Հովհաննես Մանուկյանը լրատվական կայք է բացում. Ծովինար Խաչատրյանը՝ տնօրե՞ն

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ֆեյսբուքյան իր էջում նա հրաժեշտ է տվել իր ընկերներին, հայտնելով, որ մամուլի խոսնակին առնչվող հարցերին այսօրվանից ի պաշտոնե իրավասու չի պատասխանել: Թե ինչի հետ էր կապված աշխատանքից ազատումը և ինչ է պատրաստվում անել, մեր գործընկերը չի հայտնում, որևէ ճշտող հարցի չի պատասխանում:

Մինչդեռ, մեզ համար գաղտնիք չի, որ Ծովինար Խաչատրյանը հաճելի առաջարկ է ստացել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանից: Վերջինս պատրաստվում է լրատվական գործակալություն բացել՝ ArmDaily.am, որը, մեր միանգամայն ստույգ տեղեկություններով, ունենալու է Թի-ՎԻ հավելված և իրավական ուղղվածություն: Ծովինար Խաչատրյանը պատրաստվում է լրատվական գործակալության տնօրեն դառնալ։

Նախընտրական տարում լրատվական դաշտում բազմաթիվ «թիթեռնիկ»- կայքիկներ են բացվում լրատվական դաշտում «մուտիլովկեք» անելու հույսով, և քաղաքական գործիչների լրատվական ակտիվությունը անսպասելի չէ: Բայց ի՞նչ է փնտրում այստեղ հայտնի իրավաբանը, որը հեղինակավոր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում՝ եղել է տնտեսական գործերով դատարանի նախագահ, վճռաբեկի դատավոր ու նախագահ, արդարադատության նախարար, նաև Վրաստանում Հայաստանի դեսպանն է եղել:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ի համար «աշխատելը» առնվազն որպես արժանապատվության կորուստ կընկալվի հանրության կողմից, որը լավ է հիշում, թե ինչ սեքս-սկանդալի արդյունքում 2015 թվականին Մանուկյանը զրկվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Սեքս-սկանդալի մասին գրեց մամուլը, իսկ պաշտոնական բացատրություն Մանուկյանի հեռացման կապակցությամբ այն ժամանակ չհնչեց: Այնպես որ հազիվ թե Մանուկյանի ԶԼՄ-ն ծառայի նախկիններին: Ավելի հավանական է, որ այն տեղավորվի իշխանական, կամ մերձիշխանական ճամբարներում:

Ի դեպ, Մանուկյանի մամուլի խոսնակը արդարադատության նախարար եղած ժամանակ նույն Ծովինար Խաչատրյանն է եղել: «Շաբաթ օր է, և ինձ հարմար չէ հանրային հարցերին պատասխանելը, ինձ կներեք», - ասաց Հովհաննես Մանուկյանը, լսելով մեր հարցը նոր կայք բացելու իր ծրագրերի մասին: Անուղղակի հաստատում գտանք նրա ֆեյսբուքյան էջում: Գլխավոր նկարում նա ԶԼՄ-ի կարգախոս է գրել. «Говорим то, о чем другие молчат»: Հաշվի առնելով փակ գործելու և ինֆորմացիա չտալու Մանուկյանի հակումները, առաջարկում ենք ավելացնել. «И молчим, когда другие говорят»:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X