Բաքվի մտադրությունը լու՞րջ է

Սեպտեմբերի մեկին Սոչիում տեղի կունենա ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ: Ըստ արարողակարգի, դա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցն է Ռուսաստան, որի նախօրեին պաշտոնական Բաքուն հանդես է եկել բավական նշանակալի հայտարարությամբ:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը չի հերքել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության մտադրության մասին մամուլի տեղեկությունները: Նա ասել է, որ այդ թեմայով հավելյալ մեկնաբանությունների հարկ չի տեսնում, իսկ ինչ վերաբերում է այդ դեպքում Հայաստանի կողմից վետոյի կիրառմանը, ապա ադրբեջանցի պաշտոնյան ասել է հետեւյալը. «Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ, այնտեղ կան այլ երկրներ եւս»:

Դրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ արդեն իսկ խորհրդատվություններ է անցկացրել եւ հավաստիացել, որ նրանք կպաշտպանեն իր թեկնածությունը: Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Պուտին-Ալիեւ հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել մի շարք միջպետական եւ միջգերատեսչական փաստաթղթեր, իսկ բանակցությունների օրակարգում ընդգրկված են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ինչպես երեւում է, Ռուսաստանի գլխավորության եվրասիական կառույցներին ինտեգրվելու Ադրբեջանի մտադրության մասին փորձագիտական քննարկումներն այնքան էլ հիմնազուրկ չեն, եւ սեպտեմբերի մեկի Պուտին-Ալիեւ հանդիպումը կարող է հանգրվանային լինել: Մանավանդ որ արդեն հայտնի է, որ ՀԱՊԿ քարտուղարությունում քննարկվում են դաշինքի ասոցացված անդամի եւ դիտորդի իրավական կարգավիճակին վերաբերող հարցեր:

Մեկնաբանություն
X