Կառավարությունն արտոնություն է տվել հիմնադիր և տնօրեն չունեցող ընկերության (ֆոտո)

>

ՀՀ կառավարությունը օգոստոսի 30-ի նիստում որոշեց «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ին մաքսային եւ հարկային արտոնություն տալ։

Հարցը կառավարության նիստում ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Հիմնավորումն այն էր, որ ընկերությունը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ, ընդլայնում է իր հնարավորությունները, որի արդյունքում հնարավորություն է տալիս ավելի երկար ժամկետներ պահպանել հայկական մրգերը եւ բանջարեղենը, եւ ավելի լավ շրջանում արտահանում կազմակերպել: «5 մլրդ դրամի ներդրում է նախատեսված, որից միայն 240 մլն դրամն է, որ սարքավորումների ներմուծումն է: Նախատեսվում է, որ երեք տարում կստեղծվի 100 աշխատատեղ, միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Սա մեր գերակա ոլորտներին համապատասխանող ուղղություն է համարվում,որովհետեւ նպաստում է արտահանման ընդլայնմանը»,-ասել էր Արծվիկ Մինասյանը:

Hraparak.am-ը փորձեց պարզել, թե ինչ ընկերության մասին է խոսքը, ովքեր են դրա հիմնադիրները։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեսգիտրում փնտրեցինք «Արման ընդ պարտնյոր» ընկերությունն ու պարզեցինք, որ այն փաստացի այս պահին գործող որևէ հիմնադիր չունի։

Ընկերությունն ունեցել է երեք հիմնադիր, որոնցից երկուսը՝ Ուկրաինայից, մեկը՝ Հայաստանից, բայց երեքի մասնակցությունն էլ դադարեցված է։ Ստացվում է՝ կառավարությունը արտոնություն է տվել մի ընկերության, որը հիմնադիր չունի։ Պարզվում է՝ ընկերությունը նաև տնօրեն չունի, էլ չենք ասում՝ էլեկտրոնային հասցե և կայք։ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում այս ընկերության անվան տակ որևէ տնօրենի, ղեկավարի, անգամ մենեջերի անուն նշված չէ։ Նույնիսկ գործունեության նկարագիրը չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X