Նիկոլ Փաշինյանը հետ չի մնում Սերժ Սարգսյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարծես թե, շատ են դուր եկել «նախագահական հաճույքները»։ Վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց՝ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները սկսեցին լիուլի օգտվել երկրի առաջին դեմքին ի պաշտոնե, պետության կողմից ընձեռված հնարավորություններից՝ ֆուլ փաթեթով։ Այն աստիճանի, որ նրանց կազմակերպած «փարթիներին» կնախանձեր անգամ Սերժ Սարգսյանը, ով հազար մեղքի մեջ էր մեղադրվում՝ հաճախ շատ արդարացիորեն։ Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը Սևանա լճի ափին գտնվող նախագահական ամառանոցից օգտվում էր շատ հազվադեպ, ապա Փաշինյանը, ինչպես տեղեկացանք, ամեն շաբաթ ընտանիքով մեկնում է Սևան՝ հանգստանալու, կառավարական ամառանոցում «փարթիներ» կազմակերպելու։ Եվ այս ֆոնին բնավ էլ պատահական չէր նաև սեպտեմբերի 1-ին վարչապետի՝ հենց Սևան քաղաքի դպրոցներից մեկն այցելելը։ Ինչո՞ւ հենց Սևանի, թող Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզի որևէ դպրոց այցելեր, կամ, ասենք, գնար հեռավոր Սյունիքի մարզ, դիցուք՝ Շուռնուխ գյուղ, ու գյուղի դպրոցի աշակերտների հետ նշեր գիտելիքի օրը։ Բայց վարչապետը նախընտրեց Սևանը, քանի որ օրը շաբաթ էր, և ընտանիքով մեկնել էին Սևանա լիճ՝ կառավարական ամառանոցում հանգստանալու, այնտեղից էլ հայրենի Իջևան մեկինելու և «թաղի երեխքի հետ սելֆի անելու»։ Բայց քանի որ Սևանում էին, վարչապետը որոշեց ձեռքի հետ էլ պաշտոնական այց կազմակերպել մոտակա դպրոցներից մեկը։ Ի վերջո, մարզի դպրոց է, եւ մեկ էլ ով գիտի՝ երբ էին այստեղ տեսել ՀՀ վարչապետին կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի։

Կիրակի երեկոյան Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը նկատեցինք Սևան-Երևան մայրուղում՝ Սևանից վերադառնալիս։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու ավտոշարասյուն կամ կորտեժ բառերը անհամատեղելի ու զարմանալի էին թվում, չէ՞ որ նա ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետ է` ավտոշարասյունը, փարոսիկներով մեքենաներն ու ճանապարհ փակելը Սերժ Սարգսյանին էին հատուկ, ով մշտապես քողարկված էր ժողովրդից, անգամ վախենում էր գլուխը դուրս հանել զրահապատ Mercedes-ի պատուհանից ու նայել իրեն մերժող ժողովրդի աչքերին։ Փաշինյանը վստահաբար, այդ խնդիրը չունի։ Երկրի ղեկը ստանձնելու սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը շրջում էր մեկ զրահապատ Meredes S-Class-ով և երկու ուղեկցող ամենագնացով։ Կանգնում էր կարմիրի տակ ու այնպես աննկատ էր անցնում, որ եթե մեքենաները չճանաչեիր, հաստատ չէիր իմանա, որ կողքովդ վարչապետն անցավ։ Ու դա նաեւ շատ լավ PR էր նրա օգտին։ Հիմա ամեն ինչ լրիվ այլ է։ Նրա մեքենաների թիվը կտրուկ ավելացել է, իր անվտանգությունն ապահովող զորքի թիվը՝ նույնպես։ Հիմա վարչապետին ուղեկցում է մոտ մեկ տասնյակ ավտոմեքենա, այդ թվում՝ մի քանի հատ Toyota Land Cruiser 200 ամենագնաց, նաև այն հայտնի «անտենայով» ջիպը, որը հատուկ ռադիոպաշտպանական համակարգ է իր տանիքին կրում։ Ավտոշարասյան մեջ ավելացել է նաև Volkswagen Multivan մակնիշի մինիվենը, որում ավտոմատներով զինված մարդիկ են նստում։ Այս մեքենաները ժամանակին ուղեկցում էին Սերժ Սարգսյանին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում ու նրա համար ճանապարհ են բացում նաև առջևից ու հետևից ընթացող մի քանի ՃՈ մեքենաներ, այդ թվում՝ ամենագնացներ։ Կիրակի օրը այս ամենին մենք ականատես եղանք Երևանից դուրս գալիս, երբ վարչապետը վերադառնում էր Սևանից։ Ճանապարհի ողջ երկայնքով ոտսիկաններ էին շարված, որոնք մի ձեռքով ճանապարհ էին բացում վարչապետի համար, մյուս ձեռքով՝ «չեստ» տալիս։ Մի քանի րոպե տևած այդ տեսարանը ոչ լավ իմաստով նոստալգիկ հիշողություններ առաջացրեց մեզ մոտ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X