«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար ստացվել է 42 հայտ

Մենք գրել էինք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն ավարտվել է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Դիմող անհատներն առհասարակ շատ բարձրորակ թեկնածուներ են: Դիմումների մեծ քանակը փաստում է պաշտոնի նկատմամբ հայտատուների մեծ հետաքրքրությունը:

Ընտրող հանձնաժողովը ուշադրությամբ կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը /Շվեյցարիա/: Հանձնաժողովը կգլխավորի Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը /Ֆրանսիա/:

Դիմումները քննարկելուց հետո հանձնաժողովը ընտրված թեկնածուին կներկայացնի Հայաստանի Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հավանությանը, նա էլ առաջադրված թեկնածուին կներկայացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միայն դրանից հետո թեկնածուն կստանձնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Նա կպարտավորվի բարեփոխել և առավել հզորացնել այս եզակի կառույցը, որը վերջին 26 տարվա ընթացքում հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Հիմնադրման առաջին օրվանից՝ 1992թ.-ից սկսած, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է 1100 խոշոր ծրագիր և հազարավոր այլ կարևոր ծրագրեր Հայաստանում ու Արցախում: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 350 մլն դոլար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի քաղաքական և կրոնական բարձրագույն պատասխանատուներից, ինչպես նաև աշխարհում հեղինակություն վայելող անհատներից:

Մեկնաբանություն
X