դառնում ոչնչացման ենթակա թիրախ։ Ու հասկանում ես, որ իշխանությունը «խփել է ոմանց գլխին»։ Հայկ Մարությանի հայտարարությունները, որ փոթորկել են հանրությանը, ինքնին մեծ բան չեն՝ մարդ է, վրիպել է։ Այս պատմության մեջ այլ վտանգ կա՝ թեկնածուն համարում է, որ ինքն արդեն ընտրված է, եւ ընտրվածի բարձունքից է խոսում մարդկանց հետ։ Բացի այդ, հանրային հարթակներում ելույթ ունենալու փորձ չունեցող թեկնածուն հարկ չի համարել պատշաճ պատրաստվել առաջին հանդիպմանն ու իր ելույթին։ Ոչինչ չէր խանգարում Հայկին՝ նախապես տեքստ գրել կամ խնդրել, որ խելոք մարդիկ գրեն։

Մի քանի օր աշխատել այդ տեքստի եւ այն սովորելու վրա, ապա նոր բարձրաձայնել այն։ Դա ե՛ւ պատասխանատու վերաբերմունք կնշանակեր լսարանի նկատմամբ, ե՛ւ հարգանք իր ապագա պաշտոնի հանդեպ։ Մի քանի նման անպատրաստ ու անմտածված տեքստեր, եւ անգամ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի բավարարի նրա քաղաքապետ դառնալու խնդրի լուծմանը։

Մեկնաբանություն
X