Ցանկալի է, որ մեր քաղաքական կյանքում սասնածռությունը փոխակերպվի դավիթանհաղթության

Երևանի փողոցների շուկայական ֆոնի վրա, աղբի գարշահոտության մեջ, հայ մեծերի նկարներից զարհուրանք է հնչում՝ մեր ուզածը սա՞ էր։ Իսկ երբ նայում ես երթուղային տաքսի կոչվող թիթեղյա ճմրթված մեշոկներից «դուրս հորդող» մարդկանց, ակամա մտածում ես՝ այսքան մեծեր ունեցող ազգի մեծությունն այսօր ինչի՞ մեջ է թաքնվել։

Հիմա Գարեգին Նժդեհի ու Հայկ Ասատրյանի նկարներին էլ է մտահոգում հայի դժբախտության հիմնական պատճառների մասին նրա անտեղյակությունը։ Դառը ճշմարտություն, որը ցայսօր իմաստապաշտ ժողովրդի խնդիրն է մնացել։ «Պատմությունից դասեր քաղելու կամքը միայն քաղաքակիրթ ազգերին է բնորոշ», մեզ պատգամել է քերթողահայր Մովսես Խորենացին («Ծննդաբանություն հայոց մեծաց»)։ Այդ պատգամին չհետևելը միշտ վտանգել է մեր երկրի խաղաղությունը և արմատավորել տգիտությունը։ Խորենացին կմտածե՞ր, որ կգա ժամանակ, երբ հայն իր անցյալը կամբարի գրապահոցներում, իսկ պետությունը կվստահի մանկուրտներին ու փերեզակներին, որ Հայաստանի թագավորը ազգային գաղափարախոսությունը կհամարի կեղծ մտակառույց։

90-ականներին ճիգեր եղան հերքելու այդ բարբաջանքը։ Հրապարակ եկան ակադեմիկոսներ, մրցասպարեզ մտան նաև բժիշկն ու մաթեմատիկոսը, արձակագրին ու պոետը, սակայն ակնառու արդյունքներ չարձանագրվեցին։ Ո՞րն է պատճառը։ Չէ՞ որ հայ ազգն Աստծո ամենամեծ լսարանն է ունեցել։ «Որպես արիականության և քրիստոնեության առաջամարտիկ՝ հայը գործեց ճակատագրի զինվորի կամքով ու նվիրումով, իր քաջությունն օծելով սրբությամբ, իր սրից անբաժան պահելով խաչը։ Ապրում են այն ժողովուրդները, որոնք ցեղորեն օժտված են միջավայրն իրենց պատշաճեցնելու և նրան հարմարվելու ընդունակությամբ»- գրում էր Հայկ Ասատրյանն իր գրքի «Իմաստի ողբերգությունը» ամփոփիչ բաժնում։

Քուրդ մտավորական Շերիֆ Փաշան հայ ժողովրդին համարում է Արևելքի պանծալի դաստիարակ։ Նույն կարծիքին է նաև լորդ Հենրի Լինչը` «Արմենիա» երկհատորանոց կոթողային աշխատության հեղինակը, որը Հայաստանը մանրազնին ուսումնասիրելուց ու շքեղորեն ներկայացնելուց առաջ մոտիկից ծանոթ է եղել Պարսկաստանին։ «Հայերը առանձնակի ընդունակություն ունեն նոր քաղաքակրթության միջնորդը հանդիսանալու։ Նրանք իրենց հարազատ են դարձրել Արևմուտքի բարձրագույն իդեալները և այնքան բարեխղճորեն և կատարյալ կերպով են յուրացնում եվրոպական մշակույթի նվաճումները, որ այդ բանում և ո՛չ մի ազգ չի կարող հավասարվել նրանց», - գրում է նա։

