Եգիպտոսում սահմանափակվում է սոցցանցային ազատությունը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթըհ աս-Սիսին օրենք է ստորագրել, որով երկրի իշխանություններին լիազորվել է խստագույն հսկողություն իրականացնել սոցցանցային տիրույթում՝ այդպիսով սահմանափակելով սոցցանցային ազատությունը։ Այս մասին գրում է Mignews.com-ը։ Օրենքը երկրի պառլամենտի կողմից հստատվել էր դեռ այս տարվա հուլիսին։ Նշենք, որ համաձայն այդ օրենքի՝ ԶԼՄ-ների աշխատանքը կարգավորող Բարձրագույն խորհուրդը լիազորված կլինի հետեւել այն օգտատերերի գործունեությանը սոցկայքերում, որոնք ունեն ավելի քան 5000 բաժանորդ ունեցող բլոգ, օգտահաշիվ կամ կայք։ Խորհուրդը լիազորված կլինի արգելափակելու ցանկացած հրապարակում՝ լինի տեքստային լուսանկարի տեսքով, տեսանյութի կամ ձայնային տարբերակի տեսքով, որը կհամարի որպես կեղծ նորություն կամ կգտնի,որ այն ատելություն է տարածում, բռնություն է քարոզում կամ օրինախախտության տրամադրում։ Ինչպես մանրամասնում է Times Of Israel պարբերականը, նոր օրենքը հանդիսանում է խոսքի ազատությունը սահմանափակող միջոցառումներից մեկը համացանցում, որտեղ ակտիվորեն քննարկում են Եգիպտոսի նախագահին։ Նշենք, որ մեկ այլ օրենքով եգիպտական իշխանությունները կարող են դատարանի միջոցով հասնել համացանցային պարբերականների արգելափակմանը, եթե վերջիններիս հրապարակումներում հայտնաբերվեն այնպիսի տարրեր, որոնք սպառնալիք որակվեն եգիպտական ազգային անվտանգության համար։ Այս միջոցառումները Եգիպտոսի իշխանությունները համարում են անհրաժեշտ՝ ահաբեկչության դեմ պայքարելու եւ երկրում կայունությունը վերականգնելու համար։ Նշվում է նաեւ, որ մինչ այժմ արդեն 500 լրատվական կայքեր արգելափակվել են, իսկ օրինախախտները կամ բանտարկվել են կամ մեծագումար դրամական տույժի են ենթարկվել։

Մեկնաբանություն
X