Յունիբանկը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին

Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները: Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը:

«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված և հագեցված են ժամանակակից տեխնիկայով` համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք, ծրագրային ապահովում, - նշեց Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: - Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»:

Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրեց նաև դպրոցական պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին համակարգիչներ:

«Մենք շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին օժանդակելու համար, - նշեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը: Երեխաների համար կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»:

Սա առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին : Կրթության բարելավման ծրագրի շրջանակներում, համակարգչային դասասենյակ արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն Արցախի երկու դպրոցներում:

«Մեր ծրագիրը երկարաժամկետ է, և դրանում արդեն ներառվել են այլ դպրոցներ, որոնք ևս ունեն համակարգչային տեխնիկայի կարիք, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: - Դպրոցների տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին: Մենք շարունակելու ենքաջակցել կրթական հաստատություններին, հատկապես` սահմանամերձ դպրոցներին»:

Մեկնաբանություն
X