Այսքան նույնակա՞ն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Սպուտնիկ Արմենիային, որտեղ նոր իշխանություններին տվել է երկար տարիներ Ռուսաստանի դեմ հանդես եկողի, այս տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ որեւէ առնչություն չունեցող ծրագիր ունեցողների, ռուսական ռազմաբազան հանելու գաղափարի կրողի, ԵԱՏՄ-ն քննադատողի որակումներ:

Ըստ Քոչարյանի, կառավարության ներկա թիմում չկա մեկը, որ անցյալում չի եղել այլ աշխարհաքաղաքական մոտեցումների կրող: «Բոլորն ավելի շատ արեւմտյան, ՆԱՏՕ-ակեն, գրանտներից օգտված մարդիկ են, այլ սերնդի, ավելի երիտասարդ, միգուցե այլ մոտեցումներ ունեցող, բայց, այնուամենայնիվ, այդ տեսակետից եւս կասկածներ առաջացնող»- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի իշխանություններին նման բնութագրումներ անում են նաեւ ռուսական քաղաքագիտական եւ քաղաքական որոշակի շրջանակներ: Բայց տվյալ դեպքում ավելի հետաքրքրականն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հեռարձակելուն զուգահեռ haqqin.az-ը հանդես է եկել ծավալուն խմբագրականով, որտեղ քննարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը եւ, բնականաբար, անդրադարձ է արվում նաեւ հայ-ռուսական հարաբերություններին:

Ահա թե ինչպես է հարցը դիտարկում ադրբեջանցի մեկնաբանը. «Հայաստանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Եւ այդ հրապարակային վիրավորանքները ոչ մի դեպքում անպատասխան չեն մնալու: Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի քաղաքացիական դիմակայության, քաղաքական կրախի եւ սոցիալական կոլապսի: Հայաստանի կառավարությունը գիտակցաբար խոչընդոտում է ռուսամետ ռազմաքաղաքական դաշինքի ընդլայնմանը: Եւ դա, բնականաբար, Մոսկվայում ընկալվում է որպես բացահայտ դավաճանություն»:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին Ռոբերտ Քոչարյանը նույն տեղում ասել է, որ եթե իշխանությունները փորձում են ամեն անգամ շեշետել դրանց լավ լինելը, նշանակում է խնդիրներ կան: Նրա կարծիքով, բավարար չի գնահատվում իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը: Նույն գաղափարն է զարգացնում նաեւ ադրբեջանցի մեկնաբանը: Հարցն այն է, թե ինչու՞ իրավիճակի գնահատման հարցում Հայաստանի երկրորդ նախագահի եւ ալիեւյան ռեժիմի սպասարկու լրատվամիջոցի մոտեցումներն այսքան նույնական են: Մի՞թե աղբյուրը նույնն է՝ պաշտոնական Մոսկվան:

Մեկնաբանություն
X