Քաղաքացիական այս գիտակցությունը ինձ ստիպեց ավելի շատ սիրել Հայաստանը (տեսանյութ)

Երեկ ոստիկանները ուժ գործադրեցին Հյուսիսային պողոտայի՝ ուկրաինացի երաժիշտներից մեկի նկատմամբ։ Թեման բուռն քննարկվեց սոցցանցում։ Այսօր ոստիկանապետը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, ասաց, որ ոստիկանների գործողությունները օրինաչափ են եղել, իսկ երաժիշտները գտնվել են ոչ սթափ վիճակում։ Մեզ հաջողվեց զրուցել նաև երաժիշտներից Կուլիկ Իլիայի հետ, ում նկատմամբ ոստիկանները ամենադաժանը գտնվեցին։ Իլյայի խոսքով՝ միջադեպը հարթվել է, և որևէ ազդեցություն չի ունեցել հայերի մասին իրենց կարծիքի վրա․

«Մեզ, մասնավորապես, ոչինչ չպարզաբանեցին, այսինքն՝ մեղադրանքը, հետո բաց թողնելիս ցույց տվեցին 145-րդ հոդվածը՝ հասարակական կարգի խախտման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ տարաձայնությունները հարթված են, ես խոսեցի ոստիկանապետի հետ, ձեռք սեղմեցինք, հետո ես պաշտոնապես ճշտեցի, թե կարելի է հիմա էլի նվագել փողոցում, մենք ճշտեցինք, որ մինչև ժամը 23։00-ն ՝ չգերազանցելով ձայնի սահմանված բարձրությունը»։

- Ոստիկանապետը ասաց, որ Դուք ոչ սթափ վիճակում եք եղել, ի՞նչ կասեք։

-Ես ինձ պատշաճ եմ պահել, գուցե ես խմած եմ եղել, բայց դա պատճառ չէ, և դա առաջին պատճառը չէ, որ ինձ բերման են ենթարկել։ Ավելի շուտ առաջին պատճառը դրանից մեկ օր առաջ էր եղել, քանի որ մենք այս գործը սկսել էինք փողոցային երաժիշտների իրավունքների խախտումների դեմ պայքարելու համար, և նրանք գուցե ինձ ճանաչել էին, որովհետև ես ունեմ բավականին նկատելի կանաչ մազեր, և գուցե այդ ապատճառով հնչեց՝ «սկզբից կանաչին բռնեք» արտահայտությունը, դրա համար ինձ արագ և կոշտ «փաթեթավորեցին»։

- Ինչքա՞ն ժամանակ է, ինչ Հայաստանում եք։

-2 ամիս։

- Պատրաստվում եք էլի մնա՞լ, այս դեպքը որևէ կերպ ազդե՞լ է ձեր պլանների վրա։

-Ոչ, իհարկե՝ ոչ։ Ասեմ ավելին՝ հասարակական աջակցությունը, այս քաղաքացիական գիտակցությունը ինձ ստիպեց ավելի շատ սիրել Հայաստանը, այդ ամենը շատ հաճելի է։ Ես ավտոստոպով ճանապարհորդում եմ, նվագում եմ փողոցում՝ այդպես վաստակելով իմ հացը, գնում ենք տարբեր տեղեր՝ երկիրը տեսնելու, օրինակ՝ Սևան, Տաթև, Խնձորեսկ, շուտով կգնանք Գյումրի, Գառնի և այլն։

- Ոստիկանապետը կոնկրետ ի՞նչ ասաց Ձեզ։

-Նա փորձում էր, ոնց ասեմ․․․

- Ձեզնից ներողություն խնդրե՞ց։

-Ոչ, իհարկե՝ ոչ, չէ՞ որ նա ոստիկանապետն է, այդպես չի լինում, նա ուղղակի ճշտեց, թե ինձ մոտ ամեն բան կարգի՞ն է, ոստիկանության աշխատակիցների մասով բողոքներ ունե՞մ, և , ինչպես Դուք հարցրիք, ազդե՞լ են այս միջադեպերը հայերի և Հայաստանի մասին մեր կարծիքի վրա։ Ես ի սրտե ասացի, որ ոչ, որովհետև չի ազդել։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X