Լոնդոնն ու Թեհրանը քննարկում են տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր

Մեծ Բրիտանիան եւ Իրանը առաջին անգամ այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգները դուրս է եկել Միջուկային գործարքի համաձայնագրից, բանակցություններ են վարել կառավարությունների մակարդակով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բրիտանական ԱԳ նախարար Ալիսթեր Բարթը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։ Բանակցությունների օրակարգում եղել են տնտեսական գործակցությանը, ինչպես նաեւ դրամական եւ ֆինանսական գործողությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հատկապես շեշտվել է այն մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը, որոնցով իրականացվելու են դրամա-ֆինանսական երկկողմ գործողությունները, ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքի պայմանագրից դուրս գալու եւ սանկցիաներ ընդդեմ Իրանի սահմանելուց հետո։ Reuters-ն էլ նշում է, անդրադառնալով այս բանակցություններին, որ նախարար Բարթը հայտարարել է, որ Թեհրանը կատարում է իր հանձնառությունները, որոնք ստանձնել է համաձայնագրով եւ Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ համաձայնագրի կողմնակից, քանի որ այն լավագույն տարբերակն է ռեգիոնում անվտանգությունն ու ապահով ապագան կառուցելու համար։ Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովը 18 միլիոն եվրոյի օգնության ծրագիր էր հաստատել Իրանի համար, որով նշված գումարը ուղղվելու էր երկրի տնտեսական եւ սոցիալական կայուն զարգացմանը միտված ծրագրերին։

Մեկնաբանություն
X