7500 այցելու օգտվել է սպասարկման երկու կետից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանում այժմ գործում է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կետ: Առաջինը բացվել է հունիսի 16-ին՝ Նալբանդյան 2/1 հասցեում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգու սկզբնամասում, իսկ երկրորդը՝ հուլիսի 6-ին՝ Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում (Ֆրանսիայի հրապարակին կից): Դրանք սպասարկում են մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին ամեն օր՝ ժամը 10:00-22:00-ն: Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետում այցելուներին անվճար տրամադրվում են Երևանի բազմալեզու քարտեզներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն պարսկերեն), տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցներ՝ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:

Ամռան ընթացքում նշված կետերից օգտվել է ավելի քան 7500 այցելու աշխարհի 60 երկրներից: Բացի այն երկրներից, որոնք մշտապես ապահովում են Երևան քաղաքի զբոսաշրջիկների զգալի հոսքը (օրինակ՝ ՌԴ, Իրան, Հնդկաստան, Արաբական ծոցի երկրներ և այլն) հյուրերի հոսք է գրանցվել նաև եվրոպական երկրներից (Շվեյցարիա, Հունգարիա, Դանիա, Ավստրիա), ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, ինչպես նաև Հարավային Աֆրիկայից:

Մեկնաբանություն
X