Ո՞վ է հովանավորում Սարյանի կտավների կեղծարարությունը միջազգային աճուրդներում

Նախօրեին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, տեղեկացրեց, որ իր մոտ հայտնվել է Մարտիրոս Սարյանի նկարների հետ կապված մի գրություն, որտեղ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տվել է եզրակացություն, որ դրանք բնօրինակն են, ավելին՝ առկա է եղել նաեւ Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի ստորագրությունը: Բայց փաստաթղթի հետ մեկտեղ եղել է նաեւ մեկ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուզան Սարյանը տեղեկացրել է, որ նկարները բնօրինակները չեն, եւ իր ստորագրությունը նույնպես կեղծված է։ Այս գրությունից հետո նախարարությունը փաթեթն ուղարկել է դատախազություն:

Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը, հանդիսանալով վարպետի հեղինակային իրավունքի ժառանգներից մեկը, արդեն երկար ժամանակ պայքարում է Սարյանին վերագրվող կեղծիքների դեմ։ Իսկ զեղծարարությունների շղթան սկսվել է այն պահից, երբ պատկերագրքերի մեջ սկսել են տեղ գտնել կեղծիքներ, որոնք ունեին ՄՆ-ի փորձագիտական կենտրոնի կողմից տրված դրական եզրակացությունները։

Ստիպված լինելով այդ կեղծիքներից պաշտպանել ոչ միայն Սարյանի արվեստն ու ժառանգությունը, այլ նաեւ իրեն՝ Ռուզան Սարյանը դեռ Արմեն Ամիրյանի օրոք դիմել է նախարարությանը՝ տեղյակ պահելով, թե իրենց տնտեսությունում ինչ է կատարվում, չէ՞ որ փորձագետները կոչված են հենց այն բանին, որ նախարարները վստահեն նրանց կարծիքը, մինչդեռ տարիներ շարունակ տեղի է ունեցել հակառակը՝ ՊՈԱԿ-ը տվել է դրական եզրակացություններ՝ կեղծիքներին ընձեռելով կանաչ ճանապարհ։ Ավելին, ինչպես ընդգծում է Ռուզան Սարյանը, փորձագիտական կենտրոնը երբեւիցե չի էլ հերքել, որ նման եզրակացություններ է տվել․ «Երբ առաջին անգամ խոսեցի պարոն Ամիրյանի հետ, նա շատ մեծ ըմբռնումով վերաբերվեց եւ ցանկանում էր իրավիճակը փոխել։ Բայց հետո հասկացա, որ դա ավելի բարձրից է հովանավորվում, եւ Ամիրյանն ուղղակի ի վիճակի չէր փոխել իրավիճակը հենց իր առընթեր ՊՈԱԿ-ում։ Այս ամբողջ պրոբլեմը ժառանգեց տիկին Մակունցը եւ ընթացք տվեց՝ հասկանալով, որ մեկին-երկուսին գործից ազատելով՝ խնդիրը չի լուծվի, որովհետեւ այդ ՊՈԱԿ-ը հանդիսանում է միայն մեկ օղակը զեղծարարության այն շղթայի, որը զբաղվում է արվեստի գործերի խեղաթյուրմամբ եւ միջազգային բնույթ է կրում»։

Ռուզան Սարյանը կեղծիքները հայտնաբերել է միջազգային աճուրդների կայքերում՝ http://www.tiauctions.com/, https://www.shapiroauctions.com/։ Սրանք կայքեր են, որտեղ, ըստ նրա, երբեք օրիգինալ Սարյան չի վաճառվել, բայց, զարմանալիորեն, այդտեղ ցուցադրված Սարյանի կեղծ նկարներից մի քանիսին կցված է եղել ՄՆ-ի փորձագիտական ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը։ Ռուզան Սարյանը վերջին կեղծիքը հայտնաբերել է անցած տարի՝ աճուրդներից մեկի ժամանակ, որտեղ, ի թիվս այլ փաստաթղթերի, Սարյանի տուն-թանգարանի ձեւաթղթի վրա առկա է եղել նաեւ իբր իր կողմից հաստատված կեղծիքը․ «Ընդ որում՝ դա մեր թանգարանի Սովետական Հայաստանի ժամանակվա ձեւաթուղթն է, կնիքը՝ Հայաստանի Հանրապետության, իսկ նման ստորագրություն ես ընդհանրապես չեմ ունեցել։ Եթե նրանք ավելի խելոք մարդիկ լինեին, ինձ ավելի դժվար կլիներ ապացուցել, որ ես նման թուղթ չեմ ստորագրել»։

