Ի պատասխան մեր հրապարակման

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի «Գագիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում «զբաղվել» մամուլով» վերտառությամբ հրապարակման՝

Հարկ ենք համարում նշել, որ լրատվության միջոցների հետ դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի փոխհարաբերության կանոնները մշակելու նախաձեռնության հիմքում դրված են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, այն է՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներն իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կանոններին համապատասխան, ինչպես նաև 89-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոնները:

Հաշվի առնելով այդ փաստաթղթի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ԲԴԽ-ի կողմից մշակված նախագիծն անցնում է հանրային քննարկման փուլ. այն ուղարկվել է տարբեր լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների, տեղադրված է նաև դատական իշխանության պաշտոնական կայքում:

Առնվազն տարօրինակ է ու մտահոգիչ, որ «Հրապարակ» օրաթերթի փորձառու լրագրող Սյուզան Սիմոնյանը, ծանոթանալով նախագծին, ավելին՝ իր մոտ առաջացած հարցերի շուրջ զրուցելով նախագծի հեղինակներից ԲԴԽ գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանի հետ, այնուամենայնիվ, մնացել է թյուրըմբռնման տիրույթում՝ համառորեն «չճանաչելով» վերոնշված պարզ ճշմարտությունները: Ավելին՝ լրագրողն իրեն իրավունք է վերապահել շրջանցել ևս մի պարզ իրողություն, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է: Իրականության հետ աղերս չունեցող վերնագիր հորինելով` ակամա թյուրընկալում է ստեղծել ընթերցողի մոտ: Առնվազն՝ պրոֆեսիոնալ չէ, հարգելի լրագրող:

Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներից ակնկալում է պրոֆեսիոնալ և կառուցողական քննարկումներ, դիտարկումներ և կարծիքներ:

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանություն
X