Որտե՞ղ է Հանրային նոր խորհուրդը

Վարչապետի նշանակումից հետո 1-ամսյա ժամկետում պետք է ձեւավորվեր Հանրային նոր խորհուրդը։ Ըստ օրենքի՝ վարչապետը պետք է ներկայացնի խորհրդի 15 անդամներին, որոնք սահմանված ժամկետում պետք է ձեւավորեն Հանրային խորհրդի 15 հանձնաժողովները, իսկ արդեն ձեւավորված հանձնաժողովներն էլ պետք է իրենց հերթին ընտրեն հանձնաժողովի նախագահին՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։ Չնայած մեկամսյա ժամկետը վաղուց արդեն խախտվել է, գրեթե 4 ամիս է, ինչ նոր Հանրային խորհուրդ չի ձեւավորվում, բայց դեռեւս հայտնի էլ չէ, թե ովքեր են վարչապետի առաջադրած 15 անդամները։

«Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն ներկայացնում է Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում իր ներկայացուցչին՝ ներկայացնելով նաեւ դիմում, նրա կենսագրությունն ու այդ անձի համաձայնությունը։ Վարչապետի ներկայացրած 15 անդամները հաստատում են դիմումները, հետո վարչապետը հրամանագրում է հանձնաժողովների անդամներին։ 15 հանձնաժողովների անդամներն էլ իրենց հերթին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին։ Վարչապետի նշանակած 15 անդամներն ու հանձնաժողովների ընտրված նախագահներն էլ միասին ընտրում են Հանրային խորհրդի մյուս 15 անդամներին՝ այդպես ձեւավորելով 45 անդամից բաղկացած Հանրային խորհուրդը»,- մեզ Հանրային խորհրդի ձեւավորման կարգին ծանոթացրեց ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Մենք տեղեկություններ ունեինք, որ գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցանկություն չի հայտնել ընդգրկվել նոր Հանրային խորհրդում։ Նրան հարցրինք այդ մասին, պատասխանեց, որ դրա վերաբերյալ պետք է խոսել միայն 15 հոգու անունները հրապարակելուց հետո․ «Եկեք այդ հարցը հանենք, երբ որ կառավարության նիստի ժամանակ 15 հոգու անունները հրապարակվեն, այդ ժամանակ կարող ենք խոսել այդ թեմայի շուրջ, այս պահին սրանով վերջացնենք»։

Վազգեն Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե որն է պատճառը, որ Հանրային խորհուրդն այդքան ուշ է ձեւավորվում։ Նա ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, քանի որ կառույցը վարչապետի ղեկավարության ներքո է, ուստի կապվեցինք վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հետ։ «Անցումային շրջանի հետ կապված օրենսդրական խնդիրներ կային, օրենսդրական նորմերի հետ կապված նրբություններ կային, որոնք բերել են դրան»։

Հավելենք, որ Հանրային խորհուրդը պետական քաղաքականության մշակման եւ իրականացման գործում ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացման, պետական եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանման քննարկման, առաջարկությունների ներկայացման, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձեւավորման, ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու գործառույթ ունի։

Մեկնաբանություն
X