Ինքն արդեն ինչ-որ չափով իր սխալն ընդունել է․ Լենա Նազարյանը՝ Հայկոյի ելույթի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Լենա Նազարյանը չի ցանկանում մեկնաբանել իրենց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի երեկվա ելույթում հնչեցրած մտքերը և ասել ավելին, քան հետո պարզաբանել է ինքը՝ Մարությանը։ «Քանի որ Հայկն արդեն մեկնաբանել է և պարզաբանել է, նաև ընդունել է, որ ձևակերպման մեջ մի փոքր սխալ է արել, ես ավելացնելու բան չունեմ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը։

-Ինքն իր մասով է ասել, ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը, Դուք համաձա՞յն եք իր ասածների հետ։

-Ամեն մեկը, որ մյուսի ասածի մասին ասի, ինձ թվում է՝ տեղին չի լինի, էլի։ Ինքն արդեն ինչ-որ չափով իր սխալն ընդունել է, շտկել է, պարզաբանել է՝ ինչ է նկատի ունեցել։ Անցնենք առաջ, էլի։ Ինձ համար ամենակարևորը, որ մարդ ինքն իր վրիպումն ընդունել է, դրանից ավել ես ավելացնելու բան չունեմ։

-Ի՞նչ եք կարծում, Հայկի այս ելույթը կազդի՞ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշի և անձամբ Հայկի հեղինակության վրա։

-Ես կարծում եմ՝ Հայկը դեռ ունի ժամանակ քարոզարշավի ընթացքում իր ծրագիրը ներկայացնելու և խոսելու, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի կազմակերպած դրամահավաքի ժամանակ ելույթ է ունեցել և հայտնել մտքեր, որոնք արժանացել են սուր քննադատության։ Մասնավորապես, Մարությանն ասել է, որ իրենց թիմի դեմ խաղ չկա, Հայաստանում կան սպիտակ ու սև ուժեր, իրենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ իրենց թիմը հաջողություն ունենա, սև ուժերն են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X