Յասմինա Ռեզայի թատրոնը Հայաստանում

Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք։

Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները։ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, և ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին:

Այդ առիթով տեղի կունենան մի շարք միջոցառումներ. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը: Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը /Ֆրանսիա/, Մարժոլեն Օժերը /Կանադա/ և Ժերալդ Բաբազյանը /Ֆրանսիա/:

Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում /ուսանողների համար/ և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /պրոֆեսիոնալ դերասանների համար/: Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան: Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով:

Կթարգմանվի և Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի «ԱՐՎԵՍՏ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

ԼՈՖԹ-ում կցուցադրվի Ռեզայի «ԿՅԱՆՔԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ» պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ «Սպանդի Աստվածը»՛ բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաև վարպետության դասընթացներ:

Մեկնաբանություն
X