«Աչքալուսանք» ընտրակեղծարարներին․ կառավարությունը խստացնում է պատժամիջոցները

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունն Ազգային ժողով է ուղարկում Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ փոփոխությունների նախագիծ, որի ընդունմամբ ընտրական գործընթացն առավել վերահսկելի կընթանա, քանի որ առաջարկվում է ընտրական հանցագործություններից շատերը դասել ծանր հանցագործությունների շարքը, ի տարբերություն գործող օրենքի, որը դրանք դիտարկում է որպես միջին ծանրության հանցագործություններ։

Երեկ կառավարության նիստում այն ընդունվեց եւ կքննարկվի սեպտեմբերի 6-ի ԱԺ արտահերթ նիստում, որ հասցնեն ընդունել մինչեւ ավագանու ընտրություններ։ Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կողմից՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ։ Այս փոփոխությունները նախատեսվում էր ներկայացնել Ընտրական օրենսգրքի մեկ փաթեթով, սակայն Երեւանի ավագանու ընտրությունների համար այն առանձնացվել եւ ավելի վաղ է ուղարկվում խորհրդարանի հաստատմանը։

Առաջարկվում է փոփոխել ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտմանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը, համաձայն որի՝ անձը կամ անձանց խումբը, ովքեր ընտրական իրավունքն իրականացնելու եւ մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ վնաս պատճառելով կամ վնաս պատճառելու սպառնալիքով կխոչընդոտեն այցելուին, լիազոր ներկայացուցչին, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչին, վստահված անձին, դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին կամ տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին, կդատապարտվեն 4-6 տարվա ազատազրկման՝ ներկա օրենսդրությամբ գործող 3-5 տարվա փոխարեն: Այն «կազմակերպված խմբերը», որոնք կփորձեն կեղծել ընտրությունների արդյունքները, կփորձեն փոխել, անվավեր ու չսահմանված նմուշի դարձնել ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարները, կդատապարտվեն 4-8 տարի ժամկետով՝ ներկայիս 3-5 տարվա փոխարեն: 4-6 տարվա պատիժ է սահմանվում կեղծ տվյալներ հայտնելու դեպքում, եթե դա արվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից:

Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածը լրացվում է նոր դրույթով, որը նախատեսում է 100 հազարից մինչեւ 200 հազար դրամ տուգանք այն ընտրողների համար, ովքեր դիտավորությամբ բաց են քվեարկել կամ բարձրաձայն ասել են, թե ում օգտին են քվեարկել: Փոփոխություններ են նախատեսված Քրեական օրենսգրքի՝ ընտրակաշառքին եւ ընտրությունների ժամանակ բարեգործություն իրականացնելուն վերաբերող դրույթներում: Գործող օրենսդրությամբ պատժվում է միայն ընտրակաշառք տալը կամ վերցնելը, նոր նախագծով առաջարկվում է ընտրությունների ժամանակ կաշառք ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկն ու խոստումն ընդունելը պատժել 500 հազարից մինչեւ 700 հազար դրամի չափով տուգանքով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով: Կաշառք առաջարկողների, խոստացողների ու տվողների համար՝ 3-4 միլիոն դրամի չափով տուգանք կլինի կամ ազատազրկում 3-5 տարի ժամկետով: Ազատազրկման նույն պատժաչափը կկիրառվի նաեւ այն դեպքերի համար, եթե ընտրողին պարտադրել են քվեարկել ինչ-որ մեկի օգտին կամ դեմ` գույքին վնաս պատճառելով կամ վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Իսկ եթե նույն արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կպատժվի 4-7 տարվա ազատազրկմամբ: Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ ընտրողներին արտոնյալ կամ անհատույց կերպով դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ այլ ապրանքներ տալը եւ խոստանալը եւս պատժվում են 3-4 միլիոն դրամ տուգանքով կամ 4-6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը, մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X