Անցանկալի քոմենթի համար մի արգելափակեք քոմենթ գրողի էջը

Ֆեյսբուքի ամենակարող հնարավորություններից մեկը՝ անցանկալի անձին քո էջը տեսնելու հնարավորությունից զրկելն է։ Բայց անցանկալի անձ հասկացությունը նախ ճիշտ ընկալել է պետք։ Եթե Ֆեյսբուքի օգտատերը իր էջում սահմանում է հանրային քննարկում և իր հետևորդներին հնարավորություն է տալիս մեկնաբանություններ թողնելու իր գրառման՝ քոմենթի տակ, և որևէ նշում չի անում այն մասին, որ չի ընդունում քննադատություններ, ապա պետք է պատրաստ լինի դիմակայելու նաև քննադատություններին։ Խոսքը զուտ քննադատություններին է վերաբերում, ոչ թե վիրավորական արտահայտություններին: Եվ այս պարագայում որևէ մեկի էջը արգելափակել՝ բլոկ անել միայն այն պատճառով, որ իր տեսակետով ընդդիմացել է կամ պարզապես հարցադրում է արել, առնվազն խոսքի ու մտքի ինքնահաստատման պահանջ ունեցող մարդու պահվածք է:

Երբ նախկին լրագրող, այժմ Իրավունքի ուժ ՀԿ-ի հիմնադիր Արման Ղարիբյանը, որը մարդու իրավունքների պաշտպանությամբ ու հիմնարար ազատությունները խթանելու գործունեություն է ծավալում՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է իր ու զինծառայողի նկարը և գրառում անում` «Հուսանք, որ մոտ է այն օրը, երբ ստիպված չենք լինի զինվորներ ուղարկել առաջնագիծ» և հենց այդ գրառման տակ, վերջին երկու տարում քաղաքական ենթատեքստ ստացած, Երևան քաղաքի դատարաններում քննվող հայտնի գործի` «Սասնա Ծռեր»-ի փաստաբաններից մեկը հարց է ուղղում, թե արդյոք ՀԿ-ի հիմնադիրը որոշել է ազերիներին Կասպից ծովը լցնել, թուրքերին էլ կապիտուլյացիայի ենթարկել։ Այս մեկնաբանությունն այնքան մեծ զայրույթ է առաջացնում ՀԿ-ի հիմնադրի մոտ, որ վերջինս փաստաբանի էջը բլոկ է անում։ Մինչդեռ իր ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում կա հստակ գրառում, որ կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ մարդու արժանապատվության, իրավունքի և ազատության նկատմամբ հարգանքի ամրապնդմանը:

Իսկ քաղաքական անցուդարձի ու մեր օրերի հեղափոխության ջատագով մեկ այլ փաստաբան` Տիգրան Աթանեսյանն իր էջում հանրային քննարկում է ծավալում իր պաշտպանյալի՝ Մասիսի քաղաքապետի, հեղափոխության օրերին քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար կասկածվող անձի շահերը պաշտպանելու և վերջինիս սպասումներն արդարացնելու հարցով և բնականաբար տարբեր բնագավառի մասնագետների, ինչպես նաև քաղաքացիների կողմից արժանանում բուռն քննադատության և այդ գրառման տակ անկախ լրագրողի այն մեկնաբանությանը, թե «փաստաբանը մեղավոր չէ իր գործն է կատարում, անհրաժեշտ է նախ քաղաքացիներին ծեծելու հրաման տվողներին պատժել, հետո հրամանը կատարողներին», ի պատասխան՝ փաստաբանը բլոկում է անկախ լրագրողի ֆեյսբուքյան էջը՝ մեկնաբանությունն ընդունելով որպես վիրավորանք։ Այսինքն իրավաբանը՝ փաստաբանը, որը կոչված է օրենքներն ու իրավական նորմերը պաշտպանելու, իր արարքով փորձում է արդարացնել ու կոծկել քաղաքացիներին ծեծի ենթարկելու հրաման տված անձանց հանցանքը։

Եվ եթե իրենց բնագավառում հմտացած, և մասնագիտական փորձառություն ձեռք բերած անձինք են իրենց խոսքի ու մտքի ինքնահաստատումն ու փրկությունը տեսնում կիրառելով Ֆեյսբուքի բլոկ անելու փոքրիկ կոճակը, ապա ի՞նչ կարելի է ակնկալել հասարակ քաղաքացիներից, որոնք մեծ աղմուկ են բարձրացնում և ջանքեր չեն խնայում Լիլի Մորտոյի բաց բարեմասնություններով էջը փակելու համար, ով իր կիսամերկ արտաքինով փորձում է նմանակել հոլիվուդյան աստղերին և հաղորդումների հրավերներով գումար վաստակել։

Սոցիալական ցանցերում անձանց էջերը արգելափակելով ոչ տվյալ անձի տեսակետներն են փոխվում, ոչ էլ որևէ մեկի բարեմասնություններն են փակվում, դրանք կրկին բացվում են, անմիջապես, նոր էջի ստեղծվելուն զուգահեռ։

Ի դեպ, տարբեր լրատվական կայքերում հրապարակված նյութերի տակ թողած մեկնաբանություններում էլ եմ հաճախ հանդիպում նման անհեթեթ մտքեր՝ կայքի էջը արգելափակելու մասին: Եթե որևէ հոդված մեր սրտով չէ, դա չի նշանակում, որ այն հեռու է իրականությունից: Եթե դեմ ենք հոդվածում արտահայտած տեսակետին, չի նշանակում, որ հոդվածի հեղինակը պետք է ստիպված լինի համաձայնվել հանրային կարծիքին և չհրապարակի իր տեսակետը:

Նարա Մարտիրոսյան

Մեկնաբանություն
X