Ըստ Հ Ասատրյանի՝ մենք անծանոթ չենք եղել մեր Էաբանական խորքին՝ ցեղին, խոհեմ չենք գտնվել և մեր ուղղությունն ու իմաստությունը չենք վերցրել ու քաղել հայոց անցյալը կրողներից։ Օտարամոլ լինելով կորցրել ենք ո՛չ միայն ժողովրդի մի մասը, այլև կամքի ու մտքի կենտրոնացման ունակությունը. մենք կշարունակենք մնալ բազմագաղափար, բազմանպատակ, բազմուղի, հատվածամոլ, և քաղաքականապես անստեղծագործ։ Նա կարևորել է ազգի պատմության ըմբռնման մեջ նրա ցեղաբանությանը, հոգեբանությանը, բարոյականությանը, գեղագիտությանը և ընդհանրապես արժեքային կողմնորոշմանն անդրադառնալու անհրաժեշտությունը։ Հ Ասատրյանի մոտ առանցքը միշտ եղել է հայ ազգի ինքնությունը` դիտարկված այլ ազգերի որակների բաղդատությամբ։

Եկեք մեր հեռու և ոչ հեռու անցյալի ամոթը գործերով ապաշխարհելու առաքինություն ունենանք ու լցվենք ազգափրկության հավատով։ Մեր ենթակայական մեղքն այն է, որ չենք ունեցել կամք՝ թոթափելու մեր հասարակական մտավոր մակերեսայնությունը։ Այսօր մեր նոր քաղաքականության մեջ չպետք է անտեսվի այն դիտարկը, որ քաղաքական որոշումներ կայացնելիս մեր տրամաբանությունը խարսխվում է հույզերով ու թիմային, հաճախ նաև անձնական, նկրտումներով։ Այսօր նրանց է հատուկ Քոչարյանա-Սերժական մեր ոչ վաղ անցյալի կարոտաբաղձությունը, որոնք աջ ու ձախ գռփում էին անպաշտպան ժողովրդին։ Արժե մեկ-մեկ հիշել, թե այդ ժամանակ ինչ կորուստներ ունեցանք, հատկապես մարտիմեկյան ու ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին։

Իրադրության գիտակցումը պետք է տեղի ունենա ազգային գաղափարական ոսպնյակի միջով, և այդ դռնով պետք է անցնի յուրաքանչյուր հայ քաղաքական գործիչ, որպեսզի այլևս չտրվի դրսի դավադիր գաղափարական սադրանքներին։ Ոչ ոք ապահովագրված չէ մտավոր այլասերումից, մանավանդ որ գայթակղությունը ներկայանում է բարգավաճման պաճուճանքով` հասարակական իդեալի ներազդեցությամբ։ Հանճարներն ու չարագործները հայ ազգի քաղաքական կյանքում միշտ անհամատեղելի են եղել։ Սակայն տաղանդն ու ստահակն այսօր էլ հանդես գալով նույն անձի մեջ, ազգապաշտ բարերարի ու հայրենասեր գործչի կերպարանքով են գործում՝ մեր մարդաճանաչողական թյուրատեսության ու օգտապաշտական կենցաղմտության հաշվին։ Դրա վառ օրինակներն են իրենց կուսակցություններով իշխանությունը կալմեջ արած այսօրվա օլիգարխները։

Ամեն անգամ պետք է վերստին, նոր լույսի տակ, իմաստասիրել մեր պատմության գորշ ու պայծառ էջերն ու դրանք ավելի պայծառ ճանաչողությամբ մաքրել արարչական հեքիաթասություններից։ Մեր ազգի ու հասարակության զարգացման ներքին օրենքներն ու հիմնարար սկզբունքների ճանաչողությունը մեզ թույլ կտա դրանք բարեփոխել ու մեր ազգային առաքելական ուղուց չշեղել ժողովրդին։ Լուսավորության ու կրթության ճանապարհով աշխարհաճանաչողությունը դրդում է ազգի հոգևոր աճը և նպաստում նրա անընդհատությանը, որն էլ պետք է դառնա մեր նոր ռազմարվեստն ու հավիտենարժեք գործը։ Գլոբալացումը կարող է տոհմազրկել մարդուն, եթե նրա մոտ ազգային ինքնագիտակցության կոնտուրները լղոզված են ամեն գնով քաղաքական ինքնահաստատման մղումներով։ Մեր նոր իշխանություններն իրենց վարած քաղաքականությունով պետք է օգնեն մեր ազգին նոր աշխարհում չմոլորվելու և իր անելիքն ու ճիշտ տեղը գտնելու գործում։ Միայն կաթսաներ թմբկահարելով ու քաղաքական ոգեկոչություններով իշխանությունը պայծառակերպել չես կարող։

