Եթե մասնակցում ենք ընտրություններին, չե՞նք նպաստում հեղափոխության ավարտին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինք է կազմել «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հետ։ Դաշինքը կոչվում է «Երեւանցիներ», ցուցակը գլխավորում է Արարատ Զուրաբյանը, երկրորդ հորիզոնականում ՀՀՇ-ական Դավիթ Առաքելյանն է, երրորդում՝ անկուսակցական Գագիկ Գյանջյումյանը, չորրորդում՝ Անահիտ Եղոյանը։ «Հայոց հայրենիքը», ինչպես ՀՀՇ-ն, 2008թ․ շարժման ժամանակ ՀԱԿ-ի կազմում էին, հետո հեռացան։ Անահիտ Եղոյանը մի ժամանակ համագործակցեց անվանափոխված «Օրինաց երկիր» կուսակցության հետ, որը հանդես էր գալիս որպես «Հայկական վերածնունդ», հիմա էլ ՀՀՇ-ի հետ է դաշինք կազմել։

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը նշում է, որ ցուցակում պահպանել են համամասնությունը, կան նաեւ անկուսակցականներ։ «Հայոց հայրենիք»-ի հետ ՀՀՇ-ն, ըստ մեր զրուցակցի, դաշինք է կազմել, քանի որ անցել են համատեղ ճանապարհ, ծրագրերի նմանություն ունեն, նաեւ ընտրազանգվածին միավորելու խնդիր ունեն։ Հարցին, թե որ քաղաքական ուժին են համարում մրցակից, Կարեն Կարապետյանը պատասխանեց․ «Մրցակցություն չի նշանակում լինել հակադիր կողմերում եւ հակամարտել, այլ ապահովում է նաեւ ժողովրդավարության սկզբունքները։ Կարծում եմ, ընտրությունները կկայանան բարեկամական մթնոլորտում եւ քաղաքական ուժերը կտեսնեն միմյանց ոչ թե որպես մրցակիցների, այլ գործընկերների»։

ՀԱԿ-ը նախընտրեց չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, հայտարարեց, որ սատարում է իշխանություններին, որպեսզի հեղափոխությունն ավարտին հասցնի։ Ինչո՞ւ ՀՀՇ-ն որոշեց մասնակցել, հնարավո՞ր չէր սատարել գործող իշխանություններին։ «Խնդիրը հեղափոխությունն ավարտին հասցնելը չէ։ Հարցը կարծես ենթատեքստ ունի։ Ստացվում է, որ ցանկացած քաղաքական միավոր, որ հայտ է ներկայացնում մասնակցելու ընտրություններին, չի՞ նպաստում հեղափոխության վերջնական ավարտին։ Յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է մասնակցել ընտրություններին։ Եթե մենք որոշել ենք, որ Հայաստանում հաղթեն ժողովրդավարական արժեքները, ապա այդ արժեքների մեջ է մտնում քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը։ Մենք հարգում ենք այն քաղաքական ուժի որոշումը, որը սատարում է մեկ այլ կուսակցության։ Բայց մենք , ելնելով մեր ծրագրերից, որոշեցինք մասնակցել ընտրություններին, եւ այդտեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X