Դրանից հետո իրենք՝ Սարյանի հեղինակային իրավունքի ժառանգները, նամակ են գրել ամերիկյան աճուրդին՝ խնդրելով կայքից հեռացնել կեղծիքները, բայց նամակը մնացել է անպատասխան։ Հաջորդիվ դիմել են նաեւ մշակույթի նախարարությանը, որ գոնե նրանք միջազգային աճուրդից հետ կանչեն նկարը, բայց դա էլ չի արվել։ Ռուզան Սարյանը միայն կարողացել է հասնել այն բանին, որ այդ կեղծ նկարը վաճառքի չհանվի․ «Ասում ես՝ կեղծիք է, հանեք, քեզ ասում են՝ ես ունեմ ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր ՊՈԱԿ-ի թուղթը, դու ո՞վ ես, որ խոսում ես»։

Նա նկատում է՝ սա մի պրոցես է, որից չեն կարող զերծ մնալ նկարիչները, ինչքան մեծ է նկարչի հռչակը, այնքան ավելի շատ են նրան կեղծում․ «Եթե Պիկասոյին, նրա հեղինակությանն այլեւս դժվար է ինչ-որ բանով վնաս պատճառել, այդ թվում՝ նման կեղծարարություններով, ապա Սարյանը դեռ պոստֆակտում պետք է իր արժանվույն տեղը գրավի, որովհետեւ իրեն արհեստականորեն այս պրոցեսի միջից հանել է երկիրը»։

Ռուզան Սարյանն ասում է՝ Սարյանին վերագրվող կեղծ նկարներն արվում են՝ բոլորովին անտեղյակ լինելով վարպետի կենսագրության մանրամասներին, այս կամ այն շրջանի ոճական առանձնահատկություններին։ Վերցվում է ոչ թե Սարյանի կողմից ստեղծված նկարը եւ նույնությամբ նմանակվում, այլ նրա մի քանի նկարներից տարբեր էլեմենտներ եւ շատ անճաշակ համադրվում․ «Ակնհայտ է, որ Սարյանի պես վարպետը նման կոմպոզիցիա չէր ստեղծի՝ անճաշակություն, տեխնիկայի բացարձակ չտիրապետում, որի հեղինակ արհեստավորը փորձում է ոտք մեկնել Սարյանի հետ՝ նմանակելով նրան ու դնելով իբր նրա ստորագրությունը։ Այդպես խաղում են Սարյանի հեղինակության հետ, նրա արվեստի վարկն են գցում, եւ դա արվել է մի կառույցի կողմից, որը կոչված էր պաշտպանել մեր արվեստը նման ոտնձգություններից։ Սա է խայտառակությունը։ Պատվիրատուն կարող է ապրել Մոսկվայում, նկարիչը՝ Պետերբուրգում, արվեստաբան էքսպերտը՝ Երեւանում, իսկ նկարը վաճառվի Ամերիկայում։ Այսինքն, այստեղ մեկին գործից հանելով՝ հարցը չի լուծվի»։

