Ալամ աշխարհի աչքն էս շենքի վրա էր

Շիրակի երկրագիտական թանգարանին կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման է հանձնվել Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը նախատեսված է դրամահավաք իրականացնել վերանորոգելու համար:

Դրամահավաքի մեկնարկը տրված է: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր մեկ օրվա հասույթն է տրամադրելու, աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանն էլ օրերս հանդես է գալու բարեգործական համերգով: Շենքի նախնական վերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 50մլն դրամ, իսկ հետագա ծախսերը դեռևս հաշվարկված չեն:

Հիշեցնենք, որ հիվանդանոցի շենքը երկրագիտական թանգարանին հատկացնելու որոշումը երկար ճանապարհ է անցել: 2013 թվականին, երբ Գյումրիում շահագործման հանձնվեց նոր բժշկական կենտրոնը, մի շարք բուժհաստատություններ տեղափոխվեցին նոր շենք եւ արդյունքում մի քանի շենքեր թափուր մնացին: Թափուր մնացած շենքերից մեկը Գյուլբենկյանի անվան հիվանդանոցն էր՝ քաղաքի կենտրոնում, պատմական միջուկում՝ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում:

Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը դեռևս նախորդ կառավարությանն էր դիմել , որպեսզի այդ շենքը հատկացնեն թանգարանին, քանի որ 88 տարի առաջ հիմնադրված թանգարանը սեփական շենք երբևէ չի ունեցել: Տարիներ շարունակ տեղակայված է եղել Գյումրիի հին թաղամասերից մեկի հին ու խոնավ սեփական տներից մեկում: Ավագանու անդամի այս առաջարկին դեմ էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս հիմնավորում էր, թե եռահարկ շենքը թանգարանի համար շատ մեծ է: Բազմիցս քննարկվել է նաև, որ այդ կառույցի վրա աչք էին դրել հանրապետության մեծահարուստներից շատերը՝ հյուրանոց կամ սպասարկման այլ օբյեկտ դարձնելու նպատակով:

«Ես աչք չունեմ էդ շենքի վրա, բայց ալամ աշխարհի աչքը վրեն է»,-ավագանու նիստերից մեկի ընթացքում ասաց Սամվել Բալասանյանը: Երկրագիտական թանգարանին շենքը հանձնելու որոշումը ոգևորել է թանգարանի աշխատակիցներին: Շուրջ 25 հազար ցուցանմուշներ արկղերի մեջ էին պահվում, որոնցից շատերը 30 տարի է` չեն էլ բացվել: Թե ինչ վիճակում են տասնամյակներ շարունակ ձմռան ցրտերն ու խոնավությունը «վերապրած» ցուցանմուշները, թանգարանի աշխատակիցներն էլ չգիտեն: Պետբյուջեով թանգարանին տարեկան հատկացվում է մոտ 19 միլիոն դրամ, որի մեջ են մտնում աշխատողների աշխատավարձն ու կոմունալ ծախսերը, իսկ կողմնակի եկամուտ թանգարանը չունի: Գյումրիում նախարար Լիլիթ Մակունցը ակնարկեց, որ թանգարանի նոր շենքը վերանորոգելու միակ տարբերակն այս պահին դրամահավաքն է, միայն 2019թ-ին է հնարավոր պետբյուջեից որոշակի հատկացումներ անել:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X