Ի՞նչը պետք է մերժել նոր Հայաստանում

Հեղափոխության եւ հակահեղափոխության, հին եւ նոր համակարգերի միջեւ պայքարի թեման չի իջնում մամուլի էջերից։ Իշխանափոխությունից հետո, սեպտեմբերի 23-ին, տեղի են ունենալու Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնց՝ ազատ եւ արդար անցկացնելու հետ շոշափելի հույսեր են արթնացել հանրության մեջ։ Սակայն ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելը դեռ բավարար պայման չեն հին համակարգին հրաժեշտ տալու եւ նորը ստեղծելու համար։ Հին համակարգն այս ընտրություններում էլ փորձում է վերարտադրվել նոր անուններով, նոր գործող անձանցով, որոնք կրկնում են նախորդներին։ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ինը կուսակցություն եւ չորս դաշինք։ Նրանցից ոմանք հին, երկար ճանապարհ անցած քաղաքական ուժեր են, ոմանք՝ նորաստեղծներ, ոմանք հանրությանը հայտնի են իրենց վաղեմության շնորհիվ, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ն, ոմանք իրենց ակտիվ գործունեության շնորհիվ, ինչպես, օրինակ, «Ժառանգություն»-ը, «Երկիր ծիրանի»-ին, «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքները։ Այս ֆոնին կան քաղաքական ուժեր, որոնք իրենց մասին սոսկ հիշեցնելու նպատակով են մասնակցության հայտ ներկայացրել, ինչպես, օրինակ, ՀԺԱՄ-ը, «Հայք», «Ժողովրդավարական ուղի» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությունները։

Անհայտ է, թե Երեւանի ավագանիում տեղ չգտնելու դեպքում ինչո՞վ են զբաղվելու այս քաղաքական ուժերը, ի՞նչ քաղաքական ծրագրերով են հանդես գալու, ինչո՞վ են փորձելու հանրությանն ապացուցել իրենց ՕԳԳ-ն քաղաքական դաշտում։ Կամա թե ակամա նրանք այս կերպ փորձում են վերակենդանացնել հին համակարգը, երբ տարիներ շարունակ բազմաթիվ կուսակցություններ մասնակցում էին ընտրություններին՝ արտաքուստ ստեղծելով ժողովրդավարության պատրանք, սակայն այդպես էլ չէին դառնում այլընտրանք մյուս քաղաքական ուժերին։ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին հետեւողները կհիշեն, թե քանի անգամ են ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվել Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, Արամ Գ․ Սարգսյանը, քանի տոկոս են հավաքել ու դրանից հետո էլ շարունակել իրենց «աննահանջ» պայքարը քաղաքականության մեջ։ Կհիշեն նաեւ, թե որպես կանոն, այդ թեկնածուներն ամեն ընտրությունից հետո ինչ հարաբերություններ են կառուցել հաղթած եւ ՀՀ նախագահ ընտրված թեկնածուների հետ, ինչ դիրքորոշումներով են հանդես եկել, ինչ հետագիծ թողել քաղաքական կյանքում։

Նշված քաղաքական գործիչներն այսօր հայտնվել են քաղաքական իրադարձությունների լուսանցքում, գուցեեւ չեն խաղում էական ու որոշիչ դեր, հանրությունն էլ նրանց մասին հիշում է հումորով։ Կարծում ենք, նրանց ճանապարհն ընտրած քաղաքական ուժերին էլ կարճ ժամանակ անց սպասվում է նույն ճակատագիրը։ Սակայն խնդիրը մնում է ոչ այնքան հին համակարգի՝ փյունիկի պես վեր հառնելը, այլ նոր համակարգի ստեղծումը։ Կուսակցությունները, որոնք ժամանակին դժգոհում էին ՀՀԿ-ի մենաշնորհից, որոնց անդամները հալածվում էին ընդդիմադիր հայացքների համար, որոնց գրասենյակները թեժ պայքարի շրջանում իշխանությունների հրահանգով ենթարկվում էին իրավապահների հարձակմանը, լուրջ վերափոխումների կարիք ունեն։ Եվ Երեւանի ավագանու, ԱԺ ընտրությունների ժամանակ նրանք պետք է մտածեն ոչ թե պատկառելի, 100-150 հոգանոց ցուցակներ կազմելու, ներկայացնելու մասին, որոնցում տեղ կգտնեն նաեւ քաղաքական կյանքից հեռու մարդիկ, այլ ծրագիր ներկայացնելու։

Անգամ մշակույթի ոլորտում հայտնի գործիչներին, ՀԿ ակտիվիստներին նախընտրական ցուցակներում ներառելը դրանք չի դարձնում գրավիչ, եթե այդ ամենի հետեւում ընտրողը չի տեսնում որոշակի ծրագիր, քայլեր, փոփոխությունների հեռանկար։ Վերափոխման կարիք ունեն քաղաքական այն կուսակցությունները, որոնց տասնամյակներ շարունակ ղեկավարել են նույն անձինք՝ խոչընդոտելով սերնդափոխությանն ու ներքին ժողովրդավարությանը եւ առաջնորդվելով հնացած պատկերացումներով։ Բրեժնեւյան ժամանակների ոգով մեկ անձի կողմից ղեկավարվող կուսակցությունները պետք է «ռեստարտ» արվեն։ Հասունացած փոփոխությունների անհրաժեշտությունն ուշ թե շուտ բախելու է նրանց բոլորի դռները։ Եվ հին համակարգը միայն այդ ժամանակ կարող է քայլ առ քայլ նահանջել՝ լոզունգայինից իրական դարձնելով Նոր Հայաստանի կարգախոսը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X