Մարզպետի հետ հանդիպման եկածները խմած էին

Մի քանի օր առաջ Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը, բողոքում էին համայնքների խոշորացման գործընթացի դեմ և պահանջում առանձնացնել համայանքները: Ավելի ուշ՝ ճանապարհը բացելուց հետո, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը պետք է այցելի այդ համայնքներ՝ տեղում պարզելու խնդիրները:

Նշենք, որ hraparak.am-ի հետ զրույցում Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն էլ վստահեցնում էր, որ բողոքողները համայնքների նախկին ղեկավարներն ու նրանց ազգականներն են, ովքեր խոշորացումից հետո մնացել են անգործ: Շիրակի մարզպետը երեկ շրջել է խոշորացված համայնքի գյուղերով, բայց, ինչպես մարզպետարանի կայքն է հայտնում, Շիրակ գյուղում մարզպետարանի պատվիրակությունը մեծ հիասթափություն է ապրել. «Մարզպետի հետ հանդիպման եկածները խմած էին, չգիտեին՝ ինչ էին պահանջում, ո՞րն էր բողոքի հիմնական պատճառը: Պարզ դարձավ մի բան: Գյուղացիների մի ստվար մաս տեղեկացված չէին հենց համայնք հասկացությունից, ոչ մեկը չէր այցելել համայնքային կենտրոն, բայց բոլորը դժգոհում էին տեղեկանք ստանալու խնդրից, որն, ինչպես պարզվեց, տալիս է հենց վարչական պատասխանատուն: Կամոյում նույն խնդիրն էր, այն տարբերությամբ, որ գյուղացիները խմած չէին:

Այստեղ ևս պարզ երևում էր վարչական ղեկավարի դեմ լարվածությունը, ով երկար տարիներ եղել է նույն համայնքի ղեկավար: Գյուղացիները տեղյակ չէին, որ իրենց գյուղում 75 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզ է կառուցվելու շուտով, մի քանի օրից շինարարի մրցույթն է լինելու: Շատ զարմացան: Կառնուտում վիճակը հանգիստ էր, այնտեղ հիմնականում մանկապարտեզի խնդիր կար, որն այս տարի լուծում չի ստանա, բայց հաջորդ տարվա համար կմտածեն սուբվենցիոն ծրագիր: Հովիտում նույն միջանձնային խնդիրն էր, որն ուղեկցվում էր ջուր և ճանապարհ չունենալու բողոքներով, ինչը միանշանակ չի եղել խոշորացումից առաջ էլ:

Պարոն մարզպետը հանձնարարեց ցանկապատել ջրի ակունքը և հնարավորինս հարթեցնել ճանապարհը, ինչը հետո բնակիչները խոստովանեցին, որ երկու անգամ միայն այս տարի է հարթեցվել: Բասենում համայնքի նախկին ղեկավարը նույնպես շեշտը դրեց ոչ թե անձերի, այլ հենց խոշորացման վրա՝ ներկայացնելով իր ինը տարվա պաշտոնավարման ընթաքցում կատարած աշխատանքները: Մարզպետի այն հարցին, թե դեմ լինելով խոշորացման գործընթացին, այնուամենայնիվ ինչո՞ւ առաջադրվեցիք, և եթե ընտրվեիք, կրկին պետք է բողոքեիք խոշորացման գործընթացի դեմ, պարոն Համլետ Պետրոսյանը այդպես էլ չպատասխանեց:

Ջրառատը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չուներ ոչ մի խնդիր, ճիշտ է բնակիչների որոշ մաս բողոքել էին հողերի հետ կապված, բայց հարցը լուծվել է, շուտով կհայտարարվեն մրցույթներ և պարզ կլինի, որքանով էին արդարացի նախկինում երբեք վար ու ցանք չարած բնակիչների բողոքները՝ հողերի հետ կապված: Նույն նորմալ վիճակը Այգաբացում էր: Արևիկում էլ կային խնդիրներ, բայց դրանք ոչ անձերի հետ էին կապված, ոչ էլ՝ խոշորացման: Բնակիչներն առաջարկում էին ընդամենը, որևէ ծրագիր իրականացնելուց առաջ լսել իրենց կարծիքը՝ հետո կայացնել որոշում որքան էլ այն լավը լինի »,-հայտնում են մարզպետարանից՝ տեղեկացնելով, որ մարզպետն այցելության ավարտին համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին հորդորել է հնարավորինս շատ այցելել բնակավայրեր, հանդիպել եւ զրուցել բնակչների հետ, իրազեկել նրանց, թե որտեղ ինչ աշխատանքներ են արվում:

Իրականում Ախուրյանին միացած 7 համայնքի բնակիչները բաժանվել են երկու մասի: Մի մասը նախկին ղեկավարների հետ միասին պահանջում է խոշորացումից դուրս գալ, մյուսը մասը կողմ է խոշորացմանը՝ թվարկելով նկատելի փոփոխությունները: Բողոքողներն իրենց հիմնավորումներն են անում. «Ի՞նչն է փոխվել, մե հատըմ եկեք,ճամփեքը նայեք, հեսա անձրևներն եկան, հեչ չես էլ կըրնա գեղից դուրս գաս, փոխվել է, բա չի փոխվել: Խմելու ջուրն ի՞նչ է, գեղ կա, չունեն, էղավ մե տարի, էդ հարցերն ինչը՞խ է չեն կըրնա լուծեն»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Կամոյի բնակիչը: Բասենում ոտքի է ելել ամբողջ համայնքը. «Նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է բոլորին համոզել , որ այդպես լավ է, բայց ես չեմ կարող չնշել գոնե մի բան, որ խոշորացումից հետո մեր մանկապարտեզի վարձն է նվազել, ձմռանը ջեռուցվում է, դա ի՞նչ է՝ քի՞չ է »,-ասաց Բասենի բնակչուհիներից մեկը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X