Գ. Նժդեհը պնդում է, որ անհրաժեշտ է լուսավորել հայի ոչ միայն միտքը, այլև խիղճը։ ժամանակին Ռուսաստանում ազգային գաղափարն ավելի ընդգրկուն ծավալով է քննվել, ընդ որում` չշրջանցելով այդ բնագավառում ոչ հեռու անցյալի նվաճումները։ Դեռևս 1908թ. մայիսին Պետական դումայում իր ելույթով Ստոլիպինն արժևորել է ազգային գաղափարախոսությունը` հատկապես առանձնացնելով այն հանգամանքը, որ ազգային խնդիրները մոռացող ժողովուրդները ոչնչանում են, ազգային գաղափարախոսության պատմաիմաստասիրական հիմքերը դառնում են հող ու պարարտանյութ, որի վրա աճում և ամրապնդվում են ուրիշ, ավելի ուժեղ ժողովուրդներ։ Նույնն ավելի ընդգծված ձևով վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրին։ Մինչդեռ այսօր մեզանում ոչ միայն այդ ծավալով և այդպիսի խորությամբ հիմնահարցը չի քննարկվում պետական մաշտաբով, այլև նկատվում են հակառակ միտումներ. Հայաստանում նույնիսկ աշխարհաքաղաքացիության հրատապության խնդիրն է արծարծվում։ Մինչդեռ ռուս մտավորականության ներկայացուցիչներն ազգային արժեքների և իդեալների պահպանումը համարում են թշնամի ուժերին հակազդեցության հզոր զենք։ Այդ դրույթը պաշտպանվում է ոչ միայն անհատ մտավորականների, այլև քաղաքական կազմակերպությունների կողմից. ազգի հոգևոր ուժերի հզոր պաշարները համարվում են հատկապես ճգնաժամային պահերին փրկության ներուժ: Հատկանշական է, որ «Ռուսաստանի վերածնության մանիֆեստ» խորագրով ծրագրային փաստաթղթերի ժողովածուն կազմվել է՝ հիմք ընդունելով նշանավոր իմաստասերների (Ի. Իլյին, Ն. Բերդյաև, Կ. Լեոնտև, Վ. Սոլովյով և ուրիշներ) ժառանգությունը. ռուսական գաղափարախոսությունը, որպես կանոն, դիտվում է իբրև սովորույթների և արդի նվաճումների համադրություն:

Գ. լե Բոնը, Է. Ֆրոմը, Կ. Յունգը և ուրիշները գտնում էին, որ յուրաքանչյուր ազգի պատմություն հարկավոր է վերաշարադրել հատկապես ազգային հոգեբանության համատեքստում։ Ցավոք, Հայաստանում վերջին իրադարձություններից հետո, հայ մտավորականությունը ծպտուն չհանեց։ Հայկ Ասատրյանի երկերի «Հատընտիր» ժողովածուն 2004թ., հրատարակվել է ՀՀԿ-ի նախաձեռնությամբ: Սակայն այդ կուսակցության անունը ՀՀԿ-ականների կողմից օտագործվեց իշխանազավթության նպատակներով։ Մենք պետք է մեր արժեքների վրա կեղտ նետելու փոխարեն, մեր գործերով արժեքներ ավելացնեինք, բայց արի ու տես, որ մեր արժեքները մեր չարագործների կողմից օգտագործվել են որպես հմայանքի հուլունքներ։ Ցավոք, հայոց պատմությունը խճողված է նմանատիպ պատումներով։