Այս զեղծարարությամբ զբաղվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ շատ հայտնի ռուսաստանյան թանգարաններ, օրինակ՝ Պետերբուրգի Ռուսական թանգարանը, Տրետյակովյան պատկերասրահը։ «Մարդիկ են, որ չես էլ հասկանում՝ այդ ե՞րբ դարձան Սարյանի արվեստի փորձագետ, այնպիսի բաներ են ստորագրում, որ խենթանալ կարելի է։ Այսինքն՝ եթե մենք այստեղ շտկենք իրադրությունը, Ռուսաստանն ավելի ակտիվանալու է։ Թիրախավորել Սարյանի թանգարանը, որ այստեղից հնչած կարծիքը պրոֆեսիոնալ չէ, եւ նման թղթերով նաեւ իմ հեղինակությունը գցելը, դա էլ է մտնում իրենց ծրագրերի մեջ, սա է վիճակը՝ շատ ցավալի, որովհետեւ մեր հայրենակիցները գոնե նման բաներով չպետք է զբաղվեն»,- ասում է վարպետի թոռնուհին ու նկատում, որ միայն կյանքը ցույց կտա՝ ընթացող նախաքննությունը լույս կսփռի՞ այդ օղակի վրա, թե՞ ոչ։

Կեղծիքների փաստն ավելի ակնառու դարձնելու համար Ռուզան Սարյանը ցույց է տալիս ՄՆ-ի փորձագիտական ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը՝ կցված Սարյանի կեղծ նկարին։ Իսկ կեղծ նկարները շատ են․ «Աբու լեռը եւ անցնող ուղտերը» նկարի կեղծիքը Ռուզան Սարյանը մանրամասնորեն վերլուծել է, որը, ըստ նրա, այնքան անտաղանդ է արված, որ կեղծիքը միանգամից ակնհայտ է դառնում։ Նա հստակորեն թվարկում է, թե որ նկարներից ինչ էլեմենտներ են տեղ գտել կեղծված տարբերակում, ապա նկատում է, որ 1921 թ․ նկարված ուղտը չէր կարող հայտնվել 1912թ․ արված նկարի մեջ․ «Դա անհնարին է։ Մեկ այլ՝ «Իշուկը՝ դեղձենիների այգում» կեղծված կտավում իշուկին նայելիս այնպիսի տպավորություն ես ունենում, թե նա ճյուղի վրա է կանգնած, այսինքն՝ բացահայտ անգրագիտություն»։

Ռուզան Սարյանն իր զարմանքն է հայտնում, թե ինչու փորձագետները չեն համագործակցում, չեն խորհրդակցում իրենց տուն-թանգարանի հետ, երբ ամբողջ ինֆորմացիոն բազան այդտեղ է։ «Եթե ճշմարտությունը ձեր վերջնակետն է, ինչո՞ւ մի անգամ չեք փորձել մեզ հետ խորհրդակցել, ուրեմն դա ձեզ պետք չէ, դուք շատ լավ գիտեք, թե ինչին եք տալիս դրական եզրակացություն։ Լավ, թանգարան չեք դիմում, գոնե Պատկերասրահ դիմեք, մի՞թե չեք տեսնում, որ այս նկարը Պատկերասրահում առկա գործն է»,- ասում է Սարյանն ու մատնանշում «Աբու լեռը եւ անցնող ուղտերը» կտավը։

Նա առիթ է ունեցել նաեւ փորձագիտական խմբի անդամների հետ զրուցել, ասում է՝ որպես հիմնավորում, իրեն ասել են․ «Դու ոչինչ չես հասկանում Սարյանի արվեստից, կամ էլ ցինիկաբար ասում են՝ Սարյանն այնքան թույլ գործեր է նկարել, որ այս գործերն իրեն պատիվ են բերում»։ Ապա հավելում է, որ կան նաեւ ազնիվ փորձագետներ, ովքեր, սակայն, իրենց հեռու են պահում, խուսափում են այս մաֆիայի հետ գործ ունենալուց։

Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն, արվեստաբան Լիլիթ Սարգսյանն ասում է, որ թեեւ 2 ամիս է աշխատում, բայց այս խնդրի մասին դեռ վաղուց է քաջատեղյակ, եւ սա իր համար մտահոգիչ հարց է։ Ինչ վերաբերում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներին, ապա այս պահին դեռ ոչինչ չի արվել, որովհետեւ այսօր իր գործառույթները կախված են ուժային մարմինների գործառույթներից։ «Ինձ համար խնդիրը պարզ է, բայց ես առայժմ որեւէ կերպ պաշտոնապես հանդես չեմ եկել, քանի որ մեր ՊՈԱԿ-ի գործունեության կարգն այնպիսին է, որ մեզ պետք է դիմի որեւէ մարմին կամ անհատ, որպեսզի մենք իրավասու լինենք հարցեր բարձրացնել։ Ես ինքս էլ եմ մտահոգ, թե ինչու այս հարցով դեռեւս մեզ չեն դիմում, որովհետեւ եթե դիմեն, իմ լիազորությունները շատ ավելի հստակ ու լայն կլինեն»,- ասում է Լիլիթ Սարգսյանն ու շեշտում, որ փորձագիտական դաշտի մաքրությունը, անաչառությունն իր համար առաջնային խնդիրներ են, եւ Սարյանի գործերի շուրջ այս աղմուկը շատ լավ առիթ է, որպեսզի սկսեն գլոբալ բարեփոխումներ իրականացնել փորձագիտական դաշտում։

«Երբ մեզ դիմեն ու ասեն՝ խնդրում ենք, նորից Սարյանի գործերը դրեք փորձաքննության, այդ ժամանակ ես՝ որպես տնօրեն, փորձագետների հատուկ հանձնախումբ պետք է հավաքեմ, բայց քանի դեռ չեն դիմել, ես որեւէ իրավական հիմք չունեմ գործելու համար։ Ես նույնիսկ չգիտեմ՝ այդ գործերը կա՞ն, թե՞ չկան, մենք միայն աղոտ լուսանկարներն ունենք, պետք է այդ գործերը գտնեն, առգրավվեն, բերեն Հայաստան, հանձնեն մեզ, որ մենք կարողանանք փորձաքննություն անցկացնել, իսկ դրանք նախ Ինտերպոլով պետք է փնտրվեն՝ աշխարհով մեկ՝ պարզելու համար, թե որտեղ են այդ գործերը հիմա։ Այս դեպքում իմ կողմից կարող եմ հայտարարել, որ միանշանակ անաչառ փորձաքննություն տեղի կունենա»,- ասում է Լիլիթ Սարգսյանն ու ենթադրում, որ միգուցե ԱԱԾ-ն պետք է իրենց դիմի այդ փորձաքննության անցկացման հարցով, բայց դեռ չեն դիմել, եւ տեղյակ էլ չէ, թե այդ գործի վարույթն ինչ ընթացքում է․ «Զուտ հեռախոսազանգով, ոչ պաշտոնապես մեզ արդեն դիմել էին Նարեկ Սարգսյանի մոտից բռնագրավված Սարյանի գրաֆիկաների հարցով, եւ մենք ամենայն պատրաստակամությամբ ասացինք, որ կանցկացնենք այդ փորձաքննությունը, թեպետ այս դեպքում օրիգինալության վրա որեւէ կասկած չկար, բայց ԱԱԾ-ն, չգիտես ինչու, լռեց, ու էլի մեզ չդիմեցին, որն ինձ մոտ որոշ մտահոգություններ է առաջացնում գուցե պարզապես ընթացքն է ձգձգվում։ Սպասենք՝ տեսնենք»։

Ո՞րն է պատճառը, որ տարիներ շարունակ ՊՈԱԿ-ը փորձագիտական եզրակացություններ է տվել կեղծ նկարների, կոմպետենտության հարց կա՞, թե՞ խնդիրն ավելի մեծ է, քան թվում է։ «Դա իրոք ցավոտ հարց է, եւ միայն Հայաստանը ներքաշված չէ այդ կեղծիքների պատմության մեջ։ Կեղծիքներ միշտ եղել են, ու դժվար է դա կանխելը, թեպետ այսօր կան ուժեղ տեխնոլոգիաներ․ ցավոք, մեր ՊՈԱԿ-ն այդ տեխնիկական միջոցներին չի տիրապետում, որովհետեւ դրանք շատ թանկ սարքավորումներ են, բայց կոնկրետ Սարյանի դեպքում լավ, փորձառու մասնագետին պետք չէ հզոր տեխնիկա ունենալ՝ Սարյանի օրիգինալը կեղծիքից տարբերելու համար»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X