ՇՊՀ պատմության մեջ ամենաերկար նիստն ու կառավարման խորհրդի նոր որոշումը

Երեկ կայացել է Շիրակի պետական համալսարանի նորընտիր հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Նիստը տևել է աննախադեպ երկար՝ 7 ժամ: Ներկաների խոսքերով` ընդամենը 15 րոպե ընդմիջում է եղել, որից հետո կրկին անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Քննարկման է դրվել 3 հարց՝ ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություններ եւ ռեկտորի պարտականությունները կատարողի հրաժարականի դիմումի քննարկում:

ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդի նիստը փոփոխության է ենթարկել ռեկտորի ընտրության կանոնակարգը: ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետը փոփոխվել է հետեւյալ բովանդակությամբ. «Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհ-ում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ»:

Նկատենք, որ այս փոփոխությամբ ռեկտորի պաշտոնին կարող են հավակնել շատերը, քանի որ նախկին կանոնակարգով ռեկտորի չափանիշներին համապատասխանում էին հաշված թվով անձինք: Նախկինում ՇՊՀ ռեկտոր կարող էր առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ուներ գիտական աստիճան և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքի ստաժ:

ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկացնում է, որ ՇՊՀ ռեկտորի ընտրության նիստը դռնբաց է, որը նախագահելու է խորհրդի նախագահը: Նիստն այնքան թափանցիկ է լինելու, որ սրահում կարող են գտնվել նաեւ ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամները եւ սովորողները, իսկ նիստի հեռարձակմանը ՇՊՀ շենքի այլ սրահում կարող է հետեւել ցանկացած անձ:

Նշենք, որ ՇՊՀ ռեկտորի թեկնածուների անուններ այս պահին դեռ չեն շրջանառվում, սակայն մեծ հավանակություն կա, որ ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը մասնակցելու է ընտրությանը: Ի դեպ, երեկ օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում էր ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի պարտականությունները կատարողի հրաժարականի դիմումին: Ե.Սերոբյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, եւ դիմումի դրդապատճառները, այդ թվում՝ ՇՊՀ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ժգնաժամի պատճառները, լուծումների բարդությունը, ՇՊՀ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ այլն հանգամանքեր: Խորհուրդի անդամներից մի քանիսը առաջարկել եւ հորդորել են նրան շարունակել կատարել ռեկտորի պարտականությունները մինչեւ ռեկտորի ընտրությունները:

Ավելացնենք, որ Երվանդ Սերոբյանը համարվում է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմը եւ այդ պատճառով նրան դեռևս չի հաջողվում ամբողջությամբ շահել բուհի ողջ անձնակազմի վստահությունը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X