Աշխարհակալ Տիգրան Մեծի ժամանակներում հայոց զինվորական բարոյականը հենվում էր սրբության ուխտի վրա։ Այնուհետև Մամիկոնյան զորականներն իրենց ճակատին կրեցին արիական ցեղի ամենամեծ նվիրումն ունեցող մեծագործության կնիքը։ Նրանց ազգագիտակցական նախաձեռնությամբ էր, որ կազմակերպվեց հին աշխարհում այնքան հռչակված հայկական այրուձին։ Հայը ամենավայրագ թոհուբուհի մեջ մնաց անխորտակելի` հավատարիմ իր առաքելությանը։ Բարոյապես թե իմաստապես հայը երբեք չկտրվեց Եվրոպայից, մնաց ոգու ժողովուրդ` տարածելով Արևելքում Եվրոպայի ոգին, բառը, գիրը, քաղաքական տեսիլքը։ Այս իմաստով Հայաստանը մնում էր հակամարտ երկու աշխարհների` Արևելքի և Արևմուտքի շփման կետում, որպես քաղաքակրթական փոխակերպիչ։

Նյութապաշտական վարդապետությունը հետխորհրդային Հայաստանում հողին հավասարեցրեց այն ամենը ինչից կառչելով, ինչով զինված լինելով անցել էինք մեր դարավոր ուղին։ «Պլատոնն իմ ուսուցիչն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է ինձ համար»,- գրում էր Արիստոտելը՝ բացարձակապաշտության միտվածությամբ։ Մենք բացարձակապաշտ չենք եղել, նորույթամերժ՝ առավել ևս և նորույթազոհ էլ չենք կարող լինել՝ մեր բունը հաստ է՝ թեքվել չենք կարող։ Այսօր, անգլո-ռուսական սուր մրցակցության պատճառով, խաթարվել է քրիստոնյա աշխարհի բարոյական համերաշխությունը։ Դրան նպաստում է նաև Արևմուտքի ոգու ընդհանուր անկումը։ Աշխարհում բնական գիտությունների բուռն զարգացման սլացքի մեջ իշխող դարձավ պրագմատիկ-իմաստամերժ իրապաշտությունը, որն իր հերթին բերեց աշխարհայեցության սառնություն և ներկայապաշտության։ Քրիստոնեությունը կորցրեց իր երբեմնի կենսազդեցությունը։

Եկեք նորից քիչ մը ետ նայենք. 19-րդ դարի վերջին, տասնամյակներ շարունակ, Ռուսաստանի օգնությունը հայցող հայ ժողովուրդը սառը ցնցուղ ընդունեց։ Այս անգամ կրոնապես պատվախնդիր ժողովրդի համար զարհուրելին ոչ թե թշնամուց կրած նահատակության տանջանքն էր, այլ հավատակիցների դավաճանության պատճառած ցավը։ Հայը լքված էր ինչպես Անգլիայի, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ Ռուսական բանակի նահանջից հետո զանգվածաբար Ռուսաստան մեկնող հայ գաղթականներին ռուս զինվորները սահմանին կանգնեցնում էին` պահանջելով հետ դառնալ ու մտնել Թուրքիայի երախը։

«Ի՞նչը կփրկի մեզ» հարցն ունի իր ակամա պատասխանը. մեր ցեղային գաղափարաբանական թերությունների սրբագրումը և ազգի կրթական ու լուսավորչական վերածնունդը, ներկայի խորհուրդն ու ապագայի աստղն անցյալի մեջ որոնելը։ Ազգային գիտակցություն կոչվածը ենթադրում է և՛ բնազդի, և՛ գիտակցության, և՛ անբանականի, և՛ բանականի ներդաշնակ միահյուսում, որով դրսևորվում է հարահոս կյանքն իր բոլոր հոլովույթներով։

