Հայտարարություն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նախապայմանների վերաբերյալ

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարևորությունը, որի մասին հայտարարել ենք դեռևս 2018թ․ ապրիլին։

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը երաշխավորող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌՀ), ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող իրավապահ մարմիններ, ինչպես նաև ընտրական վեճերը պատշաճ քննող անկախ դատարաններ: Ի լրումն սրա, ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու համար կարևորագույն նախապայման է հանրային վստահությունը վերոհիշյալ կառույցների նկատմամբ։

Հեղափոխությունից հետո ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքական կամքի դրսևորումն անշուշտ գնահատելի, սակայն ոչ բավարար նախադրյալ է՝ երաշխավորելու լիովին մաքուր և/կամ հանրության համար ընդունելի՝ լեգիտիմ ընտրությունների անցկացումը։ Հայաստանում ընտրական գործընթացների համար պատասխանատու կառույցները տարիներ շարունակ այս կամ այն կերպ՝ հանցավոր գործողություններով կամ անգործությամբ մասնակցել են ընտրախախտումներին ու ընտրակեղծարարությանը, ինչի արդյունքում վարկաբեվկել են և ամբողջովին արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։ Թեև հավանականությունը մեծ է, որ նոր իրավիճակում և վարչապետի քաղաքական «հովանու ներքո» այս կառույցները դեմ չեն լինի պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները, սակայն չի կարելի մոռացության տալ նրանց պատասխանատվությունը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու և իշխանություն ձևավորելու իր իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու գործում։ Անձանց՝ պատասխանատվության անտեսումը կամ մոռացության մատնումը, մի կողմից, չեն կարող երաշխավորել ընտրախախտումների ու ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայի աներկբա դատապարտումը, մյուս կողմից, դրանք կարող են ստվեր գցել առաջիկա կազմակերպվող ընտրությունների վրա։ Խիստ կարևոր է ընտրական գործընթացներում ներգրավված կառույցների «մաքրումը» և, առնվազն, վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը իրենց զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ ՀՀՀՀՀ Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների փոփոխությունը, ինչպես նաև նրանց ընթացիկ ակտիվ ու արդյունավետ գործունեությունը հույս են ներշնչում ընտրությյունների հետ կապված իրավապահ գործառույթները օրենքով լիարժեքորեն իրականացնելու առումով։ Կարևոր և անհրաժեշտ է նաև ԿԸՀ և ՀՌՀ-ի կազմերի փոփոխությունները՝ առնվազն դրանց ղեկավարների մակարդակով։

Համոզված ենք, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է և խիստ հրատապ։

Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման։

Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն «Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման կենտրոն ՀԿ «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Սյունիքի քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոն Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն Նոր սերունդ մարդասիրական ՀԿ «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ Հանուն հավասար իրավունքների ՀԿ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ “Քալրֆուլ Հաուս” սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Հայտարարությունը բաց է ստորագրության համար

Մեկնաբանություն
X