«Ոչ պրոֆեսիոնալ» լրագրողը՝ Իրավունքի Կորիֆեյներին

ԲԴԽ-ն որոշել է լրագրության դասեր տալ ինձ: Մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Ես, պարզվում է, չգիտեմ, որ բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ մարմին է, որ որոշումներն այնտեղ Գագիկ Հարությունյանը չի ընդունում: Այ-այ-այ: Հիմա հիշեցնե՞մ, թե Հայաստանում քանի կոլեգիալ մարմիններ կան, որոնց որոշումները տարիներ շարուանակ ընդունվել են միանձնյա:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ԿԸՀ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, տարատեսակ հանձնաժողովներ և խորհուրդներ՝ նույն մարդկանց փայտիկի տակ պարող մի ամբողջ երկիր, ու այդ մարդկանցից մեկը եղել է Գագիկ Հարությունյանը: Սա՝ թեմայից դուրս, իսկ բուն թեման ԶԼՄ-ների համար կանոններ մշակելն է: «Դատավարության ընթացքում նյութը հրապարակելու նպատակահարմարության վերաբերյալ գործը քննող դատավորի դիրքորոշումը վճռորոշ է», - գրում են իրավունքի գերպրոֆեսիոնալ Կորիֆեյները:

Հարգելի Կորիֆեյներ, մի փորձեք լրացուցիչ իրավական կարգավորումներ մոգոնել մեզ համար: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե ամեն նորաստեղծ պետական մարմին մի նոր իրավական ակտ հաստատեր՝ իր կանոնները մեզ թելադրելով, ինքը որոշեր, թե երբ և ինչ պետք է մենք հրապարակենք իր գործունեության վերաբերյալ: Գուցե, ձեր ձեռքերը քոր են գալիս ու անպայման մի բան ուզում եք մշակա՞ծ լինեք, անունը դնելով «հրապարակայնության և տեղեկություններ ստանալու իրավունքի արդի խնդիրներին համահունչ պատշաճ իրավական մշակույթի ձևավորում»:

Այդ դեպքում կարող եք ձեր մամուլի ծառայությունների համար կանոնադրություն, շրջաբերականներ, հրամաններ մշակել, և նրանց միջոցով ինչքան ուզում եք, «արդի խնդիրներին համահունչ» մշակույթ ձևավորեք: Մանավանդ, որ դատավորները մեր «ամենաչխոսկան» կոնտինգենտն են:

Ի դեպ, այդ կոնտինգենտի մեջ է նաև Գագիկ Հարությունյանը: Ես իմ 24 տարվա լրագրողական ստաժի ընթացքում չեմ հիշում, որ նա գոնե մի հասարակ ասուլիսի մեզ հրավիրած լինի: Գնահատելով մամուլի հետ հարաբերություններ ստեղծելու նրա ուշացան և անհեթեթ ճիգերը՝ այնուամենայնիվ ստիպված ենք հորդորել. մի փորձեք կանոններ թելադրել լրագրողներին գոնե այն պատճառով, որ չորրորդ իշխանությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է, իսկ դատականը՝ ոչ: Ձեր սխալների ուղղումը լրագրողների հետ հարաբերություններում, դատարաններում նրանց աշխատանքի պայմանների բարելավումը իրականացրեք լուռ, անաղմուկ: Հավատացեք, մենք կգնահատենք ձեր ջանքերը:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X