Կար ժամանակ, երբ հայ եկեղեցին, հայ ազգն ի մի բերող աշխարհայեցողության դեր էր ստանձնել։ Դա մեր պատմության ամենակենսիմաստ հղացումներից մեկն է եղել։ Հայի կամքը երբ ածանցվել է ատվածայինին՝ միշտ փառահեղ հաղթանակներ է գրանցել։ Առանց էութենական խորքի իմաստ չունի մարդկային կամքը։ Որտեղ էության բարձր զգացում կա, այնտեղ կա գոյությունը բնազանցելու, այսինքն՝ աստվածայինով լցնելու պահանջ։ Այսօր սոցիալական այն բարեփոխությունները, որոնք կիրառվում են մեր երկրում, իրականում չեն բխում Հայաստանի ուրույն նկարագրից։ Ընդհանրապես սոցիալական վիճակն անցավոր է, կա միայն ոգու և արյան հավիտենականություն։ Ոգին ու արյունը կարող են կազմել գոյիմաստ աշխարհայեցողության հիմք և սոցիալական հեռահար ու ծավալուն, ազգանպաստ պետական ծրագրեր։ Խոսքն այն մասին է, որ տնտեսաքաղաքական մեր բոլոր խարխափումները պայմանավորված են հայկականորեն հիմնավորված պետական ծրագիր չունենալով։ Մեր ամեն ինչն իր վրա է վերցնում մի քանի տարով իշխանության եկած որևէ կլան-կուսակցություն։ Իշխանությունը ցուցադրաբար ականջալուր է լինում միայն ժողովուրդ-ամբոխին՝ արհամարհելով ժողովուրդ-մտավորականին։ Ցավն այն է, որ մեզ թվում է՝ մեր իրարահաջորդ իշխանությունների մոտ ազգայինի գիտակցումն է պակասում, այնինչ էականում նրանք ժողովրդավարությունն ու բաց հասարակությունը դավադրաբար օգտագործում են իրենց ժողովրդի դեմ։ Մեր պետությունը առևտրային գրասենյակից պետք է վերածվի ազգային ոգու ճեմարանի։ Առանց ոգու իմացության ճակատագրի դուռը բացում ենք հակառակորդ գոյամրցակցի կամքով։ Եթե այսօր տնտեսական գործոնը ճանաչենք որպես պետականության միակ շարժիչ ուժ և մասոնականության զոհը դառնալով, ներքաշվենք դիվանագիտական խարդավանքների մեջ, ուրեմն մեր պատմության, եթե ոչ վերջի, ապա ամենաողբերգական էջը գրած կլինենք։

Մենք արդեն հայտնվել ենք Ռուսաստանի կերակրափողում, ինչպես որ ողջ Անդրկովկասյան հանապետությունները։ Նա մեզ ծամել մանրացրել է և մեզանից պոկած պատառներով հյուրասիրել է իր մոնղոլ-թաթար ազգակցին։ Մենք պետք է ամեն գնով փորձենք կուլ չգնալ ու չմարսվել։ Դրա համար ունենք պատմական մեծ փորձ ու սփյուռք, որի հենարանն ու զինգործարանը պետք է դառնա նոր Հայաստանը։ Ուժեղից միշտ ուժեղը կա։ Մոտիկ ապագայում Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Ամերիկան ու Եվրոպան Չինաստանի տնտեսական կատոկի տակ են մնալու։ Չինական կտերն աշխարհն արդեն կերել է։

Բավականին մտահոգիչ հարց է այսօր ծագել՝ Սասնա Ծռերի հետ կապված։ Շատ ցանկալի է, որ մեր քաղաքական կյանքում սասնածռությունը փոխակերպվեր դավիթանհաղթության։ Քարայրն արդեն լքել է մեր Փոքր Մհերը՝ Նիկոլը, քանզի գարին արդեն դարձել է հանց մասուր, այսինքն՝ մեր ազգային խնդիրների գիտակցումն ու ճանաչողությունը կայացել է ու շուտով ծիլ կտա, եթե իշխանությունները կարողանան այն ջրել ու խնամել հայ մտավորականության և հասարակական արդարամիտ ու հայրենասեր գործիչների օգնությամբ։

Թող ոչ մեկը չմտածի, որ մեր քաղաքական կյանքը նորից կարող են գեհենացնել նախկին թափթփուկները։ Ողջ մտավորականությունն է ոտքի կանգնելու։ Թող նոր իշխանությունը ժամանակի հարցում մի քիչ թերանա՝ կարևորը նրա արդար ու ազգասիրական նպատակներն են։

Վահան Հարությունյան

«Գրավիտոն» գիտական կենտրոն

Մեկնաբանություն
X